Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակ, թե Սահմանադրական դատարան

Նոյեմբեր 09,1995 10:44

Երեկ ԱԺ եզրափակիչ նիստը բացվեց «Սահմանադրական դատարանի» օրենքի նախագծի վերաբերյալ խմբակցությունների ելույթներով։ «Հանրապետություն» միավորման կողմից Խ. Բեզիրջյանը, միջազգային փորձի վկայակոչումով, հիմնավորեց ներկայացված փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը: Հատկապես մեծ տարակարծություններ առաջացրած 6-րդ գլուխը (այստեղ նշվում են այն մարմինները, որոնք իրավասու են դիմելու դատարանին՝ Հանրապետության նախագահ, նախագահի եւ պատգամավորության թեկնածուներ, կառավարություն, Ազգային ժողով՝ որոշակի հարցերի դեպքում) Խ. Բեզիրջյանը համարեց միակ տրամաբանականը՝ դարձյալ համաշխարհային փորձի տեսանկյունից. չկա նախադեպ, ըստ որի կուսակցություններն իրավունք ունենային դիմելու Սահմանադրական դատարանին։ Կուսակցության անդամները որպես պատգամավորության թեկնածուներ, անհատապես կարող են այդ գործառույթն իրականացնել։

ԱԻՄ-Ք խմբակցության նախագահ Պարույր Հայրիկյանը քաղաքականացված լուրջ մթնոլորտը լիցքաթափեց, քանի որ 7 րոպեում անհնար է քննարկել բոլոր մտահոգիչ հարցերը, ապա միակ ելքը Ազատության հրապարակ գնալն է։ Նա սիրահոժար բոլորին հրավիրեց ամեն ուրբաթ գումարվող հանրահավաքներին, ուր ժամանակն անսպառ է: Ինչ վերաբերում է

Սահմանադրական դատարանի ամենախոցելի կետին, ապա դա սեփական նախաձեռնության բացակայությունն է, այսինքն՝ կախյալություն։ Այն ատյանը, որն իր հայեցողությամբ անկարող է հարցեր բարձրացնելու, պալատական

դատարան է։ Մասնագետ իրավաբանը չպետք է սպասի, որ իրեն «հուշեն», թե ե՞րբ եւ ի՞նչ պետք է քննարկել։

ՍԴ-ն պետք է լինի ցանկացած սահմանադրական խախտումների առաջին արձանագրողը, վերացնողը, միաժամանակ եւ կանխարգելողը։ Հակառակ դեպքում կվերածվի անկելանոցի, որովհետեւ տեսականորեն չի բացառվում տեւական ժամանակի ընթացքում դիմումների լիակատար բացակայությունը, ասաց Հայրիկյանը։ Նրա կարծիքով, նման տրամաբանությամբ ավելորդ է ՍԴ անդամներին արգելել զբաղվելու մասնագիտական որեւէ գործունեությամբ՝ բացառյալ գիտական, մանկավարժական  եւ  ստեղծագործական  աշխատանքը։

Արա Սահակյանը հաջորդող իր ելույթի մեջ «Հրապարակ, թե Սահմանադրական դատարան» այլընտրանքում ակնհայտորեն գերադասելի համարեց վերջինը։ Ռեֆորմիստների եւ դեմոկրատների կոչերը այս օրենքի նախագիծը մերժելու, կհանգեցնեն «հրապարակի» հաղթանակին՝ լինի ուրբաթ, թե շաբաթ: Սահմանադրության ընդունումով Հայաստանում իրավիճակը փոխվել է, յուրաքանչյուր մարմին պետք է զբաղվի իր գործով. ԱԺ-ն օրենսդիր մարմին է եւ ոչ թե դատավոր։ Սահմանադրական դատարանն է, որ պետք է հարթի ծագած քաղաքական վեճերը։ Արա Սահակյանն առանձնացրեց մի հստակ միտում տվյալ օրենքի քննարկումը վերածել Սահմանադրության հանդեպ անհարգալի վերաբերմունքի ցուցադրման։ Ավելորդ շտապողականության մեղադրանքը եւս, հռետորի կարծիքով, անհեթեթ է. «Շտապեք–չշտապենք, ընդդիմությունը իշխանությանը մեղադրելու է բռնատիրության մեջ»։ Ինչ վերաբերում է ՍԴ-ին սեփական նախաձեռնությունից զրկելուն, ապա աշխարհում չկա մի դատարան, որ անձնական նախաձեռնությամբ գործեր քննի: Այլապես «մենք կունենանք մի քուրմ՝ Սահմանադրական դատարան անունով, ինչպես քաղբյուրոն, որն ամեն ինչ որոշում էր, ամեն ինչ քննում»։ ԱԺՄ խմբակցության մերժողական դիրքորոշման կապակցությամբ նա փաստեց, որ ԱԺՄ-ին ՍԴ պետք չէ, քանի որ այն ինքն է հավակնում դատավորի կարգավիճակին։ Այնուհանդերձ, ԱԺ նախագահի տեղակալը բոլորին, ներառյալ բարեփոխիչներին եւ ժողովրդավարներին, կոչեց քվեարկել օրենքի այս նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու օգտին։ Սահմանադրական դատարանը պետք է կազմավորվի մինչեւ տարվա վերջ:

Բաբկեն Արարքցյանը իր ելույթում առավել զարգացրեց Սահմանադրական թեման՝ կատարելով մի նոր օրենսդրական նախաձեռնում՝ պատասխանատվության ենթարկել Սահմանադրության մասին անհարգի ելույթների եւ խոսքերի հեղինակներին։ Այս առաջարկը աշխուժություն առաջացրեց դահլիճում։ Սահմանադրության շուրջ պտտվող զրույցների վերջնական կասեցման համար ԱԺ նախագահը իրավացիորեն նշեց, որ «ազատ, բայց ոչ արդար» բնորոշումը վերաբերում էր ԱԺ ընտրություններին եւ ոչ հանրաքվեին։ Նշենք, որ նոյեմբերի 6-ին ԱԺ-ն մերժեց պատգամավոր Ռ. Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեի արդյունքների ստուգման հանձնաժողով կազմելու վերաբերյալ։ Այս նախաձեռնությանը միացել էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները։ Ի դեպ, կողմ քվեարկած սակավաթիվ պատգամավորների թվում կային նաեւ ՀՀՇ-ի որոշ անդամներ։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Էդվարդ Եգորյանը, որը հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին առաջարկեց նախ՝ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ապա՝ քննադատել։ Ընդսմին՝ կարեւորը դատական ատյանների հստակ տարբերակումն է: Պատգամավորները՝ հանձին ՍԴ-ի, կամենում են տեսնել ամենափրկիչ ատյան, իրականում գոյություն ունեն տարբեր կարգի բազում դատարաններ՝ վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի: Դատական համակարգը հսկայական միավոր է, որտեղ Սահմանադրական դատարանն ունի իր միանշանակ տեղը։ Առանձին առարկությունների վերաբերմամբ՝ պրն Եգորյանը համաձայնեց վերանայել ՍԴ-ի աշխատանքի հրապարակայնությանը վերաբերող հոդվածի շարադրանքը, ինչպես նաեւ ՍԴ անդամների լիազորությունների պաշտպանվածության դրույթները: ՍԴ անդամին որքան դժվար լինի պաշտոնանկ անել, այնքան վերջինս ավելի անկախ կդառնա: Խոսրով Հարությունյանն այս ելույթներից հետո եւս հավաստեց նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման անհրաժեշտությունը՝ ետ վերցնելով իր նախորդ առարկությունները։

ՀՀԿ խմբակցության առաջարկությամբ հայտարարվեց անվանական քվեարկություն եւ 133 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ ձայներով օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Այսօրվանից Ազգային ժողովում սկսվում են 1996թ. պետական բյուջեի եւ դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումները, որոնց ժամանակացույցը բաժանվեց պատգամավորներին։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930