Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը Երեւանի բնապահպանական խնդիրների մասին. «Նորմայի մեջ են» (Տեսանյութ)

Մայիս 10,2017 19:11

Ի՞նչ  կարծիք ունի հանրապետության գլխավոր բնապահպանը Երեւան քաղաքի շրջակա միջավայրի, բնապահպանական խնդիրների մասին. Aravot.am-ն այս մասին հետաքրքրվեց բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանից:

Ըստ նախարարի. «Մենք խնդիր ունենք օդային ավազանի աղտոտվածություն էլ ավելի նվազեցնելու եւ մաքուր տեխնոլոգիաներ կիրառելու, ինչը, պետք է ասեմ, որ Երեւանի քաղաքապետարանի հետ հաջողված մի քանի մոդելներ ունենք, արդեն իրականացրել ենք: Այդ թվում նաեւ կլիմայի փոփոխությունների համատեքստում միջազգային դրամաշնորհային ծրագրերով»:

Նախարարը, որպես ծրագրի իրականացրած  մի հատված նշեց Իսակով պողոտայի լույսերի փոփոխությունը. «Մենք նաեւ ուզում ենք, որպեսզի կանաչապատ տարածքները ընդլայնման աշխատանքներ իրականացնենք ոչ միայն Երեւանում»:

Մեր դիտարկմանը՝ ոչ թե իրականացվելիք, այլ՝ մայրաքաղաքի բնապահպանական ներկայիս իրավիճակն ինչպիսի՞ն է, նախարարն այսպես արձագանքեց. «Ինքը նորմաների մեջ է գտնվում»:

Ապա նախարարն ավելացրեց՝ «Եթե ձեր հարցի նպատակն այսօրվա քաղաքական, նախընտրական գործընթացի մեջ ինչ-որ պատկերացում ներկայացնել է, ավելի լավ է ուղիղ հարցը տվեք»:

Մենք նախարարին փորձեցինք հավաստիացնել՝ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, ընդամենը բնապահպանության ոլորտի պատասխանատուի եւ երեւանցու կարծիքն էր անհրաժեշտ:

Մինչդեռ, նշենք, քաղաքի բնապահպանական խնդիրները միայն կանաչապատումը չէ, ակնկալվում էր, որ նախարարը կանդրադառնա օրինակ՝ Երեւանում մոտ 30 բաց հանքերի շահագործմանն ու դրանց ազդեցությանը մայրաքաղաքի շրջակա միջավայրի վրա, սակայն՝ Մինասյանն այս մասին ոչինչ չասաց, պատճառաբանելով՝ ասուլիսն ավարտված է:

Մանրամասներն` տեսանյութում

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հայտարարել է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում կսատարի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. «Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031