Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան շատ, այնքան լա՞վ

Հոկտեմբեր 14,1995 12:55
jenya

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին ավարտվելու է 55 միջին եւ խոշոր ձեռնարկությունների մնացյալ բաժնետոմսերի բաժանորդագրության ժամկետը։ Այդ ձեռնարկությունները սեփականաշնորհվելու են բաց բաժնետիրական ընկերությունների վերածվելու միջոցով։ Ապապետականացման գործընթացը, որն սկսվել էր 1994 թ. սեփականաշնորհման ծրագրով եւ փոխադրվել էր 1995թ., ընթանում է թեեւ դանդաղ տեմպերով, բայց, դատելով խուճապային պահանջարկից՝ բավականին բարեհաջող։ Առայժմ բոլոր սեփականաշնորհվող օբյեկտներից չի կայացել միայն երկուսի՝ Երեւանյան «Պոլիպլաստ» եւ Վանաձորի բարձր ճշգրտության հաստոցների գործարանի բաժանորդագրությունը։ Մնացած ձեռնարկությունների բաժնետոմսերը (եւ դա մեծ գոհունակությամբ է նշում կառավարությունը) վաճառվել են հաջողությամբ, ընդ որում մի շարք դեպքերում՝ բաժանորդագրության սահմանագծի գերազանցմամբ։ Այդպիսիք են՝ Աբովյանի գարեջրի գործարանը, Երեւանի փորձարարական ծխախոտի գործարանը, Երեւանի շամպայնի գործարանը։ Նրանց բաժնետոմսերի թիվը, բարձր պահանջարկի հետեւանքով, մեծապես գերազանցել է սկզբում նախատեսված քանակը։

Ամեն ինչ լավ կլիներ, եւ մենք պետք է ուրախանայինք նման կարեւոր գործում ցուցաբերվող քաղաքացիական ակտիվությամբ, եթե չլիներ մի կարեւոր նկատառում։ Արժե՞, արդյոք, շնորհավորել նորահայտ բաժնետերերին վաուչերների հաջող ներդրման առթիվ, եւ արդյո՞ք նրանք գոհ կլինեն, ասենք, մեկ տարի անց, երբ գա այդ բաժնետոմսերից դիվիդենտներ ստանալու ժամանակը։ Չէ՞ որ բաժանորդագրության գերազանցումը եւ, հետեւաբար, բաժնետերերի թվի մեծացումը անխուսափելիորեն կբերեն բաժնետոմսերի գնի անկմանը եւ, բնականաբար, սպասվող դիվիդենտների գումարի նվազեցմանը։ Դժվար է մեր պայմաններում ակնկալել, որ փայատերերի թվի մեծացման հետեւանքով կավելանա նաեւ արտադրությունը։ Ձեռնարկության մեջ մենք ներդնում ենք ոչ թե դրամ, այլ վաուչեր, այլ կերպ ասած, բաժանում ենք նրա անվանական արժեքը եւ սպասվող դիվիդենտները։ Դեռ հարցականի տակ է նաեւ, թե արդյո՞ք մոտակա տարիներին հնարավոր է եկամուտների բարձրացում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր գրեթե բոլոր արտադրական ձեռնարկությունները խրված են պարտքերի մեջ։ Եթե նրանք նույնիսկ կարողանան դիվիդենտներ վճարել իրենց բաժնետերերին, ապա միայն սիմվոլիկ չափերով՝ բաժնետոմսերի արժեզրկումից խուսափելու համար։

Սկզբունքորեն նման իրավիճակը պետք է նորմալ համարել։ Արժեթղթերի երկրորդական շուկայի ձեւավորման հետ բաժնետոմսերը կհոսեն մանր փայատերերից խոշոր փաթեթներ ունեցողների մոտ։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ խաբված ավանդատուների փոխարեն ի հայտ կգա խաբված բաժնետերերի մի հսկայական բանակ։ Արդո՞ք իրեն խաբված չի համարի այն շարքային բաժնետերը, որը կհայտնաբերի, որ իր վաուչերների փոխարեն (որոնց գինը, հավանաբար, աճելու է) ձեռք է բերել գրեթե ոչինչ չարժեցող թղթեր։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031