Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ զրկեք մեզ լուսավոր ապագայից

Հոկտեմբեր 18,1995 11:08

Բյուջեի ճեղքվածքի համար մե՞նք ենք մեղավոր

Սեպտեմբերյան երանությունը երկար չտեւեց։ Յուրաքանչյուր ընտանիքից հավաքած 2000-ական դրամը, որը նշանավորում էր էլեկտրաէներգիայի գծով մեր հարգարժան պետական գործիչների նորագույն քաղաքականության սկիզբը, բնակչության որոշակի մասին հոսանքով ապահովեց մեկ ամիս միայն։

Կառավարության խոստումները կյանքի չկոչվեցին։ Այս անգամ եւս մեղավոր գտնվեցին մեր «անգիտակից եւ անկիրթ քաղաքացիները»՝ մեջբերում մեր վարչապետի խոսքից, երբ նա իր կարծիքն էր հայտնում էլեկտրաէներգիայի օգտագործման համար բյուջեի պարտքերը չմարելու մասին։

Վերջերս գազի մատակարարման վերաբերյալ հերթական պայմանագիրը կնքելուց հետո Աշգաբադից տուն վերադառնալիս ինքնաթիռում տեղի ունեցած զրույցի ժամանակ, Հայաստանի կառավարության ղեկավարը կրկնեց վերոհիշյալ բնութագրումը, ասես հաստատելով իր այն միտքը, որ բնակչության պարտքերը ի վիճակի են լրջորեն վնասել հանրապետության տնտեսությանը։

Եվ լույսն անջատեցին։ Եվ կորան մեր 2000 դրամները։ Հավանաբար, «հարկահավաքի» ժամանակն է եկել։ Անկեղծ ասած, դեմ չեմ, թո՛ղ հավաքեն։ Դա այն գումարն է, որ մեր քաղաքացիներից շատերը պատրաստակամությամբ կմուծեն պետական բյուջե։ Ընդունելի տարբերակ է, սակայն… անհնար։ Գործնականում անիրականանալի։

Բանն ահա թե ինչումն է։ Սովետական մտածելակերպի երկարուձիգ տարիների ընթացքում մեր «ֆայմող» քաղաքացիները իրենց հաշվիչները ձեւափոխել էին այնպես, որ ցանկացած պահի նրանք ցույց էին տալիս նույն թվանիշը: Ի դեպ, այս հանգամանքը միանգամայն բավարարում էր թե՛ բնակիչներին, թե՛ էլեկտրիկ-հսկիչներին։ Կարգերը փոխվեցին, բայց ո՛չ մարդկանց հոգեբանությունը: Ավելի ճիշտ, փոխվեց՝ դեպի ավելի վատը:

«Իսկ պետությունը մեզ ի՞նչ է տալիս որ»,- նոր սակագներից զարմացած, գոչում են մարդիկ։ Եվ իրավացի են, քանզի չի կարելի, պարզապես անհնար է երկու-երեք հազար դրամ միջին եկամուտի դեպքում էլեկտրականության համար վճարել… երկու հազար դրամ։ Հանուն արդարության նշենք, որ հարկահավաքներն այս բանը հասկանում են։ Նրանք մարդկայնորեն ցուցակի մեջ չեն ընդգրկում նրանց անունները, ում անվճարունակության մասին իրենց հայտնի է։

Հարկահավաքները հասկանում են, իսկ կառավարությունը՝ ոչ։ Չի՛ ուզում հասկանալ, որ բնակչության հիմնական խավի բացարձակ աղքատության դեպքում, բյուջեի պարտքերը, որքան էլ դա զայրացնի կառավարության ղեկավարին, չեն վճարվի։ Այդ չարաբաստիկ պարտքերը աղքատացածների բողոքի եւ անվճարունակության նշանն են, եւ դրա հետ, կամա թե ակամա, պետք է հաշվի նստել։ Պետք է գիտակցել, որ ստեղծված պայմաններում մարդկանց ուղեղի ու խղճի վրա ներազդելու, բյուջեի մեջ ներդրում կատարելու հետեւողական վերահսկումն իրականացնելու ա՛յլ միջոց է հարկավոր։

Ահա էլեկտրիկ հսկիչներից մեկի ասածը. տասը դրամ մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար՝ նման սակագինը արդեն իսկ հաշվի է առնում այն հանգամանքը, որ վճարում են ո՛չ բոլոր քաղաքացիները։ Այդ դեպքում, հետեւելով մեր կառավարության տրամաբանությանը, ինչո՞ւ սպառված կենցաղային հոսանքի համար պատասխանատվությունը չդնել մեր իսկապես շատ հարուստ քաղաքացիների վրա, որոնց անունները, ամենայն հավանականությամբ, շուտով կսկսեն հայտնվել լրագրերում «Ով՝ ով է» վերտառության ներքո։

Սա ամենեւին էլ անհեթեթություն չէ։ Անշուշտ համարձակ է, բայց եւ խելամիտ ու պատշաճ։ Ինչ արած, նոր հասարակական հարաբերությունների հաստատման ճգնաժամից դուրս գալ հնարավոր է միմիայն համատեղ ուժերով: Այդ ինչու արեւմտյան երկրները կարող են իրենց բյուջեում նախատեսել մարդասիրական օգնություն մեր հանրապետությանը, վստահ լինելով, որ այն շուտով ոտքի կկանգնի։ Իսկ մեր հարազատ կառավարությունը որոշել է հանգույցը մեկ հարվածով կտրել։ Գովելի է, եթե ի զորու է այդ անել։

Իսկ չէ՞ որ ճեղքվածքի պատճառն այն չէ, ինչի համար մեզ՝ շարքային քաղաքացիներիս, բազմիցս կշտամբել է կառավարությունը: Ահա պատճառներից մեկը. հասարակական սննդի կետի շրջանառությունից անկախ նրա տերը բյուջե է մուծում տարին մոտ տասը դոլար, մինչդեռ հարկային հսկիչը մեկ անգամ շրջելով իր տարածքի բոլոր կետերն՝ իր անձնական բյուջե է «ներդնում» դրա հարյուրապատիկը։

Նման օրինակները, երբ կառավարական պաշտոնյաների «կուրության» հետեւանքով պետբյուջե չի մտնում եւ ոչ մի լումա՝ անթիվ-անհամար են։ Ուրեմն, ո՞վ է ում խաբում, ժողովուրդը կառավարությա՞նը, թե՞ կառավարությունը ժողովրդին։

Մենք ասես թե սովորել ենք բոլոր մեղքերում մեղավոր ճանաչել նախագահին։ Սակայն հզոր գործադիր իշխանությունը, որով, ըստ Սահմանադրության, օժտված է նախագահը, բոլորովին չի նշանակում, որ նախագահն է մեր «լուսավոր» ապագայի գրավականը։ «Լուսավոր» ապագան՝ իրազեկ վարչապետի եւ նրա թիմի իրավասությունն է: Եվ նախագահի իշխանությունը պետք է նրանց համար պարզապես հենակետ ծառայի նշված խնդիրներն իրականացնելու հարցում։ Հենակետ, եւ ոչ թե վահան։ Այն պետք է աշխատի հօգուտ ժողովրդի, եւ ոչ թե ի վնաս։ Լինի առջեւից, եւ ոչ թե թաքնվի նախագահի մեջքի ետեւում. քանզի ետեւում թաքնվողները սովորաբար լեզու են ցույց տալիս:

Կարեն ԶԱԽԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031