Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվել կեղծ այլընտրանքներից եւ բարդույթներից

Օգոստոս 10,1995 16:30

«Առավոտ» թերթի հարցազրույցը Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վարդան Օսկանյանի հետ

 – Մենք հաճախ ենք լսում Հայաստանի մասին որպես աշխարհաքաղաքական կարեւոր դիրք եւ նշանակություն ունեցող երկիր։ Բայց նկատի ունենալով Հայաստանի փոքրությունը եւ հատկապես ծովի բացակայությունը, թվում է թե դա մի փոքր չափազանցություն է: Ինչո՞ւմն է կայանում Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը:

– Ճիշտ է, Հայաստանը փոքր երկիր է եւ չունի հզոր տերություններին ներհատուկ ընդարձակ տարածք ու ռազմավարական խորք։ Հակառակ սրան, Հայաստանն աշխարհաքաղաքական առումով իրոք որ խիստ կարեւոր նշանակություն ունեցող երկիր է՝ հիմնականում հետեւյալ պատճառներով։ Առաջին՝ այն գտնվում է նախկին Սովետական Միության տարածքում, որը դեռեւս դիտվում է որպես Ռուսաստանի ազդեցության ոլորտ, եւ որի նկատմամբ Արեւմուտքը եւ Ռուսաստանն ունեն հատուկ եւ միաժամանակ խիստ տարբեր վերաբերմունք։ Երկրորդ՝ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային երեք գլխավոր տերությունների՝ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի մեջտեղում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ շահերը եւ այդ շահերի հետապնդման ձեւերը։ Երրորդ՝ Հայաստանը գտնվում է մեծ նավթային պաշարների հարեւանությամբ։ Չորրորդ՝ եւ իմ կարծիքով սա ամենակարեւորն է, Հայաստանը երեւի աշխարհի միակ երկիրն է, որի մի փոքր հողակտորի կորուստը կարող է աներեւակայելի աշխարհաքաղաքական փոփոխություն մտցնել միջազգային հարաբերություններում։ Իրոք, Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը հասկանալու համար մտովի մի պահ պատկերացնենք Զանգեզուրի կորուստը, հարկ կլինի ընդունել, որ դա կլիներ մի զարգացում, որը խստորեն կփոխեր ամբողջ տարածաշրջանի եւ համաշխարհային աշխարհաքաղաքական նկարագիրը։

– Հայաստանը գտնվում է Եվրոպա-Ասիա-Միջին Արեւելք եռանկյունու կենտրոնում եւ հանդիսանում է արեւմտյան քրիստոնեական մշակութային դաշտի հարավային եզրաթեւը: Այս հանգամանքն էլ առաջ է բերում այն հարցադրումը, թե, ի վերջո, որտե՛ղ է իրեն տեսնում Հայաստանը։

– Իհարկե կա նաեւ այս նույն հարցադրման հակառակ երեսը՝ ինչպիսին է ընկալվում Հայաստանը Արեւմուտքի եւ ինչպիսին՝ Արեւելքի կողմից։

Աշխարհագրական առումով Հայաստանը մոտ է Միջին Արեւելքին։ Այս համակարգում ներընդգրկվելը կարող է մի շարք դրական այնպիսի հետեւանքներ ունենալ, ինչպես գիտատեխնիկական պոտենցիալի օգտագործմամբ տարածաշրջանում գերակա որոշ դիրքի հասնելը, հսկայազանգված ազգաբնակչություն ունեցող տնտեսական շահավետ շուկա դուրս գալը։ Սակայն այստեղ լուրջ խոչընդոտներ կարող են հանդիսանալ կրոնական ու մշակութային տարբերությունները, կարող են դանդաղել գիտատեխնիկական խոշոր առաջընթացի միտումները, ինչը ներկայանում է որպես բացասական հետեւանք։

Եվրոպական համակարգ մուտք գործելու դրական կողմն այն է, որ նման առաջընթացի միտումներն, ընդհակառակը, կխթանվեն, իսկ համակարգում ներընդգրկվելն ավելի դյուրին կլինի կրոնական-մշակութային հարազատության հիմքի վրա։ Սակայն այդ ճանապարհին լուրջ խոչընդոտ կհանդիսանա Արեւմուտքի համեմատությամբ Հայաստանի տնտեսական զարգացման մակարդակը, տեխնոլոգիական հետամնացությունը, համակարգում ներընդգրվելու գործընթացը կլինի երկարատեւ։

«Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք» երկընտրանքից պարզապես հարկավոր է ազատվել։ Հայաստանը թե՛ քաղաքական-տնտեսական, թե՛ մշակութային առումներով պետք է դիտել իբրեւ Արեւմուտքի ու Արեւելքի կամուրջ, նրանց կապող օղակ։

Եվ ներդաշնակորեն ու հակադրությունների աստիճանական մեղմացման ուղիով Միջին Արեւելքում եւ մեր անմիջական հարեւանությամբ գործելու, բայց դեպի Եվրոպա ու Արեւմուտք ձգտելու հանձնարարականը, չպետք է եւս մեկ անգամ ծանրաբեռնվի երկընտրանքի անխուսափելիության հոգեբանական բարդույթով, այլ ձերբազատվելով դրանից, դառնա օբյեկտիվ իրականության, պատմաքաղաքական օրինաչափության արտացոլում։

– Նման աշխարհաքաղաքական իրավիճակը ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է թելադրում Հայաստանին։

– Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքն առաջին օրվանից եղել է այն, որ Հայաստանը փորձելու է բաց պահել բոլոր այլընտրանքային արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունները։ Ելնելով այն փաստից, որ գոյություն ունի տարածաշրջանում իրենց ազդեցությունը ուժեղացնելու համար Ռուսաստան, Իրան, Թուրքիա եռակողմ մրցակցություն, եւ այդ մրցակցությունում հաղթանակելու համար նրանցից յուրաքանչյուրը Հայաստանի «դաշնակցության» կարիքը ունի, Հայաստանը հայտնվում է քաղաքականորեն շահավետ հիմնառանցքային դիրքում։

Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միանգամից սահմանափակեց այլընտրանքային հնարավորությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, վերացրեց հորիզոնական առանցքի (Ադրբեջան-Թուրքիա) օգտագործման հնարավորությունը։ Այդ ուղղությունների օրինաչափ ծավալումը այլընտրանքային արտաքին քաղաքականություն իրականացնելու լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանին, որը եւ ելնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակից, պետք է հանդիսանա մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը։

 – Դուք վերեւում նշեցիք, որ մենք պետք է ձերբազատվենք Արեւելքում թե Արեւմուտքում լինելու բարդույթից։ Կա՞ն արդյոք այլ բարդույթներ մեր արտաքին քաղաքական մտածելակերպի մեջ:

– Հայաստանի ժողովրդական արտաքին քաղաքական մտածելակերպը տառապում է երկու բարդույթներից՝ մեկը թուրքականն է, որը պատմական անցյալի հետեւանքն է, մյուսը՝ ռուսականը, որ աշխարհաքաղաքական իրողությունների արտացոլումն է եւ անցած 75-ամյա խորհրդային տիրապետության, եւ դրանից առաջ ցարական Ռուսաստանի ժառանգության։ Թուրքական բարդույթը երկու բաղադրիչներից է կազմված՝ առաջինը, որ առանց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հնարավոր չէ բնականոն հարաբերությունների ստեղծումն ու խաղաղ գոյակցումը, երկրորդ, որ Թուրքիան ինքը դեռեւս չի հրաժարվել իր համաթուրանական ծրագրերից, որոնցում Հայաստանն իր առանձնահատուկ տեղն ունի։

Ռուսական բարդույթը երեք հիմնական բաղադրիչներից է ամբողջանում։ Նախ, Հայաստանը տնտեսապես չի կարող գոյատեւել. առանց Ռուսաստանի, երկրորդ, Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանը մնում է Ռուսաստանի շահերի ոլորտում, եւ, վերջապես, ցանկացած առճակատման դեպքում Հայաստանի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կդրվի, եթե այն գործի Ռուսաստանի կամքին հակառակ։

Անշուշտ, երկուսն էլ իրական հիմքեր ունեն։ Բայց դրանք իրապես բարդույթների են վերածվում, երբ պատմաքաղաքական փաստերի եւ աշխարհաքաղաքական իրականությունների մեր ընկալումները ենթագիտակցության, զգացական-հոգեբանական ոլորտներից կոնկրետ գործողությունների ու փոխհարաբերությունների ոլորտ են տեղափոխվում եւ ներգործություն ունենում մեր քաղաքական վարվելակերպի վրա։

– Արտաքին քաղաքականության որոշումներ կայացնողների վրա բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններից բացի ազդում է նաեւ հենց այդ որոշումներ կայացնողների աշխարհայացքը։ Ո՞րն է այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվողների շրջանակում իշխող աշխարհայացքը եւ ինչպես է այն ձեւավորվել։

– Հայաստանի ներկայիս ղեկավարների աշխարհայացքի կազմավորման վրա ազդեցություն են ունեցել մի քանի գործոններ, հայ ժողովրդի պատմական անցյալի իրողությունները, խորհրդային շրջանի դառն իրականությունը, ղարաբաղյան շարժման վայրիվերումները եւ հայոց անկախ պետականության հաստատման ժամանակաշրջանի յուրահատկությունները՝ նոր աշխարհակարգի ձեւավորման եւ ուժերի վերադասավորման պայմաններում։

Բնական է, որ դարերով օտար բռնապետությունների լծի տակ կքած փոքր ժողովուրդները, եւ, հատկապես, դարասկզբի ցեղասպանության սարսափներն ապրած հայ ժողովուրդը, նախապատվությունը պետք է տան իրապաշտական աշխարհայացքին, որը միջազգային հարաբերությունների հիմքում դնում է ուժի տիրապետող գործոնը։

Սակայն ժողովրդի գոյատեւման, անկախ պետականության կայացմանն առնչվող եւ տնտեսական ծանր պայմաններից բխող մտահոգությունները հակվում են նաեւ դեպի գաղափարապաշտական մոտեցումները, որտեղ հարաբերությունների հիմքում ընկած են երկրների միջեւ համագործակցության սկզբունքները։ Այդ երկուսի միատեղ ներգործությամբ Հայաստանի ղեկավարների մեջ ձեւավորվել է մի աշխարհայացք, որն առավելաբար կարելի է բնութագրել իբրեւ արդիապաշտական, եւ որտեղ, մի կողմից, կարեւորվում են ուժի ու սեփական պաշտպանունակության դերը, իսկ մյուս կողմից՝ հարեւանների հետ բնականոն, բարիդրացիական հարաբերությունների հաստատման նշանակությունը՝ անվտանգության երաշխիքների ապահովման տեսանկյունով։ Իհարկե, այդ աշխարհայացքում իրապաշտական կամ գաղափարապաշտական սկզբունքների գերակշռությունը պայմանավորված է նրանով, թե ինչպիսին են մեր պատկերացումները Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ձգտումների ու նպատակների վերաբերյալ, ինչպիսին են նրանց քաղաքական ծրագրերի մեր գնահատումները։ Վերջիններս կարող են տրամագծորեն տարբեր ուղղություններ պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Այդօրինակ բնույթ ունեն, ասենք այնպիսի հարցադրումները, թե Ռուսաստանն արդյոք մտադի՞ր է վերականգնել կորցրած կայսրությունը, Թուրքիան կձգտի՞ արդյոք իրականացնել համաթուրանական ծրագիրը, Ադրբեջանը իրականում կհակվի՞ դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, թե կնախընտրի բնաջնջման ու տեղահանումների ուղին, եւ այլն:

Հետաքրքրական է օրինակ զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջեւ: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը գերապատվությունը հիմնականում տալիս է իրապաշտական աշխարհայացքին՝ ելնելով պատմական անցյալի փորձից, ներկա պատերազմական իրականությունից, որ ժողովրդի ֆիզիկական գոյատեւման հարցը միմիայն պատերազմի ելքից է կախված։ Նրանք գլխավորապես կարեւորում են ուժային հարաբերությունների՝ իրապաշտական տեսության ելակետային սկզբունքը եւ հավատացած են, որ Ադրբեջանը հակված է խնդրի ռազմական լուծմանը։ Այս նույն համոզումներից էլ բխում է շեշտված թերահավատությունը միջազգային ատյանների ու նրանց առաջարկած անվտանգության երաշխիքների նկատմամբ։ Աշխարհայացքային այս տարբերություն էլ հաճախ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի շուրջ տարակարծությունների ու անհամաձայնության պատճառ են դառնում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031