02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

2 ամիսը բավարար չէ՞
 

Ի հեճուկս ԵԽԽՎ-ի պահանջների, Հայաստանում հասարակական կարծիքի եւ առողջ բանականության մեր իշխանությունը շարունակում է բանտերում պահել ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ նրանց վրա դնելով անհեթեթ մեղադրանքներ: Ձեռնասուն դատարանները շարունակում են մեխանիկորեն «կնքել» կալանման ժամկետները եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննության միջնորդությունները: Ընդ որում, որեւէ համոզիչ հիմնավորում այդ միջնորդություններին չի տրվում: Նախ՝ հասկանալի չէ, թե ինչու են այդ մարդիկ պահվում անազատության մեջ՝ մտավախություն կա, որ կփախչե՞ն, գուցե կշարունակե՞ն իրենց «հանցավոր գործունեությունը»:

Երկրորդ հարցը, որը, անշուշտ, առաջանում է ցանկացած անաչառ դիտորդի մեջ. մի՞թե հարուցած քրեական գործերն այնքան բարդ են, որ երկու ամիսը բավարար չէ՝ «ապացուցելու» համար այդ մարդկանց «հանցանքը»: Դիտարկենք, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի եւ Կարապետ Ռուբինյանի վրա դրված հոդվածը: (Հատուկ առանձնացնում եմ այդ մարդկանց՝ մտավորականներին, որոնց անձամբ ճանաչում եմ եւ որոնց անմեղությանը ոչ մի վայրկյան չեմ կասկածում): Նրանց մեղսագրվող հոդվածներից մեկը 300/1-ն է՝ «պետական իշխանությունը յուրացնելը»: Պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Պատժաչափից դատելով՝ շատ լուրջ հոդված է, իսկական պետական հանցագործություն: Արդյոք մարտի 1-ից մինչեւ մայիսի 1-ը բավականաչափ ժամանակահատված չէ՞ր հասկանալու համար՝ նրանք յուրացրե՞լ են այդ, բառիս բոլոր իմաստներով, անտեր իշխանությունը: Այսքան ժամանակ այդ ի՞նչ բարդ «քննչական գործողություններ» են իրականացնում: Եթե մարտի 1-ին այդ գործիչներից որեւէ մեկը բռնի կերպով դարձել է նախարար, պատգամավոր կամ նույնիսկ թաղապետ, ապա նրանց մեղքն, անշուշտ, հիմնավորված է, եւ այդ գործերը վաղուց արդեն պետք է ուղարկվեին դատարան: Բայց երկու ամիսը, կրկնեմ, միանգամայն բավարար էր՝ այս տարրական հանգամանքը պարզելու համար:

Հակառակ դեպքում՝ եթե քաղաքական գործիչը հրապարակավ ասում է՝ «այս իշխանությունը վատն է եւ պիտի հեռանա», եւ դա դիտվում է որպես «իշխանության յուրացում», ապա աշխարհիս երեսին ոչ մի ընդդիմադիր չի մնա. բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում ընդդիմությունը հենց դա՛ է ասում: Քրեական հոդվածների «չափից դուրս լայն» մեկնաբանությունը հատուկ է խորհրդային արդարադատությանը, երբ Բրեժնեւի մասին անեկդոտ պատմելը դիտվում էր «հակասովետական քարոզչություն»:

Իրականում բոլորս, իհարկե, հասկանում ենք, թե ինչու են քաղաքական գործիչներն ամիսներով պահվում բանտում: Որպեսզի նրանք դուրս չգան եւ չավելացնեն ընդդիմության պոտենցիալը: Բայց այդ պատճառը, որքան հասկանում եմ, իրավական հարթությունից բավականին հեռու է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ - Aravot.am ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ - Aravot.am «ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ» - Aravot.am «Ֆանտաստիկ» մեղադրանք - Aravot.am «Ո՞Վ Է ՕԴԻ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ» - Aravot.am ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ - Aravot.am Գերեզմանները «կատոկել» են - Aravot.am «ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ» - Aravot.am «ԺԻՐԱՅՐՆ ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆ Է» - Aravot.am ԷԼԻ ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ՔՆՆՈՒԹՅԱՆ - Aravot.am Նախարարն այցելեց «Բյուրակն» համալիր - Aravot.am «Ասպարեզի» նախագահը խեղճացրեց վկաներին - Aravot.am «Տնօրենն ու գեղղեկավարը համախոհներ են» - Aravot.am
Քաղաքականություն
ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
 

Երեկ համաժողովրդական շարժման կենտրոնը՝’ ի դեմս հասարակական եւ քաղաքական մի քանի կազմակերպությունների, մայրաքաղաքի փողոցներում երթ էր նախաձեռնել ի պաշտպանություն ազատ խոսքի, քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքի: «Հանուն ազատ մամուլի, հանուն ժողովրդավարական Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցները ուղղվեցին նախ ՀՌԱՀ, ապա նաեւ Ռադիոտուն՝’ վերջիններից պահանջելով ամբողջովին կատարել ԵԽԽՎ բանաձեւի եւ ԵՄ նախագահության մարտի 4-ի եւ 12-ի հայտարարություններում նշված պահանջները, վերաբացել «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերությունները, լիարժեքորեն ապահովել ՀՀ քաղաքացիների օբյեկտիվ լրատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, ՀՌԱՀ-ի անդամներից ու նախագահից պահանջեցին «ցուցաբերել ողջամտություն» եւ հրաժարական տալ, նաեւ հրաժարվել Հանրային հեռուստաընկերությունը բացառապես իշխանության խոսափողը դարձնելու ստորացուցիչ քաղաքականությունից: Երթի մասնակիցները այս պահանջները փոխանցեցին ՀՌԱՀ-ին եւ Հանրային հեռուստաընկերությանը:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ
 

«Նրա որեւէ քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա»,- վստահեցնում է Արման Մուսինյանը

Ընդդիմության կողմից «քաղաքական» որակված եւ այսօր էլ շարունակվող հետապնդումների շուրջ երեկ մենք զրուցեցինք «Համաժողովրդական շարժման կենտրոնի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ: Նա տեղի ունեցած կալանավորումները բաժանեց երկու մասի՝ մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածների: Ըստ նրա, մինչեւ մարտի 1-ը կալանավորվածների դեմ քրգործերը սարքվել են փետրվարի 19-ից հետո՝ կա՛մ ընտրական պրոցեսների հետ կապված՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու, վստահված անձանց դեմ բռնություններ գործադրելու, կա՛մ այլ մեղադրանքներով, որոնք բոլոր դեպքերում ակնհայտորեն քաղաքական էին եւ շինծու. «Օրինակ՝ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի եւ Աշոտ Զաքարյանի գործերը կամ՝ Գագիկ Ջհանգիրյանինը: Երբ վերջինս հայտարարեց, որ սատարում է Տեր-Պետրոսյանին, հաջորդ օրն անմիջապես իրավապահները դիմակավորված հարձակվեցին նրա վրա, հետո նրան մեղադրեցին «ապօրինի զենք-զինամթերք»-ի հոդվածով, երբ նրա մոտ եղած բոլոր զենքերը օրինական էին եւ անհրաժեշտ փաստաթղթավորում ունեին: Կամ՝ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին առաջադրվեց «սուտ մատնության» մեղադրանք նրա կալանավորումից դեռ 1-2 ամիս առաջ տարածված տեսաերիզներում նրա հնչեցրած հարցադրումների համար»: Ինչո՞ւ հենց 19-ից հետո սկսվեցին այդ կալանավորումները: Ըստ Ա. Մուսինյանի՝ որովհետեւ ընտրությունները կեղծելուց հետո դժգոհության եւ համաժողովրդական ալիքի ծավալումը թույլ չտալու համար պետք էր դրա առաջնորդներին եւ ակտիվ մասնակիցներին մեկուսացնել: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի առնչությամբ տեղի ունեցած կալանավորումներին, ապա, ըստ Մուսինյանի՝ «մարտի 1-ի հանրահավաքի ցրումը ի սկզբանե եղել է անօրինական: Նախ՝ չի հայտարարվել, որ հանրահավաքն անօրինական է, հանրահավաքի մասնակիցներին չի ներկայացվել հրապարակն ազատելու պահանջ, ուստիեւ՝ դա անելու համար ժամանակ չի տրվել: Հետեւաբար, հե՛նց ոստիկանության կողմից բոլոր մնացած գործողություններն են եղել անօրինական, անօրինական են եղել նաեւ հանրահավաքի ցրումը, իշխանության ներկայացուցչին՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար քրգործի հարուցումը»: Նա «անօրինական» եւ «քաղաքական» որակեց նաեւ Ազատության հրապարակից կալանավորվածներին առաջադրված «ապօրինի զենք-զինամթերք»-ի մեղադրանքը. «Եթե այդքան զենք ու զինամթերք է «հայտնաբերվել» հրապարակում, ինչո՞ւ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարներից ոչ մեկի կողմից ոչ մի կրակոց չի եղել: Չկա մեկ ցուցարար, որը զենք կրելու համար բռնվել է»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան եւ նրան հարող տարածքում տեղի ունեցած՝ իբր «զանգվածային անկարգություններին», ապա մեր զրուցակցի ասելով, այս դեպքում եւս մինչ օրս չի բերվում գեթ մի փաստ, մի ելույթ, որտեղ այդ հոդվածով կալանավորվածները բռնության կամ ջարդել, փշրել, թալանելու կոչ են անում: «Ավելին, իշխանությունները չունեն որեւէ կադր կամ փաստ, որտեղ զինված ցուցարար կա, կամ որտեղ ցուցարարը կրակում է: Հակառակը կա: Եթե որեւէ տեղ երեւար զենքով կամ կրակող ցուցարար, իրենք ամեն օր դա ցույց կտային»,- ասաց Ա. Մուսինյանը: Իհարկե, դա արգելք չի հանդիսանում, որ ոստիկանները «վերեւի» հրահանգով ցուցմունքներ տան կոնկրետ անձանց դեմ՝ վկայելով, թե այսինչի ձեռքին զենք են տեսել, կամ որ այդ այսինչը կրակում էր: Մուսինյանը նաեւ փաստեց, որ կան հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններ, ու հավելեց. «Ուրեմն դա արել է կոնկրետ անձ: Պետք է քրգործ հարուցվեր եւ պարզվեր, թե ո՞վ է եղել դրա կոնկրետ հեղինակը: Կա 10 զոհ, ու բոլոր 10 սպանվածների համար պետք է առանձին քրգործեր հարուցվեին՝ հանգամանքները պարզելու համար: Իսկ այդպիսիք փաստացի չկան: Այսինքն՝ դատախազությունը, այդ քննչական կոչված ծառայությունը ամբողջովին թաղված են անօրինականության մեջ: Նրանց որեւէ մի քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա: Այդ պայմաններում ո՞նց կարելի է մարդկանց կալանավորումը համարել զուտ իրավական»:

Այսուհանդերձ, Ա. Մուսինյանը հույս հայտնեց, որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն մեր հասարակության եւ ընդդիմության ճնշման տակ: Մեր այն հարցին, թե՝ իրենք հույս ունեն, որ բոլորին էլ կազատե՞ն, Ա. Մուսինյանը պատասխանեց. «Կան մարդիկ, ում նկատմամբ այս իշխանության ներկայացուցիչները անձնական վրեժ ու քեն ունեն: Ասենք՝ Սասուն Միքայելյանի, Գագիկ Ջհանգիրյանի: Բայց մենք առաջին հերթին պիտի հասնենք այդ մարդկանց ազատ արձակմանը»:

Նրա համոզմամբ, իշխանությունները պատրաստ չեն եւ ոչ մի քայլ չեն անում իշխանություն-ընդդիմություն երկխոսության ուղղությամբ, որն, ի դեպ, միջազգային հանրության պահանջն է: Այսօր դեռեւս որեւէ քաղբանտարկյալ ազատ չի արձակվել: Լավագույն դեպքում փոխվել է նրա խափանման միջոցը: «Մարտի 21-ից սկսած՝ մենք հանրահավաքներ անցկացնելու իրազեկմամբ դիմում ենք քաղաքապետարանին եւ մերժումներ ենք ստանում»,- փաստեց Ա. Մուսինյանը:

 

«ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ»
 

Ասում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ վստահեցնում, որ փոխընդունելի փոխզիջումն ավելի ընդունելի է, քան անխոհեմ առճակատումը:

- Մարտի 1-ի դեպքերից մի քանի ժամ առաջ դուք կանգնեցիք Սերժ Սարգսյանի կողքին, համատեղ հուշագիր ստորագրեցիք, հայտարարվեց, որ ղեկավարելու եք Անվտանգության խորհուրդը: Ինչո՞ւ ձեզ պաշտոնի նշանակեցին ուշացումով:

- Պատճառը հիմնավոր էր, քանի որ նախ՝ անհրաժեշտ էր ձեւավորել նոր կառավարություն եւ հաստատել նրա ծրագիրը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողքը կանգնելուն կամ աջակցելուն, ապա դա եղել է ոչ միայն իմ, այլեւ ողջ քաղաքական թիմի որոշումը՝ գնալու ոչ թե արկածախնդրության, այլ իրական բարեփոխումների եւ մեր նախընտրական ծրագրերը իրականացնելու ճանապարհով: Իմ կողմից այլ ճանապարհով գնալը նշանակելու էր անկանխատեսելի զարգացումներ, ավելի մեծ քանակի զոհեր եւ երկիրը ցնցումների տանել: Ես ընտրեցի ոչ թե ցնցումների, այլ համատեղ ուժերով երկիրը կառավարելու ճանապարհը: Սերժ Սարգսյանի եւ իմ միջեւ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը բաց, հրապարակային փաստաթուղթ է: Մեջբերեմ մի հատված այդ համաձայնագրից. «Ողջունելով եւ համաձայնություն արտահայտելով ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությանը՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ համատեղ գործակցելու պետության ռազմավարական ղեկավարման համակարգում եւ ստանձնելու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կնքում են քաղաքական համագործակցության համաձայնագիր կոալիցիոն կառավարություն կազմավորելու ձեւաչափով՝ այլ համագործակից ուժերի հետ միասին՝ ի նպաստ երկրի եւ ժողովրդի զարգացման եւ անվտանգության»:

Սա է ճշմարտությունը, եւ մենք անելու ենք հնարավորը, որ թե այս եւ թե կոալիցիոն հռչակագրով նախատեսված մյուս դրույթները իրականություն դառնան:

- Ինչպիսի՞ լիազորություններ կամ կառուցվածք է ունենալու Հայաստանի Անվտանգության խորհուրդը:

- Այսօր այդ խնդիրը գտնվում է քննարկման ընթացակարգում: Ստորագրված հրամանագրին համապատասխան՝ ես մեկամսյա ժամկետում երկրի նախագահին կներկայացնեմ առաջարկություններ խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին: Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, քաջատեղյակ է այդ համակարգին, ավելին՝ գլխավորել է Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարական ծրագրի մշակման եւ ընդունման աշխատանքները: Երկրի նախագահը գտնում է, որ այն պետք է ունենա ծանրակշիռ դեր պետական իշխանության համակարգում եւ թերեւս հենց դա էլ նկատի է ունեցել իր հրապարակային ելույթում:

- Մարտի 1-ի դեպքերից հետո վստահությունն իշխանության նկատմամբ իսպառ բացակայում է: Ի վերջո, ո՞վ է իր վրա վերցնելու պատասխանատվությունը այդ իրադարձությունների համար:

- Մեր կարծիքով, պատասխանատվությունը կրում են նախ եւ առաջ այն ուժերը, ովքեր նպաստեցին եւ իրենց ագրեսիվ կեցվածքով հրահրեցին այդ իրադարձությունները, որովհետեւ 10 օր անծրագիր այդ մարդկանց հրապարակում պահելով՝ ոչ մի լավ բանի հասնել հնարավոր չէր: Բնականաբար, իշխանությունն էլ պատասխանատվության իր բաժինն ունի, եւ այդ մասին իր հրապարակային խոսքում նշել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության վերաբերյալ Ձեր դիտարկմանը, ապա համաձայն չեմ, որ Հայաստանում իշխանությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայություն կա: Ընդհակառակը՝ վերջին մի քանի օրերին ես մարդաշատ հանդիպումներ եմ ունեցել Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում՝ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ողջունում է մեր կոալիցիայի ձեւավորումը եւ ակնկալում է վճռորոշ քայլեր եւ բարեփոխումներ երկրում: Ապրիլի առաջին կեսին շուրջ 50 հազար բնակարաններում անցկացված դռնեդուռ ծրագրի արդյունքները նույնպես հենց այս մասին են խոսում: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում եւս իշխանության ցանկությունը մեկն է՝ հասնել խնդրի խաղաղ եւ արդյունավետ կարգավորման, եւ չեմ կարծում, թե շատ սրված ու արտառոց վիճակ ունենք այս առումով, եւ որ ընդհանրապես՝ մենք լավ հիմքեր ու հնարավորություններ ունենք հավակնոտ ծրագրեր նախանշելու եւ իրականացնելու համար, եւ վստահ եմ, որ դրանք կյանքի են կոչվելու: Մենք, որպես իշխանություն, զգում ենք մեր պատասխանատվությունը եւ հետեւողական ենք լինելու մեր քայլերում եւ գործողություններում:

- ԵԽԽՎ-ն բավականին կոնկրետ պահանջներ, առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին, կարծում եք՝ կոալիցիան կկատարի՞ այդ պահանջները:

- Կոալիցիան հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ եւ անդրադարձել է ԵԽԽՎ-ի բանաձեւին: Ավելին, դուք տեղյակ եք՝ նախագահի հանձնարարությամբ ստեղծված է աշխատանքային խումբ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որն, ի դեպ, աշխատում է դինամիկ ռեժիմով եւ առաջիկայում կներկայացնի առավել կոնկրետ առաջարկություններ բանաձեւի պահանջները իրականացնելու համար: Բացի այդ, ասեմ, որ այն, ինչ որ նշված է այդ բանաձեւում, այդ մասին արդեն իսկ արձանագրված է թե Սերժ Սարգսյանի եւ իմ միջեւ ստորագրված փաստաթղթում եւ թե կոալիցիոն համաձայնագրում: Գաղափարական կամ քաղաքական տարաձայնություն ԵԽԽՎ բանաձեւի եւ մեր կողմից ստորագրված փաստաթղթերի միջեւ չկա: Մենք պատրաստ ենք Եվրոպայի հետ հարաբերությունների հետագա խորացման, տրամադրված ենք խիստ գործնական ու կառուցողական աշխատանքի ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլ նաեւ մյուս եվրոպական կառույցների հետ: Թե Հայաստանի ներսում մեր ժողովուրդը եւ թե Հայաստանից դուրս միջազգային հանրությունը մեզանից գործնական քայլեր են ակնկալում, եւ մենք այն պետք է կատարենք: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի բանաձեւին, ապա այնտեղ հիմնական պահանջ կա՝ փոխել երթերի եւ ցույցերի մասին օրենքը, ինչի շուրջ նախագիծն արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է, կատարել մարտյան դեպքերի անկախ հետաքննություն, ինչի շուրջ այժմ քննարկումներ տարվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում, եւ վերջապես երրորդը՝ նախաձեռնել քաղաքական երկխոսություն: Երկխոսության համար կարեւորը ոչ միայն համապատասխան մթնոլորտի առկայությունն է, այլ նաեւ համապատասխան մեխանիզմների ստեղծումը: Կարծում եմ, առաջիկայում այս առումով եւս հետաքրքիր առաջընթաց կարող է գրանցվել: (ԵԽԽՎ-ի բանաձեւի թիվ մեկ պահանջը քաղաքական հայացքների համար կալանավորվածներին անհապաղ ազատ արձակելն է, որի մասին պարոն Բաղդասարյանը թերեւս մոռացավ նշել- Մ. Ե.)։ Հանրապետության նախագահի նախաձեռնությունը՝ հասարակական խորհուրդ ստեղծելու մասին, համոզված եմ՝ իրական հնարավորություն է երկխոսությունը կարեւորող ուժերի համար երկրի ղեկավարի մասնակցությամբ քննարկելու առկա բոլոր կնճռոտ խնդիրներն ու վիճահարույց հարցերը: Այլ խնդիր է, թե ով ինչպես կարձագանքի եւ ով է ցանկանում իրական երկխոսություն, իսկ ով այդ մասին խոսելով՝ նկատի ունի գուցե բոլորովին այլ բան: Ես կողմ եմ առողջ քաղաքական երկխոսությանը, առողջ քաղաքական բանավեճին, ինչն ի վերջո մեր երկրի առաջընթացի լավագույն գրավականներից է:

- Ընդդիմության եւ իշխանության միջեւ ինչպիսի՞ բանակցություններ եւ երկխոսություն եք պատկերացնում՝ այն դեպքում, երբ կողմերն իրար, մեղմ ասած, տանել չեն կարողանում:

- Գիտեք, եթե խոսվում է բանակցության կամ երկխոսության մասին, ապա պետք է ընդունենք մի պարզ ճշմարտություն, որ նախապայմաններով ոչ բանակցություններ են վարում, ոչ էլ երկխոսություն: Թեեւ հարցի կոնտեքստից փոքր-ինչ կտրված կարող է դիտարկվել, բայց, օրինակ, երկխոսության հաջողված դրսեւորում է Հայաստանի իշխանությունների հրապարակային դիրքորոշումը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ երկխոսություն իրականացնելու մասին: Իմ համոզմամբ, բանակցությունները եւ երկխոսությունները հենց նրա համար են, որ կողմերը նստեն եւ բաց ու շիտակ քննարկեն բոլոր վիճահարույց հարցերը: 2005-2006թթ., երբ ես ԱԺ նախագահ էի, եթե հիշում եք, ընդդիմությունը բոյկոտել էր ԱԺ աշխատանքները եւ միայն առանց նախապայմանների ու տեւական բանակցությունների միջոցով էր, որ ԱԺ-ում մենք կարողացանք մեր գործընկերների հետ գալ համաձայնության, որի արդյունքում նրանք ոչ միայն վերադարձան ԱԺ եւ մասնակցեցին նիստերին, այլ նաեւ միասնաբար նոր «Ընտրական օրենսգիրք» դրեցինք շրջանառության մեջ: Բայց այս կեցվածքը հնարավոր էր միայն առանց նախապայմանների բանակցելու պարագայում. չէ՞ որ հենց երկխոսության վերսկսումից հետո բանակցային գործընթացն ինքնըստինքյան բերում է երկու կողմերի համար եթե ոչ ամբողջական, ապա գոնե փոխընդունելի փոխզիջումների, որը շատ ավելի լավ է, քան անխոհեմ առճակատումը, որից, ի վերջո, տուժում է մեր հասարակությունը: Բացի այս, կարեւոր է ազգային խնդիրների նկատմամբ միասնական դիրքորոշման ցուցադրումը, ինչի դրսեւորման կոնկրետ օրինակ էր նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասը, որը նվիրված էր Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին եւ ԱՄՆ-ի Հազարամյակների ծրագրի ղեկավարությանը: Գլոբալ առումով, սակայն, իրավիճակն այլ է: Լ. Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի դարձավ, կրկին նախապայմաններ է առաջադրում, թե ինքը եւ թե նրան աջակից ԶԼՄ-ներից շատերը զբաղված են մարդկանց վարկաբեկելով ու անվանարկելով՝ խոսելով դատավորի դիրքերից եւ պահանջատիրական տոնով: Այս կեցվածքն իրոք անընդունելի է, որոշ դեպքերում՝ նաեւ դատապարտելի, ուստի՝ իմ համոզմամբ, այս հարցում միակ ընդունելի ճանապարհը քաղաքական առողջ երկխոսությունն է, իսկ տարակարծությունների պարագայում ոչ թե անձնական բնույթի անվանարկումները, որին, ի դեպ, միշտ էլ կարելի է շատ ավելի կոշտ արձագանքել, այլ քաղաքական սթափ բանավեճը, որից թե հասարակությունը կարող է համապատասխան եզրահանգումներ կատարել եւ թե քաղաքական ուժերը:

 

«Ֆանտաստիկ» մեղադրանք
 

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսպես է բնութագրում Արամ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը:

«Նոր ժամանակները» ստորագրահավաք է նախաձեռնել. քաղաքացիները իրենց ստորագրությամբ հաստատում են, որ իրենք եւս միանում են ՆԺԿ նախագահի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջելով դրանց պատասխանները: Հիշեցնենք, որ հարցադրումները վերաբերում էին Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրին եւ այդ ծրագրի ու 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի կապին, ինչն էլ պատճառ դարձավ Ա. Կարապետյանի կալանավորմանը: «Գլխավոր դատախազությունն առնվազն պետք է Արամ Կարապետյանի հայտարարության մեջ նշած անձանց՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանի խնամուն՝ Վլադիմիր Բադալյանին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հրավիրի հարցաքննության: Թող պարզեին՝ այդ մարդիկ վիրավորվե՞լ են Արամ Կարապետյանի հայտարարություններից, թե՞ ոչ»,- «Առավոտին» իր կարծիքը մանրամասնեց ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Պրն Սարգսյանը հիշեցնում է, որ ժամանակին Արթուր Բաղդասարյանն էլ էր քննադատում այս իշխանություններին. «Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին որակեց դավաճան: Ա. Բաղդասարյանը մեկ տարի հետո հայտարարեց, որ իր նկատմամբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մահափորձ են կազմակերպել: Արդյունքում, Բաղդասարյանին տարան դատախազություն՝ ուժեղացրին նրա պաշտպանությունը, «Ջիպ» տվեցին: Հետո էլ որոշեցին, որ նա շատ լավ Անվտանգության խորհրդի քարտուղար է եւ պաշտոն տվեցին»: Երեկ ՆԺԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու եւ փետրվարի 24-ից կալանքի տակ պահելու իրավաչափության ու քաղաքական դրդապատճառներին առնչվող քննարկման ժամանակ իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը նաեւ կատակեց, թե մարդու իրավունքների միջազգային պրակտիկայում Հայաստանը նոր նորմ է մտցնելու՝ հարց տալու իրավունք:

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը հիշեցնում է, որ Մեղրիի շուրջ խոսակցություններ, ինչպես նաեւ որոշակի նախապատրաստություններ եղել են դեռեւս 2000 թվականից, եւ այն ժամանակ ինքն այդ մասին բարձրաձայնել է ԱԺ ամբիոնից: Հիշեցրեց, որ նաեւ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես չժխտեց, որ Մեղրիի վերաբերյալ տարբեր մոտեցումներ եղել են: Ուստի, Գ. Հարությունյանը փաստում է, որ այդ հարցերի պատասխաններն այսօր հուզում են բնակչության առնվազն 90 %-ին, եւ միանշանակ պնդում է, որ Ա. Կարապետյանի նկատմամբ մոտեցումը քաղաքական է: Արամ Կարապետյանի մեղադրանքը փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը համարում է «ֆանտաստիկ» եւ առայժմ չի պատկերացնում, թե մեղադրող կողմն այն ինչպես է դատարանում ապացուցելու:

 

«Ո՞Վ Է ՕԴԻ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ»
 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ երկխոսության մասին առաջարկներ է հնչեցրել. «Բաց տեքստով կոչ է արել առանց բացառության բոլոր ուժերին, սակայն մեր քաղաքական ընդդիմախոսները երկխոսելու փոխարեն ազգը բաժանեցին «տականքների» եւ յուրայինների: Ես չեմ ընդունում այն երկխոսությունը, որ պետք է գնաս, մարդկանց հետ խոսես, եթե նրանք քո կարծիքը չեն ընդունում՝ ասես, որ նրանք դավաճաններ են, եթե այդպես պիտի երկխոսենք, չի ստացվի: Ես, որպես երիտասարդ գործիչ, որը նոր է քայլեր անում քաղաքականության մեջ, ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդ տալ առաջին նախագահին, բայց մի բան պարզ է. չի կարելի ատելություն սերմանելով, ուսուցչի կերպար ստանձնելով՝ բոլորին դաս տալ, եւ չի կարելի, ի վերջո, մարդկանց պիտակավորել: Եվրոպան մինչ այդ կատարյալ էր, հենց եղավ Պրեսկոտի հայտարարությունը, որ ընտրությունները անցել են նորմալ, սկսեցին ասել՝ Եվրոպան սպառողական հասարակություն է, գաղափարախոսությունների ճգնաժամ է եւ այլն»: «Առավոտը» նկատեց, որ երբ թերթերի էջերում, հեռուստատեսությամբ ասում ես՝ եկեք երկխոսենք եւ հաջորդ քայլը չես անում, դա մնում է օդի մեջ: Ի պատասխան ԱԺ պատգամավորն ասաց. «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ երկխոսության կոչերը եղել են օդում: Հստակ, հանրահավաքի ժամանակ, պարոն Սարգսյանը կոչ է արել երկխոսության: Հիմա գնդակը գտնվում է ընդդիմության կիսադաշտում: Ես մասնակցել եմ ՍԴ բոլոր նիստերին եւ որեւէ լուրջ հիմնավորում, որ ընտրությունները կեղծված են, ես չեմ լսել, հիմա օդում ո՞վ է խոսում»:

 

 

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ
 

Կառավարության կողմից գազի սուբսիդիայի դադարեցման փաստը՝ շատ գազալցակայանների տերերի համար անգամ նախկինում էժան գնով ձեռք բերված գազը 700-800 դրամով թանկ վաճառելու առիթ է հանդիսացել:

Մայիսի 1-ից ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազի լցակայաններում ավելի քան 50%-ով թանկացել է գազի գինը: Եթե նախկինում մեկ բալոն գազի լիցքավորման համար վարորդները վճարում էին 1200-1300 դրամ, ապա այսօր՝ 2 հազար դրամ: Նշենք, որ մեր հանրապետության ավտոտրանսպորտի գերակշիռ մասն աշխատում է գազով, հետեւապես գազի գնի այս աննախադեպ թանկացումն իր ուղղակի ազդեցությունը կունենա ուղեվարձի վրա: Օրերս այս մասին հայտարարեցին մայրաքաղաքում ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ու նաեւ տաքսի ծառայությունների տերերը: Վարորդների հավաստմամբ, ներկայիս պայմաններով իրենք կարող են աշխատել առավելագույնը 1 ամիս, որից հետո ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, քանի որ իրենք գազի թանկացման պատճառով այնքան քիչ եկամուտ են ունենում, որ նույնիսկ չի բավականացնում գծի օրվա պլանը մուծելու համար: Նրանք դժգոհում են նաեւ, որ «գծի տերերին այլ բան չի հետաքրքրում, նրանք միայն իրենց վրա դրած պլանն են պահանջում»: «Այսպես շարունակվելու դեպքում մենք պարզապես կդադարենք աշխատել, քանի որ օրվա մեջ 1 կամ 2 անգամ անհամեմատ թանկ գնով գազ ենք լցնում, հետո էլ եղած գումարից պլան ենք մուծում, ու ամբողջ օրն աշխատելուց հետո երեկոյան հազիվ 1000-2000 դրամ փող ենք տուն տանում»,- դժգոհեցին «Առավոտին» դիմած վարորդները:

Բացի այդ, վարորդների խոսքերով, գծատերերը նրանց հրահանգել են առայժմ այս պայմաններին հարմարվել ու ուղեվարձի թանկացման մասին չմտածել: Նշենք, որ գծատերերն էլ «առայժմ համբերելու» հրահանգ են ստացել «վերեւներից», քանի որ օրերս փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ տրանսպորտային թանկացումների մասին հարցը քննարկվում է կառավարական շրջանակներում: Տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ «Առավոտին» տեղեկացրին, որ ուղեվարձերի թանկացման պատճառներն ու հիմնավորումները ուսումնասիրելու համար օրերս տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Ու մինչ նորաստեղծ աշխատանքային խումբը կփորձի ուսումնասիրություններ ու եզրահանգումներ անել, մայրաքաղաքի եւ մարզերի հասարակական տրանսպորտի մի քանի գծատերեր, առանց որոշումների ու հրահանգների սպասելու, արդեն ուղեվարձը թանկացրել են: Մասնավորապես՝ երեկ թիվ 205 երթուղու ուղեւորներն «Առավոտին» դժգոհեցին, որ վարորդներն իրենցից նախկին 100-ի փոխարեն 150 դրամ են պահանջել: Ուղեվարձի գինը թանկացրել են նաեւ մայրաքաղաքի մի քանի տաքսի ծառայություններ՝ 1 կիլոմետրի համար գանձվող 100 դրամի փոխարեն այսօր արդեն պահանջելով 130-150 դրամ, իսկ նվազագույն վարձավճարը 500 դրամից դարձել է հազար դրամ:

Երեկվանից հասարակական տրանսպորտի ուղեվարձերը թանկացել են նաեւ հանրապետության որոշ մարզերում: Մասնավորապես՝ Գյումրիի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է 50 դրամով: Ավտոբուսով երթեւեկելու արժեքը, որը մինչ այսօր 50 դրամ էր, դարձել է 100, իսկ երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից դարձել է 150 դրամ:

Աբովյանի մեկ տասնյակից ավելի տաքսի ծառայությունների տնօրեններ երեկ եւս որոշել են 1 կիլոմետրի համար գանձվող գումարը 100 դրամով թանկացնել:

Նկատենք, սակայն, որ գազի գնի թանկացումն առաջին հերթին կանդրադառնա հասարակական տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների եւ ապա նաեւ վարորդների վրա, քանի որ քաղաքացիները ստիպված կլինեն 50-100 դրամ ավելի վճարել, իսկ վարորդներն էլ անհամեմատ քիչ եկամուտ ունենալ, քանի որ երթուղայինների գազի լիցքավորումը կատարվում է իրենց հաշվին, իսկ գծատերերից որեւէ մեկը դժվար թե հրաժարվի օրվա եկամտի գոնե մի փոքր մասից եւ օրական միջինը 18-20 հազար դրամ պլանի փոխարեն վարորդներից մի քանի հազար դրամ պակաս վերցնի: Նկատենք նաեւ, որ մեր հանրապետությունում ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մեծ մասը պատկանում է ԱԺ պատգամավորներին, օլիգարխներին ու մեծահարուստներին:

Չնայած կառավարության ներկայացուցիչները հավաստում են, որ գազի գնի թանկացման պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը մայիսի 1-ից դադարեցրել է բնական գազի սուբսիդավորումը, մեր տեղեկություններով, հեղուկ գազի ներկայիս գնաճը հիմնավորված չէ, քանի որ գազալցակայանների տերերը գազը ձեռք են բերել այն գնով, ինչ նախկինում: Այսինքն, լցակայանների տերերը առիթը բաց չեն թողել նախկինում ձեռք բերված ու պահեստավորված գազը մայիսի 1-ից թանկ գնով վաճառելու ու լրացուցիչ գերշահույթներ ստանալու համար:

Մասնավորապես, հանրապետության գրեթե բոլոր մարզերում տեղակայված «Ա.Գ.Լ.Ճ.Կ» լցակայաններում մինչեւ ապրիլի 30-ը գազը վաճառվում էր 1300, իսկ արդեն մայիսի 1-ից՝ 2 հազար դրամով, ինչը նշանակում է, որ ապրիլի 30-ի երեկոյան լցակայաններում արդեն ոչ մի խորանարդ մետր գազ չի մնացել ու մայիս 1-ի առավոտյան ներկրվել է նոր ու թանկ գներով: Հեղուկ գազի շուկայում նկատված հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ օրերս վարույթ է հարուցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, «Հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ վերջին 2-3 օրերին, գազի գնի սուբսիդիայի վերացումից հետո, ավտոգազալցակայաններում գազի գնի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, նախնական գնահատականներով՝ գազալցակայանների կողմից ձեռք բերված եւ վերջինների կողմից իրացվող գազի գնի անհամարժեք բարձրացում: Վարույթի ընթացքում կուսումնասիրվեն բոլոր հանգամանքները, տնտեսագիտական վերլուծության կենթարկվեն լիցքավորվող գազի գնի բարձրացման չափի հիմնավորվածությունը, «Տնտեսական մրցակցության մասին» օրենքի հնարավոր խախտման երեւույթները»:

 

Գերեզմանները «կատոկել» են
 

Էլիտարաշինություն եզդիների պապենական գերեզմանոցի տարածքում

Նորքի այգիներում գտնվող եզդիների հին գերեզմանատունը վերջերս ավերվում եւ պղծվում է: Այս տարածքում բուռն դղյակաշինություն է ընթանում, ինչի հետեւանքով եզդիների գերեզմանոցը «արմատախիլ» է արվում եւ տեղանքն էլ ասֆալտապատվում է: Այս հանգամանքը հարուցել է Հայաստանում բնակվող եզդիների զայրույթը: «Առավոտի» հետ զրույցում 62-ամյա Սուրիկ Ալոյանը պատմեց. «Արդեն 70 տարի ծնողներս, քույրս, հետո նաեւ որդիս թաղվել են եզդիների այս գերեզմանատանը, բայց հիմա նրանց շիրիմներից բան չի մնացել: Ինչ-որ անհայտ մարդիկ քանդում են գերեզմանները՝ տեղում տներ ու պարիսպներ են կառուցում, տարածքն ամբողջովին աղբանոցի են վերածել: Բա դրանք խիղճ ունե՞ն: Ո՛չ հարգանք կա, ո՛չ պատիվ, գերեզմաններն էլ չեն խնայում: Չգիտե՞ն, որ մի օր էլ իրենք են մեռնելու: Հայի հետ մենք ախպերներ ենք, ինչի՞ են իրենց խիղճը կորցրել»: Ըստ եզդիների, Նորքի այգիներում 100 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանատանը մոտ 50 եզդի է ամփոփված:

Եզդիների գերեզմանատուն մեր այցելության ժամանակ նկատեցինք, որ շիրիմների քարերը հանված եւ այս ու այն կողմ էին նետված: Գերեզմանատան որոշ հատված էլ ասֆալտապատվել է եւ ավտոմեքենաների համար ճանապարհ է ծառայում: Այդ ճանապարհը տանում է դեպի մի տուն, որի պարսպի հարեւանությամբ, եզդիների ներկայացմամբ, նույնպես գերեզմաններ են: «Պատկերացնո՞ւմ եք, ճանապարհը սարքել են հենց շիրիմների վրա: Թո՛ղ մի քիչ այն կողմ կառուցեին, որ մեր անցավորներին ու մեզ չնեղացնեին»,- ասաց Սուրիկ Ալոյանը: Ի պատասխան սրան, նշյալ տարածքի սեփականատեր Ավիկ Խաչատրյանը հերքեց, որ իր պարսպի մոտ գերեզմաններ են եղել: Նա ասաց, որ այդտեղ վաղուց այգի է եւ իրենք ոչ մի գերեզման էլ չեն քանդել:

Նկատենք, որ եզդիների գերեզմանատունը ցանկապատված չէր եւ անխնամ էր: Մեր հարցին, թե ինչո՞ւ է գերեզմանոցը եզդիների կողմից եւս անտերության մատնվել, Ս. Ալոյանն ասաց. «Այս շիրիմների ժառանգներից շատերը երկրից թողել-գնացել են, ինչ էլ ես անում եմ՝ կոտրում, ջարդում են»: Ս. Ալոյանը քաղաքային իշխանություններից պահանջեց, որպեսզի գերեզմանոցը վերականգնվի եւ նրանք, ովքեր մեղավոր են՝ պատժվեն: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ այս առնչությամբ ասաց. «Մենք նոր ենք իմացել, որ նման անմարդկային բան է կատարվել»: Եզդիների պրեզիդենտի գնահատմամբ՝ գերեզմանը պղծելը քրեորեն պատժելի է եւ պետք է այն լուծվի կառավարության մակարդակով: Իրավիճակը չկանխելու եւ գերեզմանոցը չվերանորոգելու դեպքում, եզդիների պրեզիդենտը կդիմի միջազգային դատարան. «Բայց առայժմ չենք ուզում այդ քայլին գնալ, կբավարարվենք կառավարության միջոցով հարցը կարգավորելով: Սխալը պետք է շտկվի»:

Եզդիների գերեզմանատունը գտնվում է Նորք-Մարաշ համայնքի ենթակայությամբ: Նորք-Մարաշի թաղապետի տեղակալ Սերգեյ Մկրտչյանը «Առավոտի» հարցից խիստ զարմացավ՝ լսելով գերեզմանոցի մասին, քանի որ, ըստ նրա՝ «Դրանք հին, անտեր գերեզմաններ են, որոնց վրա ոչ մի պարիսպ էլ կառուցված չէ: Այսքան ժամանակ մեզ ոչ ոք չի բողոքել: Թող գերեզմանների տերերը մեզ դիմեն, եւ մենք հարցը կկարգավորենք: Գերեզմանը մեզ համար սրբություն է, ինչպես կարելի է նրանց վրա ավտոճանապարհ կառուցել»:

 

«ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
 

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ հայկական տպագրության ստեղծման մասին

2008թ. ապրիլի 7-ին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գրավոր հարց-առաջարկությամբ դիմել է կառավարությանը՝ պետականորեն նշելու հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը:

Ապրիլի 30-ին կայացած խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ կառավարությունը դրական վերաբերմունք է արտահայտել պատգամավորի առաջարկության վերաբերյալ: Այս մասին զրուցեցինք պատգամավորի հետ:

- Պրն Դալլաքյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր առաջարկության հրատապությունը:

- Մաշտոցյան գրերին հաջորդած մշակութային երկրորդ մեծ սխրանքը հայկական տպագրության սաեղծումն էր: 1512 թվականին Վենետիկում ստեղծվեց առաջին հայկական տպարանը, որը 16-րդ դարի հայ մշակութային կյանքի ամենախոշոր իրադարձությունն էր: Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն էր, որը ժամանակին հրատարակել է վեց գիրք: Հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք», լույս է տեսել Վենետիկում, 1512 թվականին։ Այն մասամբ հոգեւոր, մասամբ աշխարհիկ գիրք էր, որը, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու «Նարեկը», գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես հոգեւոր աղոթքներ: Այդ ժամանակաշրջանում հայկական տպարաններ էին գործում Վենետիկում, Փարիզում, Կ. Պոլսում, Հռոմում, Բեռլինում: Հայաստանում առաջին տպարանը ստեղծվել է Էջմիածնում, 1771 թվականին: Պետականությունից զրկված հայ ժողովրդի կողմից 1512 թվականին ազգային գրատպության հիմնադրումը բացառիկ երեւույթ էր: Պետականություն ունեցող բազմաթիվ հայտնի ազգեր սեփական տպագրություն հիմնելու փորձ անգամ չարեցին այդ հարյուրամյակում եւ ազգային լեզվով տպագրություն ունեցան ավելի ուշ։ Ներկայումս աշխարհի 22 երկրներում գործում են հայկական տպարաններ: Պետականության բացակայության պայմաններում՝ 1512 թվականից մինչեւ 1918 թվականը տպագրվել է ավելի քան 20.000 անուն հայկական գիրք, որոնցից 1512-1800թթ. լույս է տեսել 1095 անուն հնատիպ գիրք: Քաղաքակրթության պատմության մեջ սա աննախադեպ երեւույթ է եւ եւս մեկ անգամ վկայում է հայ ժողովրդի ինտելեկտուալ եւ մշակութային ազգ լինելու մասին: 2012 թվականին լրանում է հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը, որը պետականորեն նշելը հայության սրբազան պարտքն է: Այդ հոբելյանը վերստին լուրջ հնարավորություն է տալիս պատշաճ ձեւով ներկայացնելու մեր ազգը, տեսակը՝ քաղաքակիրթ աշխարհին:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված հենց այսօր այդ հարցը բարձրացնելու անհրաժեշտությունը:

- Առջեւում սպասվում է հսկայածավալ աշխատանք, ուստի անհրաժեշտ է հենց այսօրվանից նախապատրաստվել հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը պետականորեն եւ մեծ շուքով նշելուն: Այդ նպատակով կառավարությանն առաջարկել եմ գործունեության հետեւյալ ծրագիրը.

2008 թվականին ձեւավորել հայկական տպագրության ստեղծման 500-ամյակի աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողով՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, մշակել կառավարական հանձնաժողովի 2008-2012 թթ. գործունեության ծրագիրը եւ կազմել համապատասխան ժամանակացույց, անցկացնել կառավարական հանձնաժողովի գործունեության ծրագրի շնորհանդես, որի ընթացքում էլ ներկայացնել այդ ծրագրի նպատակների ու խնդիրների վերաբերյալ բուկլետ, Հայաստանում գտնվող գրադարանների բազայի հիման վրա ստեղծել հնատիպ գրքերի պետական ինստիտուտ-թանգարան, հրատարակել նկարազարդ երկհատոր գիրք՝ 1512-1917 թթ. եւ 1918-2012 թթ.՝ նվիրված հայկական տպագրության պատմության 500-ամյակին, Հայաստանում եւ արտերկրներում կազմակերպել հայերեն տպագիր գրքերի ցուցահանդեսներ, վերահրատարակել առանձնակի արժեք ունեցող հնատիպ գրքեր, նաեւ հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ռւրբաթագիրքը» եւ հայ ժողովրդի կերպարը մարմնավորող «Սասունցի Դավիթ» էպոսը, կապեր հաստատել արտասահմանյան այն քաղաքների հետ, որտեղ ժամանակին գործել կամ ներկայումս գործում են հայկական տպարաններ եւ իրականացնել որոշակիորեն ծրագրված փոխայցելություններ, այդ նպատակով համապատասխան քաղաքների հետ ստեղծել «Քաղաքների ասոցիացիա»: Ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացնել հայկական տպագրության պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացնել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված արտերկրների դեսպանների եւ արտերկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ, սահմանել հուշամեդալներ՝ «Հայկական տպագրությունը 500 տարեկան է», «Հակոբ Մեղապարտ- հայկական տպագրության հիմնադիր», կազմակերպել հայկական տպագրության պատմությանը նվիրված ցուցահանդես, մշակել եւ իրականացնել առանձին ծրագրեր Սփյուռքի հայկական համայնքների, արտերկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ իրականացնել համապատասխան ծրագիր, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանել հուշադրամ «Հայկական տպագրություն 1512-2012 թթ.» եւ «Հակոբ Մեղապարտ- հայկական տպագրության հիմնադիր»: Տպագրել նամականիշ «Հայկական տպագրություն 1512-2012»: ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպել շարադրությունների հանրապետական մրցույթ՝ «Հայկական տպագրությունը 500 տարեկան է» թեմայով, մշակույթի նախարարության հետ համատեղ՝ նկարչության եւ քանդակագործության հանրապետական ցուցահանդես, երաժշտական փառատոներ, Երեւանում եւ ՀՀ մարզերում՝ մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայկական տպագրության 500-ամյակին: 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի եւ դպրության օրը, Երեւանում անցկացնել հայկական տպագրության 500-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, 2012 թվականի սեպտեմբերի 1-ին Երեւանում, օրինակ, Հանրապետության հրապարակում կանգնեցնել կոթող, որը որպես եռամիասնություն կմարմնավորի եւ կխորհրդանշի հայ ժողովրդի քաղաքակրթական 3 սխրագործությունները՝ քրիստոնեության պետականորեն ընդունումը, մաշտոցյան գրերի գյուտը եւ մեղապարտյան հայկական տպագրության ստեղծումը:

Հավելեմ, որ սույն առաջարկությունները նախապատրաստվել են Մհեր Գյուլումյանի հետ:

- Դուք առաջարկել եք, որ հոբելյանական հանձնաժողովը ղեկավարի հանրապետության նախագահը: Ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը:

- Հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը պետականորեն նշելու հարցը ես հանգամանորեն քննարկել եմ հանրապետության նախագահի հետ։ Նրա վերաբերմունքը միանգամայն դրական է եւ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը կգլխավորի համապատասխան հանձնաժողովը: Ողջունելի են նաեւ մշակույթի, ԿԳ, ԱԳ եւ տարածքային կառավարման նախարարությունների ու ԿԲ-ի դրական արձագանքները մեր նախաձեռնության վերաբերյալ: Ամեն ինչ պետք է անել, որ տպագրության ստեղծման հոբելյանը ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում եւ նշվի որպես միջազգային նշանակություն ունեցող երեւույթ:

 

«ԺԻՐԱՅՐՆ ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆ Է»
 

Երեկ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հավելելով, որ չի ծափահարում նրա հանդեպ կատարվող գործողությունների հեղինակներին:

Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի կազմակերպիչ եւ հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը նկատեց. «Հայ ժողովրդի համար մայիսն ունի ինքնության պահպանման խորհուրդ: Ամենակարեւորը՝ այն մեզ տվել է պետականություն»: Ա. Տեր-Թադեւոսյանից ուսանողները հետաքրքրվեցին, թե Շուշիի ազատագրումից հետո ադրբեջանցիները ցանկացե՞լ են այն ետ վերցնել: Գեներալ-մայորը պատասխանեց. «Նրանք որոշում ունեին, որ անպայման Շուշին պիտի ետ վերցնեն: Այն ժամանակ Բաքուն ասում էր, թե այսօր-վաղը այն իբր կազատագրեն: Իրականում մայիսի 10-11-ին ավելի ուժեղ գործողություններ են եղել Ղարաբաղում, չնայած դրանց մասին ոչ ոք չի գրում»: Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե այսօրվա երիտասարդների մեջ կա՞ն պոտենցիալ հերոսներ, թե՞ նրանք հիմա ամեն ինչին թեթեւ են նայում: Ղարաբաղյան պատերազմի հերոսը պատասխանեց. «Հայրերի եւ որդիների խնդիրը միշտ էլ եղել է: Մեծերը նայում են ջահելներին՝ ասելով, թե իրենք ավելի լուրջ են եղել, բայց երեխաները ծնողներից ավելի ուժեղ եւ մարտունակ են եւ հասկանում են, թե ինչ է այս երկիրը: Կամ՝ մեկ-մեկ ասում են, թե մեր ջահելությունը փախչում է երկրից: Տվեք նրանց աշխատանք, հնարավորություններ, եւ նրանք կմնան երկրում»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե այժմ խոսում ենք միայն հաղթանակից, սակայն քիչ է խոսվում այդ հաղթանակը ձեռք բերած հերոսների մասին, Ա. Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Կան հազարավոր հերոսներ, որոնց անունը նույնիսկ չենք տալիս: Կան մարդիկ, որոնք այնպիսի հերոսություն են արել, որ իրականում նրանց մասին պիտի պատմենք: Օրինակ՝ ես մի քիչ ամոթ եմ անում իմ մարտական ընկերների մոտ: Այն օրը Արարատի մարզից 2 հոգի էին եկել՝ ասելով, թե եղել են Շուշիի ազատագրման ջոկատի մեջ, բայց իրենց մեդալ չեն տվել: Պետք է այդ տղերքի մասին պատմել, նրանց ներկայացնել»: Հետո էլ հետաքրքրվեցինք, թե գեներալ-մայորն ի՞նչ է մտածում «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի ազատագրման գործողություններին մասնակցած Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկված լինելու մասին. «Սեֆիլյանն իմ մարտական ընկերն է, իր հետ ես մտերիմ եմ: Զինվորականները պիտի իրենց հարցերով զբաղվեն, քաղաքական գործիչները՝ իրենց: Այժմ մի քիչ խառնում են այդ հարցերը եւ սկսվում են պրոբլեմները: Մենք արյուն ենք թափել այդ հողի վրա, դա մեր հողն է, որը պիտի պաշտպանենք: Բայց կան պետական հարցեր, միջազգային քաղաքականություն: Դա արդեն քաղաքական գործիչների գործն է: Իհարկե, ես ծափ չեմ տալիս նրանց կատարածին, լռում եմ»:

«Առավոտը» հերոսներին արժանավայել կերպով ներկայացնելու մասին հարցը փոխանցեց նաեւ Պարույր Հայրիկյանին: Նա պատասխանեց. «Ընդհանրապես, նրանց ներկայացնելու համար պիտի այդ արժեքային համակարգում ապրես տեւականորեն: Բայց քանի որ արժեքային համակարգերը բավականին փոխված են, ձեր նշած մարդկանց մասին խոսելը անհարմարություն է ստեղծում... Իսկ Ժիրայր Սեֆիլյանի հարցը այլ է: Նա դասական իմաստով քաղաքական կալանավոր է: Դա ոչ միայն մեզ պատիվ չի բերում, այլեւ մեր խայտառակությունն է, էլ չեմ խոսում մարդկային պարտավորության եւ ուրիշ զգացումների մասին»:

 

ԷԼԻ ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ՔՆՆՈՒԹՅԱՆ
 

Անտեսելով ԵԽԽՎ բանաձեւի պահանջները՝ դատարանները շարունակում են «դակել» նախաքննության մարմնի միջնորդությունները:

Տեղեկացրել ենք, որ մայիսի 4-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով երկարացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի կալանքի ժամկետը: Ինքը՝ մարտի 11-ից կալանավորված ու «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գրիգոր Ոսկերչյանը հայտարարությամբ հրաժարվել էր մասնակցել դատաքննությանը՝ գրավոր մասնավորապես փաստարկելով. «Անիմաստ եմ համարում իմ մասնակցությունը մի դատական պրոցեսի, որտեղ ամեն ինչ նախապես որոշված է, եւ ըստ էության՝ արդարադատություն չի իրականացվում»:

Սակայն կարող էր թվալ, թե ԵԽԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձեւից հետո, որի կետերից մեկն է՝ «Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու վկայություն է այն փաստը, որ դատարանները, ըստ երեւույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները՝ հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով», առնվազն պիտի անցկացված լիներ պատշաճ քննություն: Ուստի Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան Հրանտ Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փաստարկներով դատարանը հիմնավորեց Աբովյանի նախկին քաղաքապետին եւս 2 ամիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: «Ոչ մի փաստարկով,- պատասխանեց փաստաբանը:- Նախաքննության մարմինը Գրիգոր Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կապակցությամբ որեւէ հիմնավոր ապացույց չներկայացրեց եւ ընդհանրապես՝ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ չներկայացրեց ոչ մի ապացույց: Դատարանը բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը՝ դեկլարատիվ հայտարարությունների հիմքով: Ոչինչ ասված չէր՝ պարզապես նախաքննության մարմինը պնդում էր, թե բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, պետք է կատարվեն առերեսումներ, իսկ դրանից հետո կծագի լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, դրա համար էլ պետք է եւս երկու ամիս ժամկետ: Ես դատարանին միջնորդեցի, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 1, 2, 3 կետերի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացվեն ապացույցներ, բայց նախաքննության մարմինը փորձ չարեց առաջադրված մեղադրանքը հիմնավորելու, իսկ դատարանը, որը պարտավոր էր ապացույցներ պահանջել՝ չպահանջեց: Ես միջնորդեցի հարգել Ոսկերչյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրները եւ նրա նկատմամբ գոնե ընտրել այլընտրանքային խափանման միջոց, հաշվի առնել այն, որ տարել է թոքի ինֆարկտ եւ տվյալ պարագայում անհրաժեշտ է լուրջ հետազոտություններ ու բուժում: Դատավորը մերժեց նաեւ դա՝ պատճառաբանելով, թե ես մայիսի 4-ին դատարան չեմ ներկայացրել Ոսկերչյանի առողջությանը վերաբերող որեւէ փաստաթուղթ: Իսկ նախկինում՝ 2 ամիս առաջ ներկայացրած փաստաթղթերը չգնահատեց որպես ապացույց: Դարձյալ չհարգվեց իմ միջնորդությունը՝ կապված նրա անձի բնութագրի, հասարակության մեջ ունեցած դիրքի, նախկինում զբաղեցրած պաշտոնների հետ, նաեւ այն, որ զբաղվել է գիտական աշխատանքով»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ վերոհիշյալ բանաձեւի պահանջներից է. «Այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»: Որեւէ ապացույց չկա, թե Գրիգոր Ոսկերչյանը անձնապես մասնակցել է որեւէ բռնության: Նրա պաշտպանն ասաց, թե իր միջնորդության մեջ հիշատակել է նաեւ ԵԽԽՎ բանաձեւի պահանջները. «Ես կոնկրետ պահանջ դրեցի. եթե Գրիգոր Ոսկերչյանը կատարել է հանցավոր արարք, ապա ներկայացրեք որեւէ փաստ: Այդ ապացույցը չներկայացվեց: Ես պահանջեցի, որ եթե փաստ չեք ներկայացնում, ապա ապացուցեք, որ Ոսկերչյանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ չունի: Այս մի պահանջը մի քիչ ավելի զայրացուցիչ էր, ու կտրուկ մերժվեց: Մի խոսքով, դատարանը կայացրեց անհիմն որոշում, որի դեմ բողոք եմ բերելու վերաքննիչ դատարան: Թեեւ համոզված եմ, որ վերաքննիչ դատարանը նույնպես չի բավարարի իմ բողոքը»:

Մեր հարցին, թե ԵԽԽՎ բանաձեւից հետո փաստորեն որեւէ բան չի՞ փոխվել նախնական կալանքի միջնորդությունների քննության իմաստով՝ Հրանտ Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ մի բան չի փոխվել: Դատարանները շարունակում են մնալ իբրեւ դատախազության կցորդներ եւ կատարել նրանց բոլոր պահանջները: Դատարանը կաշկանդված է եւ ինքնուրույն որոշումներ չի կայացնում, ինչի ապացույցն էր նաեւ Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը»:

 

Նախարարն այցելեց «Բյուրակն» համալիր
 

Եվ պաշտոնյաներին խորհուրդ տվեց իրենց երեխաներին չուղարկել արտասահման սովորելու

Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այցելեց «Բյուրակն» կրթահամալիր: «Առավոտը» դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր, որ այս կրթօջախը սովորական հանրակրթական դպրոցներից տարբերվում է ուսման մեթոդներով ու աշխատաոճով. «Բյուրակնի» ամեն մի աշակերտ յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով, եւ ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են բոլոր աշակերտները: Ամեն մի աշակերտ ոչ միայն սովորող է, այլեւ սովորեցնող, այստեղ սովորեցնելով ուրիշներին, սովորում են նաեւ իրենք: Հինգ տարվա պատմություն ունեցող «Բյուրակնի» առանձնահատկություններից է նաեւ այն, որ պետական ուսումնական ծրագրով նախատեսված նյութը աշակերտները յուրացնում են դպրոցում՝ ուսումնական գործընթացի ժամանակ, իսկ տնային աշխատանքներ, որպես այդպիսին, չկան: Կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում օտար լեզուների խորացված ուսուցմանն ու այլ լեզվական միջավայրից եկած աշակերտներին էլ հնարավորություն է տրվում շարունակել ուսումը իրենց իմացած լեզվով: Աշակերտներին նաեւ ուսուցանվում է պար, երգ, շախմատ եւ այլն: Տնօրենի խոսքերով, հարգվում է աշակերտի արժանապատվությունն ու վերջինս զերծ է ֆիզիկական եւ հոգեբանական հարկադրանքից: Վ. Ղազարյանը նաեւ հավաստիացրեց, որ իրենց դպրոցում երեխաների մոտ չիմացած բան երբեք չի կուտակվում, ինչը, ըստ նրա, մյուս դպրոցների մեծագույն խնդիրն է. «Յուրաքանչյուր երեխայի հատկացվում է անհրաժեշտ ժամանակ, որքան հարկավոր է տվյալ թեման յուրացնելու համար»: Տնօրենի ձեւակերպմամբ, այնպես, ինչպես «Բյուրակն» է կազմակերպել ուսումնական պրոցեսը՝ դժվար է. «Անհրաժեշտ է բարձրակարգ եւ զանազան հմտությունների տիրապետող ուսուցիչների թիմ ունենալ: Արդեն չորս տարի անընդմեջ մեր ուսուցիչների վերապատրաստման հարցերով լրջագույն աշխատանքներ ենք տանում: Արդյունքում՝ ձեւավորվել է ուսուցիչների հիմնական կորիզը»: ԿԳ նախարարի խոսքերով, այս կրթահամալիրում փորձարկված նոր մեթոդիկան կարող է օգտակար լինել շրջաններում՝ փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցների համար. «Հայաստանի պրոբլեմն այն է, որ 1400 դպրոցներից 600-ը ունեն 300-ից քիչ աշակերտներ, իսկ 100 դպրոցներում աշակերտների թիվը 100-ից էլ պակաս է: Այս պարագայում առաջանում է երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանների խնդիրը, ինչն էլ պահանջում է նոր մեթոդիկա: Այսօր աշխարհում մեծ զարգացում է ապրում ոչ տրադիցիոն դպրոց հասկացությունը»: Լ. Մկրտչյանի փոխանցմամբ, լեռնային գոտիների 100-ից պակաս աշակերտներ ունեցող դպրոցներում խնդիրը մեթոդիկան է, իսկ այն դպրոցներում էլ, որտեղ երեխաների թիվը հասնում է 300-ի, կա ուսուցիչների պակաս:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է նախարարը վերաբերվում այն երեւույթին, որ ինչ-ինչ կազմակերպություններ իրենց իրավունք են վերապահում փորձարկումներ անցկացնել դպրոցներում՝ անընդհատ սթրեսի ու քննական դողի մեջ պահելով երեխաներին: «Դրանք պարտադիր չեն: Այն երեխաները, ովքեր չեն ցանկանում՝ չեն մասնակցում: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա վատ բան չէ, որովհետեւ որոշ կազմակերպություններ երեխաներին նախապատրաստում են: Մենք ինքներս էլ նախատեսել ենք՝ երեխաներին աստիճանաբար նախապատրաստել: Իմ կարծիքով, եթե դպրոցներում ուղեցույցներ մտնեն, փորձարկումներ կատարվեն, դա վատ չի երեխաների համար: Այդկերպ նրանց հոգեբանորեն պատրաստում ես քննությանը: Երեխաները սթրեսի չեն ենթարկվի, որովհետեւ դրանց արդյունքները որեւէ կերպ չեն հաշվառվում, դրանք չեն ազդում նրանց քառորդների վրա»,- պատասխանեց նախարարը, չուզենալով «նեղացնել», օրինակ, «Թեստմետր» կազմակերպությանն ու նրա ներկայացուցիչ, իր ընկեր Ռուբեն Թոփչյանին: «Առավոտի» մյուս հարցին էլ, թե ինչ խորհուրդ կտա այն պաշտոնյաներին, որոնք մտադիր են իրենց դպրոցահասակ երեխաներին ուղարկել արտասահման սովորելու, Լ. Մկրտչյանը պատասխանեց. «Մինչեւ բակալավրական կրթությունը ներառյալ՝ Հայաստանը նորմալ կրթություն է տալիս: Դպրոցը նախ եւ առաջ կենսակերպ է ու աշխարհընկալում: Այն դպրոցները, որտեղ ուղարկում են, երանի կտան մեր դպրոցներին՝ գոնե երկու հիմնական առավելություններով՝ հայաստանյան դպրոցներում գոյություն չունեն թմրանյութեր եւ սեքսուալ ոտնձգություններ: Հայաստանյան դպրոցներում երեխաները մեծանում են իբրեւ քույր եւ եղբայր: Եվ եթե սեր է առաջանում, ապա դա լինում է մաքուր: Սա մեր կրթական համակարգի ձեռքբերումներից է, որը կապ ունի ժողովրդի մենթալիտետի, ընտանիքի ու մեր ընկալման հետ: Օրինակ՝ ես, որոշակի հնարավորություն ունեմ իմ երեխային ուղարկելու արտասահման, բայց դա չեմ անի: Թող չորս տարի նա իր հայրենիքում ստանա մասնագիտական կրթությունը, որից հետո, եթե կարիք կունենա զարգացնել այն, թող շարունակի արտերկրում: Ես որպես կրթության նախարար, նաեւ խորհուրդ կտամ երեխաներին էլիտար դպրոցներում չփակել, այլ ուղարկել սովորական դպրոց: Ի վերջո, հանրակրթության մեջ հավասարության սկզբունքը շատ կարեւոր է»:

 

«Ասպարեզի» նախագահը խեղճացրեց վկաներին
 

Նախորդ օրը Շիրակի մարզի վարչական դատարանում քննվում էր ոստիկանների ներկայացրած վարչական հայցը

ընդդեմ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

Լեւոն Բարսեղյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակում ժողովրդին հանրահավաքի կոչ անելու ու ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ: Եվ քանի որ նա գտնում է, որ սա սարքած գործ է, դատարանում հանդես էր եկել հակընդդեմ հայցով: Նրա մեկնաբանելով. «Ես գնացել եմ այնտեղ զբոսնելու, սակայն փոխոստիկանապետ Վազգեն Նիկոլայի Հարությունյանը ինձ հրել է, հայցը կազմվել է սուտ հիմքերի վրա, եւ ես պնդում եմ, որ սահմանափակվել է իմ քաղաքացիական, լրագրողական իրավունքը, ես մասնագիտական գործունեությունս խոչընդոտելու համար դատախազություն չեմ դիմել, հույս ունենալով, որ հարցերը կլուծվեն դատարանում»: Դատական նիստի ժամանակ Լեւոն Բարսեղյանը իր դեմ ցուցմունք գրած ոստիկաններից՝ օպեր-լիազորներ Հրայր Քալաշյանից եւ Խաչատուր Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենք ականատե՞ս են եղել Գյումրիում կազմակերպված հանրահավաքին, եւ առհասարակ՝ ի՞նչ է հանրահավաքը նրանց պատկերացմամբ:

Ոստիկանության օպեր-լիազոր Հրայր Քալաշյանը հպարտ-հպարտ պատասխանեց. «Ոչ, ես հանրահավաքի նախաբանն եմ տեսել, իսկ հանրահավաքը այն է, երբ մարդիկ հավաքվում են»: «Ըստ ձեր սահմանման՝ ստացվում է, որ Գյումրիում այնքան հանրահավաք է տեղի ունենում, որքան մեռել են թաղում»,- շշպռեց Լեւոն Բարսեղյանը: Նաեւ հարցրեց. «Եթե ես թատերական հրապարակում կանգնեի ու հավաքվածների համար բարձրաձայն ընթերցեի Սահմանադրության 27, 28, 29 կետերը, ըստ ձեզ՝ դա օրինակա՞ն կլիներ, թե՞ ոչ»: Նույն վկան խեղճացավ՝ սկզբում պատասխանելով, թե դա գովելի կլիներ, այնուհետեւ ասաց, թե նայած Սահմանադրության որ հոդվածն է ընթերցում: Ոստիկաններից յուրաքանչյուրի գրած ցուցմունքի մեջ զավեշտալին այն էր, որ «ես» բառի փոխարեն օգտագործված էր «մենք» բառը: Պարզվեց, որ ցուցմունք գրած օպեր-լիազորները ոչ մի օրինական պահանջ չէին ներկայացրել Լեւոն Բարսեղյանին եւ իրականում փոխոստիկանապետ Վազգեն Հարությունյանի գործողություններն էին իրենց վերագրել:

Վկաները նաեւ չկարողացան ապացուցել, որ Լեւոն Բարսեղյանը դիմադրություն է ցույց տվել ու ոստիկանության մեքենան չի նստել: Որպես վկա ներկայացել էր նաեւ փոխոստիկանապետ Վ. Հարությունյանը, որը թատերական հրապարակում վիրավորել էր Լեւոն Բարսեղյանին՝ նրան հրելով, օձիքից քաշելով: Վերջինս, ի դեպ, այդքան ազնվություն ունեցավ, որ խոստովանեց Լ. Բարսեղյանին հրելը:

Փաստորեն Գյումրիում ոչ մի հանրահավաք տեղի չի ունեցել, եւ ոստիկանությունը վարչական գործ հարուցել է այն ենթադրության հիման վրա, թե կարող էր «չիրազեկված» հանրահավաք լինել: «Ասպարեզ» ակումբի նախագահը լրագրողների հետ զրույցում փոխանցեց. «Ես քաղաքացիներին ձեռքի շարժմամբ կանչել եմ, թե մոտեցեք՝ իրար երես տեսնենք, բայց ոստիկանությունը ծաղկեցրել-դարձրել է, թե ես էդ շարժումը արել եմ՝ հանրահավաքի կոչ անելով: Միաժամանակ չկարողացան ապացուցել, որ իմ այդ կոչերը անօրինական են: Ոստիկանությունը շարունակում է իր արատավոր գործելաոճը, իրենց թվում է, թե այն, ինչ իրենց թվում է, դա է օրինական: Անեկդոտ է սրանց վարչական գործը: Ես խոստանում եմ դատարանից վերցնել իմ եւ ոստիկանության հարց ու պատասխանը, որ կլինի տարվա հիթը, կտեսնենք, թե ինչպես է ոստիկանությունը պատասխանում մարդու իրավունքների հետ կապված մի շարք հարցերի»:

 

«Տնօրենն ու գեղղեկավարը համախոհներ են»
 

Չեխական փորձն է ներկայացնում ճանաչված դաշնակահար Յան Սիմոնը

Առաջին անգամ Հայաստանում Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ մայիսի 8-ին հանդես կգա չեխ վիրտուոզ դաշնակահար (եվրոպական մամուլի գնահատմամբ) Յան Սիմոնը, կատարելով Սեն-Սանսի դաշնամուրի եւ նվագախմբի երկրորդ կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան):

«Առավոտի» հանդիպումը արվեստագետի հետ պայմանավորված էր այն մտահոգություններով, որոնք կապվում են հայաստանյան մշակութային կառավարման խնդիրներին: Քանիցս անդրադարձել ենք եվրոպական մշակութային կենտրոն դարձնելու կառավարման մոդելները մեր երկիր «տեղափոխելու» խնդրին: Հիշեցնենք, որ խոսակցությունների, մտահոգությունների առանցքում անընդհատ հոլովում ենք գեղարվեստական ղեկավար-տնօրեն հարաբերությունների հարցը, շատ հաճախ դիլետանտորեն պնդելով, որ ՊՈԱԿ կոչվածը բացառում է գեղարվեստական լիդերությունը:

Տեղեկացնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հանրապետություններից Հայաստանն առաջին երկիրն է, ուր Յան Սիմոնը եկել է համերգային այցով:

Տեղեկանալով, որ դաշնակահարը նաեւ Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գործադիր տնօրենն է, հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ իր եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնները միանձնյա ղեկավարելը: Յան Սիմոնը հայտնեց, որ ինքը՝ որպես Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գործադիր տնօրեն, նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Վալեկը համախոհներ են: «Մենք երկուսով ենք քննարկում նվագախմբի ինչպես գեղարվեստական, այնպես էլ ադմինիստրատիվ հարցերը: Ինչ խոսք, ես պատասխանատու եմ համերգաշրջանի ծրագրերի համար եւ, իհարկե, միեւնույն ժամանակ՝ ֆինանսական մասով: Քանի որ մեր եւ ձեր երկրները համեմատաբար նոր են սոցիալիզմից անցել կապիտալիզմի, կարծում եմ, ֆինանսավորման հարցը նույն վիճակում է: Օրինակ, մեր նվագախմբի միջոցների 80%-ը հոգում է պետությունը: Մենք ռադիոյի կոլեկտիվ ենք, միջոցները գոյանում են ռադիոյի համար մուծվող վճարներից, մնացած 20%-ի հարցերը լուծում ենք մենք»,- ասաց Յան Սիմոնը: Դաշնակահարը մի քանի հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Շոպենի, թագուհի Էլիզաբեթի, Չայկովսկու: Քանի որ վերջին տարիներին «Առավոտի» հետ զրուցած երաժիշտներից շատերը թերահավատորեն են տրամադրված մեր օրերում հիմնված մրցույթներին, ցանկացանք լսել Յան Սիմոնի կարծիքը: «Ասեմ, որ ես մրցույթներ չեմ սիրում: Օրինակ, երբ թագուհի Էլիզաբեթի մրցույթին շահեցի գլխավոր մրցանակը (Բրյուսել, 1991թ.) լրագրողներն ինձ հարցրին, թե որքա՞ն հպարտ եմ, պատասխանեցի, որ մրցանակը ընդամենը հաճելի է ինձ: Կարծում եմ, որ եթե ժյուրին ընդամենը մի քանի անդամով ավելի լիներ, հնարավոր է, որ ես ոչ թե գլխավոր մրցանակ չստանայի, այլ ընդհանրապես ուշադրության չարժանանայի: Չէ՞ որ ժյուրիի ցանկացած անդամ իր մոտեցումը, ճաշակն ու համակրանքն ունի: Չեմ բացառում, որ այդ մրցույթի մասնակից 140 երաժիշտների թվում գոնե 40-ը, որոնք այդպես էլ չնկատվեցին, բարձրակարգ երաժիշտներ էին»,- նշեց դաշնակահարը: Ըստ նրա, մրցույթ հասկացությունը այսօր ընդգրկել է ոչ միայն մշակութային ոլորտը, այլեւ սոցիալականը, գյուղատնտեսականը եւ այլն. «Ծանոթ լինելով հայաստանյան Խաչատրյանական միջազգային մրցույթին, ասեմ, որ թեեւ մեր օրերում մրցույթները իմաստազրկվել են, այդուհանդերձ, կան որոշ մրցույթներ, որոնց անցկացումը ավելորդ չէ: Հայաստանի դեպքում՝ իրոք իմաստ կա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ անցկացնելը՝ ձեր հանճարեղ կոմպոզիտորի անունը անընդհատ հնչեցնելու համար»:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ