Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ին՝ վերահսկողական դիրքեր

Ապրիլ 04,1998 00:00
hrant xachatryan

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ այս հարցազրույցով «Առավոտը» սկսում է շարք, ուր կներկայացնի զանազան դիտարկումներ՝ կազմավորվելիք կառավարության հնարավոր բնույթի եւ բովանդակության մասին։ Ամբիոն կտրամադրվի ինչպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, այնպես էլ նրա հակառակորդներին, որոնց կարծիքները եւս, կարծում ենք, կարող են օգտակար լինել չսխալվելու շնորհակալ գործում։

-Պարոն Խաչատրյան, մեկ անգամ արդեն թեթեւակի անդրադարձել եք այն հարցին, թե ինչու եք շատ քիչ ձայներ ստացել։ Թեպետ ձեզ պաշտպանում էր «Իրավունք» թերթը, սակայն դուք «Առավոտի» տպաքանակին մոտ քվեներ եք ստացել։

-Ինձ, հավանաբար, ձայն են տվել «Առավոտի» ընթերցողները, իսկ «Իրավունքի» ընթերցողն այլ թեկնածուների է տվել քվեն։

-Իսկ ինչո՞ւ է այդպես։

-Ընտրությունները մնում են ընտրություններ։ Նախագահական ընտրություններն ունեն ե՛ւ իրենց տրամաբանությունը, ե՛ւ սխեման։ Բնական է, որ ձայները հիմնական բեւեռների միջեւ են բաշխվում։ Ես բավականին հստակ արտահայտվել էի, թե որքան են իմ եւ մեր կուսակցության հնարավորությունները։ Մի տարբերակ կար, եւ մենք դա ցույց տվեցինք, երբ ես ունեի հաղթական տարբերակ։ Դա, իհարկե, կեսկատակով ընկալեց հասարակությունը, բայց այն տարբերակն էր, որը կանխում էր ոչ ազգային-ժողովրդական բնույթի թեկնածուի ընտրվելը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Մանուկյանը հանում էին իրենց թեկնածությունները՝ իմ օգտին։ Դա, ի դեպ, չէր բացառվում։

-Այժմ, երբ իրադարձություններն այլեւս հետեւում են մնացել, մի փոքր հետ քաշենք նախընտրական քողը՝ ունեցե՞լ եք, արդյոք, խորհրդատվություններ նշյալ թեկնածուների հետ, որպեսզի հանեն թեկնածությունները։

-Կոնսուլտացիաներ չեմ ունեցել։ Տասը տարի է, բավականին ինքնուրույն ենք գործում։ Աշխատում ենք արձանագրել պատմության յուրաքանչյուր պահի բոլոր հնարավորությունները, որոնք ունենում է ազգը։ Չեմ ափսոսում, որ իբրեւ թեկնածու մասնակցել եմ ընտրություններին, թեկուզ եւ այն առումով, որ ընտրություններն այսպիսի ավարտ ունեցան։

-Այժմ գանք քաղաքական նոր իրողություններին։ Մինչեւ ապրիլի կեսերը, երբ ավարտված կլինեն բոլոր ծեսերը, իբրեւ հրատապ խնդիր դրսեւորվելու է նոր կառավարության կազմի հրապարակման անհրաժեշտությունը։ Ի՞նչ եք կարծում, ըստ բովանդակության եւ ըստ բնույթի, ինչպիսի՞ն պետք է լինի նոր կազմավորվելիք կառավարությունը։

-Գրեթե բոլոր թեկնածուներն էլ, երբ դեռ նույնիսկ նրանք 12-ն էին, մոտավորապես նույն բովանդակությունն էին դնում ապագա կառավարության մեջ։ Դա տարբեր բառերով էր արտահայտվում, բայց էությունը նույնն էր՝ Հայաստանի ժողովուրդը պետք է աշխատի, ինքն իրեն պահի ու պահի նաեւ իր պետությունը։ Այսինքն՝ կառավարության գործունեության մեջ հիմնական շեշտը պիտի դրվի նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալական բեւեռացումը մեղմացնելու ուղղությունների վրա։ Նույնիսկ ամենալիբերալ թեկնածուներն իրենց ծրագրերում կամ գոնե ելույթներում այդ գաղափարներն ընդգծում էին։ Հիմնականը դա է, ինչը կարելի է համարել ինչպես կենցաղային, այնպես էլ ռազմավարական պահանջ։ Ռ. Քոչարյանի ծրագրում եւս դա ընդգծված է, ինչպես նաեւ Հայաստանի՝ միջազգային վարկատու կազմակերպությունների հետ աշխատաոճը փոխելու անհրաժեշտությունը։ Թեկնածուն հայտարարում էր, որ Հայաստան պետք է մտնեն արտադրական բնույթի վարկեր։ Այսինքն՝ կառավարությունը պետք է լուծի ինչպես կուտակված ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները։

-Վստահ եմ, որ ընթերցողը ձանձրացավ մեր զրույցի այս տեսական բովանդակությունից։ Հարցս կոնկրետ է. ո՞ւմ եք տեսնում Ռոբերտ Քոչարյանի կառավարության վարչապետի պաշտոնում։

-Ճիշտն ասած դժվար է հատվածական լուծումների մասին խոսելը։ Ընտրարշավիս առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ նախագահը միանձնյա չպետք է լուծի հարցերը, մանավանդ որ Հայաստանում այս պահին արդեն, կարելի է ասել՝ կա օրինական իշխանությունը կրող մարդ։ Իշխանության մնացած բոլոր թեւերն օրինական չեն, եւ ինչ-որ առումով պիտանի չեն հետագա գործունեության համար։ Այսինքն՝ Հայաստանում պետք է լինի մի մարմին, ուր հնարավոր կլինի համալիր քննարկման ենթարկել բոլոր հարցերը։ Եթե ես հիմա որեւէ մեկի անունը տամ իբրեւ վարչապետի, հետո կարող է պարզվել, որ այդ մարդը ավելի լավ կարող էր Գորիսի քաղաքապետ աշխատել։

-Հասկանամ, որ թափանցիկ ակնարկ եք անում Սուրեն Խաչատրյանի վարչապետ նշանակվելու նպատակահարմարության մասին։

-Ճիշտն ասած, ես աշխատեցի ընտրել այնպիսի քաղաք, որի քաղաքապետը չի վիրավորվի։ Յուրաքանչյուր տեղի համար առնվազն 3-4 թեկնածություն պիտի առաջարկվի, որպեսզի կարողանանք քննարկումներով ամենաարդյունավետ լուծումը գտնել՝ թե ո՞ր անհատի կարողությունները որտեղ են ավելի գերադասելի։ Ազգային համաձայնությունն ու համաձայնողականությունն ինձ համար միշտ կոլեկտիվ քննարկումներ են նշանակել, մի քանի տարբերակների հաշվառումով՝ օպտիմալ լուծումների գալ։ Այսինքն՝ տեխնիկական լեզվով ասած, օպտիմիզացիայի խնդիր պետք է լուծվի Հայաստանում։

-Ասացիք, որ 3-4 թեկնածու պիտի լինի յուրաքանչյուր տեղի համար։ Ուժային կառույցները եւս նկատի ունե՞ք։

-Իսկ ինչու ոչ։ Ես ասել եմ, որ Վազգեն Սարգսյանը կարող է շարունակել մնալ պաշտպանության նախարար, բայց եթե պիտի հարցը համալիր քննարկման ենթարկվի, գուցե Վազգեն Սարգսյանն ավելի պիտանի լինի մեկ ուրիշ կարեւոր տեղում։ Ես դա չեմ բացառում։

-Թեեւ զլանում եք անուններ տալ, սակայն այդ 3-4-ական թեկնածուների շարքում ովքե՞ր կլինեն ձեր նախընտրելիները կարեւոր պաշտոնների համար՝ վարչապետ, ուժային նախարարներ։

-Ես նաեւ 1996-ի նախագահական ընտրություններից առաջ էի պնդում, որ քննարկումներ ծավալվեն ու նախագահի թեկնածուները հանդես գան ստվերային կաբինետների ներկայացմամբ։ Բայց Հայաստանում այդ քաղաքակիրթ ավանդույթը դեռ չի ներդրվել։ Ընդհակառակը՝ մարդիկ խուսափում են անուններ տալուց, ասելով, թե տրված ցանկացած անունը կրող մարդն անմիջապես կդրվի հարվածի տակ։ Հիմա, կարծում եմ, այլեւս չկա հարվածի տակ դնելու խնդիր, սակայն, առանց մարդկանց հետ համաձայնեցնելու անուններ տալը հարմար չեմ նկատում։ Որովհետեւ՝ եթե մեկին համարում ես քաղաքագլխի լավ թեկնածու Երեւանի համար, հետագայում պարզվում է, որ նա իրեն վարչապետ է տեսնում։ Եթե ավանդույթը չկա, ուրեմն գործենք առկա սովորույթներով։

-Այդ դեպքում, հարցս տամ այսպես. եթե մի քանի վարչապետ նշանակելու հնարավորություն լիներ, ո՞ւմ կառաջադրեիք այդ պաշտոններում։

-Բոլոր դեպքերում, կարեւորը համակարգն է, թեպետ անհատներին երբեք չեմ թերագնահատում։ Կան նաեւ չբացահայտված անհատներ։ Կան մարդիկ, որոնք Մոսկվայում են ու սպասում են առաջարկության։ Կան մարդիկ, որոնք առաջարկության են սպասում Եվրոպայում։ Հայաստանում, այդ առումով, թող ներեն ինձ մի քանի ապագա պաշտոնյաներ, դեռեւս թեկնածուների գույքագրում չի կատարված։ Գուցե թե այս կառավարությունը մշտական էլ չլինի։ Նորից անցումային շրջան լինի։ Ճիշտ է, բնակչությունը, ինչպես նաեւ մենք, ամբողջ հույսը կապում ենք ձեւավորվելիք կառավարության ներդաշնակ կազմի հետ, սակայն գուցե եւ նպատակահարմար դիտվի նրա ոչ վերջնական լինելը։

-Մի քանի օր առաջ պատասխանելով՝ պաշտոն կստանձնե՞ք հարցին, ասացիք, թե ընդամենը կարճ ժամանակահատված առաջ ավելի բարձր պաշտոնի եք հավակնել։ Այդ դեպքում կխնդրեի ասել, թե ո՞ր ոլորտն եք նախընտրելի համարում հիմա։

-Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել որեւէ վերահսկող դիրքում։ Պաշտոն բառը մի քիչ հեղինակազրկված է Հայաստանում, ուստի օգտագործում եմ դիրքը։ Վերահսկողական դիրք, որպեսզի գործընթացները նորմալ ընթացք ունենան։ Մինչեւ օրս ՍԻՄ-ի նախագահի դիրքն այդ գործը կատարելու հնարավորություն տվել է։ Ես չեմ գնա որեւէ այլ աշխատանքի, եթե դրա պատճառով թուլանան ՍԻՄ-ի եւ «Իրավունքի» դիրքերը։ Շատ կարեւոր է, թե ինչպիսի դիրք կբռնի Ռոբերտ Քոչարյանը։ Միանձնյա՞ կընդունի որոշումները, թե՞ կխորհրդակցի այլոց հետ։ Երկու դեպքում էլ շատ վատ բաներ չեմ սպասում։ Սակայն ցանկալի է, որ հարցերը լուծվեն քննարկմամբ, եւ պաշտոններ ստացողներն ընդունելի լինեն նաեւ հասարակության համար։

-Կարեն Դեմիրճյանի վարչապետ նշանակվելը համարո՞ւմ եք ընդունելի։

-Ես արդեն ասել եմ, որ Կարեն Դեմիրճյանին չեմ տեսնում երկրի քաղաքական ղեկավար այն հիմքով, որ տասը տարի նրա մտադրությունների ու մտորումների մասին մենք այդպես էլ չենք իմացել։ Եթե լայն կոնսենսուս լինի՝ ինչ կա որ, կարող է եւ վարչապետ լինել։

-Պարոն Խաչատրյան, վերահսկողական մարմին է նաեւ դատախազությունը։ Արդյո՞ք գլխավոր դատախազի դիրքին եք հավակնում։

-Եթե սեփական հավակնության հարց լիներ, մասնագիտություն ունեմ, որն իմ էությունն է։ Կգերադասեի որեւէ հիմնարկում շարունակել բաժնի վարիչի իմ աշխատանքը՝ բայց մեծ թեմաներ իրագործելով։ Կարծում եմ խոսքը հիմա ոչ թե որեւէ մեկի անձնական նախաձեռնությունների, այլ ավելի մեծ բանի մասին է։ Իսկ դա իշխանության միասնական համակարգի ստեղծման հրամայականն է։ Դա մի օրում իրագործելիք քայլ չէ, սակայն որեւէ բան չպետք է խոչընդոտի այդպիսի համակարգի ստեղծմանը։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930