Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է

Մարտ 13,2018 22:00

Լիբերալ-դեմոկրատիան, ըստ մի շարք քաղաքագետների, իր պատմության մեջ երրորդ ճգնաժամն է ապրում, եւ այդ ճգնաժամը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական: Այն աստիճանի, որ թերահավատ եւ ծանծաղամիտ, ինչպես նաեւ թերուս եւ բարդույթավորված առաջնորդներին հնարավորություն է տալիս իրենց նախապաշարված հասարակություններին համոզել, որ լիբերալ-դեմոկրատիան այլեւս մեռած է, եւ դրա փոխարեն եկել են նրանք՝ անփոխարինելիները:

Նրանց ընդունված է համարել ամբոխավար, ավտորիտար: Նրանք իրոք այդպիսինն են եւ ընկալվում են այդպիսին, երբ սկսում են աղբանոցից դուրս հանել իրենց նախորդների կմախքները եւ թափահարել ծափահարող ինքնագոհ ամբոխի առաջ: Այնուհետեւ տպավորությունն ուժեղացնելու համար նրանք սկսում են համոզել, որ այդ կմախքները ողջ են, «ողջերի մեջ ամենաողջը»:

Ամեն բան մնում է նման դժբախտ երկրի սահմաններում, եթե այն փոքր է եւ կայսերական նկրտումների հիմքեր չունի: Սակայն եթե երկիրը մեծ է, այն էլ նախկին կայսրություն, որի կորուստը մինչ օրս մարսված չէ, իսկ հասարակության մեջ ընկալումները, թե բոլոր հարեւանները շանորդի են, «տեռորիստ» կամ «տեռորիզմ սատարող», եւ միայն իրենք են «բարոյական», ապա հարցը բարդանում է: Մանավանդ, երբ հարեւանները քո համեմատ եւ փոքր են, եւ թույլ, եւ երբեք քեզ վրա չեն հարձակվել, իսկ հակառակը՝ որքան ուզեք:
Իսկ հետո հերթը գալիս է «փոքրիկ հաղթական պատերազմի», որը կոչում ես, ասենք, «պայքար տեռորիզմի դեմ», «պայքար սեպարատիզմի դեմ», բայց ոչ հենց պատերազմ: Եվ երբ իրերն իրենց անուններով կոչելու ընդունակությունը կորցրած միջազգային հանրությունը դրա վրա էլ է աչք փակում, իսկ սեփական «մեծությունից» հարբած ամբոխը պահանջում է «դոզան» մեծացնել՝ մանավանդ, երբ ընդդիմախոսներիդ արդեն հազարներով հասցրել ես լցնել բանտերը, եւ միջազգային հանրությունը դրա վրա էլ է աչք փակում, իսկ քո տիպի առաջնորդներն արդեն քեզ սկսում են յուրային եւ «լավ տղա» համարել, ապա իրավիճակը նման մուտացիայի պարագայում դառնում է չափազանց վտանգավոր:

Հենց այս մուտացիան է վերապրում Թուրքիան՝ պրոբլեմ դառնալով թե՛ իր, թե՛ հարեւանների, թե՛ միջազգային հանրության համար:

Սա մի սովորական դուրսպրծուկ չէ, այլ ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի հարավարեւելյան թեւի առանցքային դերակատար, որն, ըստ ռացիոնալ պատկերացման, պետք է դառնար նաեւ ՆԱՏՕ-ի ռազմավարության հաղորդիչը թե՛ Կովկասում, թե՛ Մերձավոր Արեւելքում: Սակայն իրականությունն ավելի բարդ է: Թուրքիան ոչ միայն այդ հաղորդիչը չէ, այլեւ ամենամեծ գլխացավանքներից մեկը՝ Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում: Դա էլ բավարար չէ՝ վերածվել է լրջագույն սպառնալիքի Հունաստանի եւ Բուլղարիայի համար, դեստրուկտիվ դերակատարություն ստանձնել Արեւմտյան Բալկաններում:
Թուրքիան ոչ միայն չի միացել ԱՄՆ եւ ԵՄ պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի, այլեւ առանձին սիրախաղ է սկսել նրա հետ՝ փորձելով քիթը մտցնել Կովկասյան տարածաշրջան:

Սա այլեւս այն Թուրքիան չէ, որը կանխատեսելի էր, «հանրապետական», «աշխարհիկ», «Եվրոպա ձգտող» եւ այլ «առաջադիմական» պիտակները շռայլորեն իր վրա փակցրած: Այսօրվա Թուրքիայում Աթաթուրքի բոլոր վեց «նետերը» կոտրված եւ մի կողմ են շպրտված, բանակն այլեւս Էրդողանի բութ գործիքն է, նա բարեկամացել է թուրք ֆաշիստների հետ, եւ ի նշանավորումն այդ «անխախտ դաշինքի»՝ նա ձեռքով հրապարակայնորեն ցուցադրում է թուրք ֆաշիստների, այսպես կոչված՝ «գորշ գայլերի» նշանը, վանկարկելով՝ «Մեկ ժողովուրդ, մեկ դրոշ, մեկ պետություն, մեկ հայրենիք»: Նա «համեստորեն» չնշեց իր համար ամենակարեւոր բաղկացուցիչը՝ «մեկ առաջնորդ», եւ պատկերը կամբողջանա, ինչպես հայտնի եֆրեյտորի մոտ՝ «Ein volk, ein reich, ein fuhrer»:

ՆԱՏՕ-ի անդամ եւ Թուրքիայի հարեւան Հունաստանն այսօր տագնապի մեջ է: Հույն առաջատար ռազմական եւ միջազգային հարաբերությունների փորձագետներն արձանագրում են, որ Թուրքիան Հունաստանի դեմ սանձազերծել է հիբրիդային պատերազմ:

Աթենքի համալսարանի պրոֆեսոր Իոաննիս Մազիսը նշում է, որ թուրքական քաղաքականությունը դարձել է ավելի ագրեսիվ, ավելի սադրիչ ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանում, ոչ միայն ընդդեմ Հունաստանի, որ նախագահ Էրդողանը «մաքրել» է իր քաղաքական հակառակորդներին եւ «ստեղծել տոտալիտար իրավիճակ»: Ըստ հույն պրոֆեսորի՝ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ տարածաշրջանի երեք «ենթահամակարգերի»՝ կենտրոնական եւ արեւմտյան Բալկաններ, Էգեյան ծովի ու Թրակիայի տարածաշրջան եւ Դոդեկանեսյան կղզիներ ու Կիպրոս:

Ուշագրավն այն է, որ ավանդաբար լինելով ՆԱՏՕ-ի ամենառազմականացված պետությունը, ունենալով ռազմական համագործակցության պայմանագրեր Եգիպտոսի եւ Իսրայելի հետ՝ այնտեղ չեն խոսում Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի մասին: Այդ հոդվածը չի կանոնակարգում մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի մեկ անդամը կարող է հարձակվել մյուսի վրա: Տվյալ դեպքում ուղղակի սպառնալիքներն արդեն բարձրաձայնվում են Թուրքիայում. Էրդողանի սրտով չէ ներկայիս թուրք-հունական սահմանը, իսկ նրա ընդդիմախոս, քեմալական Քըլըչդարօղլուն նրանից հետ չի մնում՝ կոչ անելով ընտրողներին իրեն ձայն տալ, որպեսզի նա «կարողանա» պատերազմ սկսել ընդդեմ Հունաստանի: Սա արդեն ամբոխահաճություն չէ, սա արդեն ֆաշիզմ է եւ փաստ, որ Եվրոպայի նախկին «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է:

Սա պետք է ահազանգ դառնար միջազգային հանրության, Եվրաատլանտյան հանրության համար, սակայն, ինչպես տեսնում ենք, լռություն է տիրում:

Հունաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության՝ Ազգային պաշտպանության քոլեջի (Hellenic National Defence College) դասախոս Յորգոս Ֆիլիսն ուրբաթ օրը հայտարարել է. «Թուրքիայի հետ հարաբերություններում իրավիճակը կրիտիկական է: Ինձ համար այլեւս գոյություն չունի հարց, թե կլինի՞ արդյոք բախում Թուրքիայի հետ, ինձ համար հարց է, թե դա ե՞րբ կլինի: Կարծում եմ, որ պետք հոգեբանորեն դրան նախապատրաստել հույն ժողովրդին. խոսքը նրա մասին չէ, որ հաջորդ շաբաթ մոբիլիզացիա է հայտարարվելու, սակայն Թուրքիան իրեն պահում է այնքան կոշտ, որ մեզ որեւէ շրջանակ չի թողնում»: Նա շեշտում է, որ հույները չպետք է հույս դնեն որեւէ մեկի վրա: «Միջազգային հարաբերություններն այն աշխարհը չեն, որտեղ տիրում է միջազգային իրավունքը: Դա աշխարհ է, որտեղ տիրում է ուժի հետ կապված իրավունքը: Այլ խոսքով՝ դու ունես այնքան իրավունք, որքան ունես դիվիզիա»: Նա նաեւ ասում է, որ Հունաստանն ինքը պետք է իրեն պաշտպանի՝ չսպասելով դաշնակիցների օգնությանը, ինչիսիք են Իսրայելը կամ Եգիպտոսը, որոնց հետ կնքված են պաշտպանական համաձայնագրեր:

«Ինչո՞ւ, ասենք, Իսրայելը կամ Եգիպտոսը մեզ պետք է պաշտպանեն: Ոչ ոք մեզ չի՛ պաշտպանի: Պետք են սառնասրտություն եւ վճռականություն»,- ասում է Յ. Ֆիլիսը, համարում, որ Թուրքիան ներկայումս շատ ծանր վիճակում է, եզրափակելով. «Նույն իրավիճակում էր Օսմանյան կայսրությունը 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում: Այժմ նրա զորքերը երեք երկրներում են՝ Կիպրոսում, Սիրիայում եւ Իրաքում: Որոշ հարեւան երկրների հետ նա չունի դիվանագիտական հարաբերություններ, իսկ որոշների հետ նա պատերազմական վիճակում է»:

Հունական ահազանգը, ինչպես նաեւ քրդական դասերը չափազանց ուշագրավ են Հայաստանի քաղաքական դասի եւ զինվորական հրամանատարության համար: Եվ կասկածից վեր է, որ զարգացումները պետք է դառնան շատ սթափ քննարկումների առարկա այն բոլոր պետական ինստիտուտներում, որտեղ քաղաքական որոշումներ են ընդունվում ազգային անվտանգության, ռազմական քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության վերաբերյալ:

Չմոռանանք, որ Թուրքիային զուգահեռ՝ 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում անցած ճանապարհը կրկնում է Թուրքիայի հայելապատկեր Ռուսաստանը, ինչն ուղղակի քաոսի կարող է հանգեցնել թե՛ Կովկասում, թե՛ Բալկաններում:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարում. Էրդողանը Մերսինում ողջունում է իր կողմնակիցներին թուրք ֆաշիստների ժեստով (նկարը՝ Turkish Minute-ի):

«Առավոտ»

13.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031