Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի համար շատ կարեւոր խնդիր է տաղանդներ եւ ներդրումներ ներգրավելը»․ Երեւանում անցկացվեց Doing Digital Forum-ը

Ապրիլ 03,2024 17:34

«Եթե դիտարկենք 20 տարի հետոն, ապա բանկերը կդառնան համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով կիրականացվի ամբողջ գործառույթը։ Բանկերի մասնաճյուղ հասկացությունը գրեթե գոյություն չի ունենա, եւ մեր օրերում շատ երկրներում արդեն բանկերի մասնաճյուղեր չկան։ Այս տեխնոլոգիական զարգացումը վերաբերում է ոչ միայն բանկային ու ֆինանսական ոլորտին, այլ նաեւ առողջապահության, կրթության, ինչո՞ւ չէ, նաեւ տրանսպորտի ոլորտներին»,- ասում է Doing Digital Forum-ի այս տարվա գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի եւ բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգը։

Նա այսօրվա իր ելույթում անդրադարձել է նաեւ ապագային՝ խելացի տնտեսությանը, արհեստական բանականությունն այդ նպատակներով օգտագործելուն, եւ այլ հարցերի։

 

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումն այս տարի անցկացվեց «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին շարունակ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:

DDF24-ում քննարկվող թեմաներն են թվային փոխակերպումները տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաեւ թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։ Անդրադարձ կլինի նաեւ կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն: DDF24-ը հյուրընկալում է ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից։

«Այսօր խոսում ենք այս ոլորտում Հայաստանի ներուժի մասին։ Ինչպես գիտեք, քննարկվում է ապագայում Հայաստանի Եվրոպական միության մաս դառնալու հարցը, որը լավ գաղափար է։ Սա Հայաստանի համար նոր հնարավորություններ ու շուկաներ կբացի։ Բայց այստեղ Հայաստանի համար շատ կարեւոր խնդիր է տաղանդներ եւ ներդրումներ ներգրավելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բրեթ Քինգը։

Նա նշեց, որ Հայաստանում ներդրումներ կատարելու ու տաղանդներ ներգրավելու համար երկու նախապայման արդեն իսկ ապահովված է։ «Առաջինը թվանշանային վիզա ստանալու հնարավորությունն է, այսինքն՝ մարդիկ, որոնք ցանկանում են այստեղ գործունեություն ծավալել, կարող են մեկ տարվա վիզա ստանալ թվային տարբերակով։ Երկրորդը ինտերնետ կապի հասանելիությունն է, որը կարող եմ ասել՝ շատ ավելի լավ ու որակով է, քան բազմաթիվ երկրներում։ Կարելի է մի փոքր ավելի մեծ ներդրումներ կատարել հեռահաղորդակցության ոլորտում, որպեսզի բանկային օնլայն ծառայություններն ավելի բարելավվեն»,- ասաց նա։

Մասնագետը կարծում է, որ խելացի տնտեսություն ունենալու եւ արհեստական բանականությունը ներդնելու հարցում շատ կարեւոր է բանկերի պատրաստվածությունը․ «Եթե խոսում ենք ապագայի մասին, ապագայում Հայաստանի բանկային համակարգն իրոք անելիքներ ունի թվայնացման փոխակերպման առումով»։

Doing Digital հարթակի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանի խոսքով՝ Doing Digital Forum-ը կայացավ, որովհետեւ թվայնացումը գլոբալ օրակարգ է։ «Բացի նրանից, որ ֆորումը կայացավ արդեն երկրորդ տարին, եւ դա նշանակում է, որ մենք արդեն միջազգային ձեւաչափ ենք բերել Հայաստան, նաեւ այն է կարեւոր, որ ոլորտը լուսաբանող աշխարհի առաջատար ԶԼՄ-ները խոսում են Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական փոփոխություններին ու տրանսֆորմացիաներին արձագանքող հաբի մասին։ Ինչպես նաեւ Հայաստանը դիտարկում են ներուժ ունեցող երկիր, որովհետեւ մենք անընդհատ խոսում ենք այդ օրակարգից եւ բովանդակային ենք խոսում»,- ասաց նա։

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Թվային փոխակերպման այս օրակարգն ու ճանապարհը սկսել ենք դեռ տարիներ առաջ։ Մոտ 7-8 տարի է, որ Ամերիաբանկն այդ գործընթացի մեջ է, իսկ շատ ավելի ինտենսիվ՝ վերջին երեք տարիներին։ Եվ դա կոնկրետ ունի գործնական արդյունքներ։ Մի քանի թիվ կուզեմ հնչեցնել, որը փաստում է, որ մեր բանկն արդեն ֆինթեք ընկերություն է։ Ամերիաբանկի գործարքների 98 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս է կատարվում, այսինքն՝ մասնաճյուղերում ընդամենը գործարքների 2 տոկոսն է այսօր իրականացվում։ Տարբեր ծառայությունների վաճառքների կեսից ավելին արդեն թվային ուղիներով է վաճառվում։ Բայց այդ տեմպն էլ բավական արագ փոխվում է, եւ մենք ակնկալում ենք, որ մոտավորապես մինչեւ տարեվերջ վաճառքների 60 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս կլինի։ Եթե ավանդական բանկային ծառայություններին՝ վարկերին անդրադառնանք, Ամերիաբանկի մանրածախ վարկերի եւ փոքր ու միջին բիզնեսին ուղղված վարկերի 90 տոկոսն այլեւս թվային է՝ օնլայն, հեռահար։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ Ամերիաբանկը մեծամասամբ թվային բանկ է։ Թվային փոխակերպումը ոչ թե ցանկալի օրակարգ է, այլ, ըստ էության, պարտադիր օրակարգ է»,- ասաց Արման Բարսեղյանը։

Ըստ նրա՝ Ամերիաբանկի հիփոթեքային վարկերի 51 տոկոսը նույնպես թվային է․ «Այսինքն՝ մեր հաճախորդները շատ ավելի արագ ու ավելի ինտենսիվ են արձագանքում այս փոփոխություններին։ Եվ այդ գործընթացն ունի նաեւ արագացման տեմպ»։

Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է միջազգային կառույցներում։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Եթե թվային փոխակերպման տեսանկյունից համեմատեմ Հայաստանը Գերմանիայի կամ Ավստրիայի հետ, որոշ առումներով Հայաստանում մենք նույնիսկ ունենք ավելի բարձր մակարդակ»։ Ըստ բանախոսի՝ պետք է գնալ թվային փոխակերպման ճանապարհով, որովհետեւ այլընտրանք չկա։ Աշխարհում ամեն ինչ արագ փոփոխվում է, նաեւ հաճախորդների սպասելիքներն են փոխվում։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այս ոլորտում Հայաստանի կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ կա մարդային ռեսուրսների խնդիր։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930