Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքեցին Սեյրան Օհանյանին բողոքեց՝ եթե այդքան լավն ես եղել, ինչի՞ քեզ չենք ճանաչել, չես ներկայացել

Մարտ 14,2017 15:25

Վայքում ՕՐՕ դաշինքի քարոզարշավն էր: Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ մենք գնացել ենք մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ. «25 տարի մեր քաղաքական էլիտան չի փոխվել: Ընտրությունները ժամանակակից աշխարհում հենց դրա նպատակն ունեն, որ թարմություն մտցվի մեր կյանքում, թարմ գիտելիքներ, որ երկիրը տանեն առաջընթաց: Եկել է պահը արմատական փոփոխությունների, մենք դանդաղ չենք կարող շտապել, պարտավոր ենք թռիչքային փոփոխություններ անել, թռիչքային աճ ապահովել: Մենք այդ փորձառությունն ունենք: Խոստանում ենք երկրում արդարության մթնոլորտ հաստատել, ջախջախելու ենք հուսալքության մթնոլորտը»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ իր ընկերները հաճախ իրեն հարցնում են, թե բա քեզ պե՞տք էր դա: Բայց, ըստ նրա, վիճակը կրիտիկական է, կամ իրենք հաղթում են, կա՛մ երկիրը հետընթաց է ապրում:

Վայքի բնակիչներից մեկը բողոքեց, թե լրիվ խոստումներ են տալիս, բայց ոչինչ էլ չեն անում, ինքը 4 երեխա ունի, 70-նն անց կին է, մնացել է մենակ, բոլորը դրսում են. «Ինչի՞ գործարանները փակեցին»: Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ «Գործարանների համար կան պատասխանատուներ: Այդ գործարան աշխատեցնողները եղե՞լ են այստեղ, ձեր առջեւ հաշվետվություն տվե՞լ են, պատասխանե՞լ են: Իսկ այն տեղերում, որտեղ ՊՆ նախարարն է պետք եղել, գնացեք սահմանամերձ գյուղեր, հարցրեք՝ ես եղե՞լ եմ, թե՞ չեմ եղել: Գնացեք դիրքեր, զորամասեր»:

Վայքեցին բողոքեց՝ եթե այդքան լավն ես եղել, ինչի՞ քեզ չենք ճանաչել, չես ներկայացել: Սեյրան Օհանյանը ժպտաց. «Որովհետեւ, մայրիկ ջան, ես զբաղվել եմ իմ պաշտպանության խնդիրներով: Թոշակիդ խնդիրները լուծելու ենք, մայրի՛կ»:

Արմեն Մարտիրոսյանն էլ միջամտեց, ասելով, որ մայրիկը սխալ հասցեով է բողոքում. «Դրա համար ձեզ ասում ենք՝ ՀՀԿ-ին չընտրեք, ՀՀԿ թեկնածուներին մի ընտրեք, ինչքան էլ լավ մարդ լինեն, ձեր բարեկամը լինեն: Որ թեկնածուին ընտրեք՝ այդ ձայնը գնում է Սերժ Սարգսյանին, դա հիշեք: Կամ դուք պետք է փորձեք փոխել իրավիճակը, հիմա որ տատին ասում է՝ 4 երեխա ունեմ, ոչ մեկը կողքս չի, մենակ եմ, դա բոլորիս է վերաբերվելու: Բոլորի երեխաներն էլ գնալու են, տանը մենակ ենք մնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031