Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսակցությունը դարձյալ կարճ եղավ

Սեպտեմբեր 09,1995 17:44

Հայաստանի Գրողների միությունն անցած տարվա հոկտեմբերին ստեղծագործական բնույթի հիմնահարցերի քննարկումն իր արտակարգ՝ 15-րդ համագումարից փոխանցելով մեկ ամիս հետո կայանալիք ընդհանուր ժողովին՝ չհասավ առաջադրված նպատակին։ Բարձրացված հարցերը խլացան ելույթներին ուղեկցող աղմկահույզ արձագանքներով։ Այնպես որ՝ միանգամայն տրամաբանական էր, թե ինչո՛ւ նույն հարցը վերստին օրակարգ մտավ երկու օր առաջ Հայաստանի ԳՄ վարչության լիագումար նիստում: Ավաղ, չնայած բավականին հանգամանալից նախապատրաստությանը, մտահոգիչ խոսքը դարձյալ կարճ եղավ, չծավալվեց, ենթադրվող երկու օրվա փոխարեն նիստը տեւեց ընդամենը մեկ օր։ Եվ դա, ըստ իս՝ երեք պատճառով։ Այն, որ տակավին չեն ժխտվել Գրողների միությունն ավելորդ կառույց համարելու առկա նկրտումները, որոնք հաճախ սնվում են անբարյացկամության, չկամեցողության ակունքներից։ Եվ հատկապե՛ս այն, որ այնքան առատ չի եղել գրական հունձքը, որը հիմնական զեկուցողին՝ բանասիրության դոկտոր Դավիթ Գասպարյանին «զրկեր» մի ամբողջ տասնամյակ հայացքի տակ առնելու իրավունքից։

Այսուհանդերձ, լիագումար նիստը, թեեւ դժգույն, այնուամենայնիվ լույս սփռեց գրական իրողության ու զարգացման միտումների վրա։ Այդ լույսը առկայծումներով անցավ զեկուցման, արձակագիրներ Ռաֆայել Նահապետյանի, Խաժակ Գյուլնազարյանի, բանաստեղծներ Արտաշես Ղազարյանի, Երվանդ Պետրոսյանի, գրաքննադատ Ազատ Եղիազարյանի, այլոց ելույթներում ու հատկապես Հայաստանի ԳՄ վարչության նախագահ Ռազմիկ Դավոյանի եզրափակման խոսքում։

Ահա ինչ մնաց ընդհանուր հայտարարում։

Հայաստանի Գրողների միությունը անշրջանցելի կառույց է։

Հակառակ իր դեմ գործադրվող բարոյական ու իրավական հարձակումներին, հակառակ հայոց գրականության դաշտում արհեստականորեն առաջացված քաոսին, նա կատարում է ղեկորդի դերը, ամրապնդում է հավատը գրողական կյանքի անհրաժեշտության նկատմամբ, վերականգնում ու ակտիվ աշխատանքի է տրամադրում ստեղծագործական բոլոր բաժանմունքներին, փորձեր է անում ապահովելու մարող գրական մամուլի պարբերականությունը, համառորեն շարունակում է գրականությունը պետական հովանավորության ոլորտ մտցնելու իր ջանքերը։

Անհիմն է ու անթույլատրելի հայ գրականության նկատմամբ մեզանում դրսեւորվող ու պաշտոնական միջոցներով հաճախ տարփողվող նիհիլիզմը։ Հանրապետությունում կա՛ գրական-ստեղծագործական գործընթաց։ Ծնվում են նոր գրքեր, որոնք ցավոք, մնում են անտիպ, այդ իսկ պատճառով էլ կարող են համարվել ընդամենը «փականքի տակ գտնվող» հարստություններ։ Կոչումով գրողը չի կարող չստեղծագործել, որքան էլ կտրվեն մարդկային հարաբերությունների շատ կապեր ու փշրվեն ընթերցողների լայն զանգվածների հոգեւոր սնունդ տանող խողովակները։ Այդ հարստությունների գանձանակում ներդրում ունեն մեր ավագները, որոնց անուններն ու վաստակը լայնորեն հայտնի է ե՛ւ մայր ժողովրդին, ե՛ւ օտարներին, ովքեր պատվով են պահպանում գրական մակարդակն ու այլեւս իրենց նվաճումներից նահանջելու տեղ չունեն։ Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջան ապրող գրական սերունդ ունենք, ով նույնպես չի կարողանում շատ բան լույս աշխարհ հանել իր ծանրակշիռ վաստակից։ Ունենք հրաշալի հայտնություններ՝ անհատականության անժխտելի դրոշմով արձակագիրներ ու բանաստեղծներ, ու նրանց շարքերն անցնելու հայտ ներկայացնող տասնյակ «սկսնակներ»։

Եվ, անտարակույս, մոտենում է այն օրը, երբ սկսվելու է մեր ազգային գրականության զարգացման նոր նախադրյալների եւ ուղենիշ սկզբունքների ճշգրտումը։ Սկզբունքներ, որոնք չեն բացառելու գրական խմբակցությունների (որոնցից մեկն այսօր իրեն միություն է հռչակել), գրական հոսանքների անհրաժեշտությունը, եւ արվեստի իրենց նոր ըմբռնումները, իրենց հավատո հանգանակները ու հռչակագրերը ներկայացնող ստեղծագործողները չեն դիտվելու որպես «հերձվածողներ»։

Ժաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930