Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Ասատրյանի գրպանը

Հունիս 20,1998 00:00
dram

Տավուշի մարզի բազմաթիվ բնակավայրերի մշտապես սպառնում է սողքը։ Քաղաքացիների սեփականություն հանդիսացող բնակարանները գնահատվում են պետության կողմից եւ տրվում է նոր տարածք, դրամական փոխհատուցում՝ նոր բնակարան կառուցելու համար։ Երկարատեւ սպասումից հետո այս տարի պետբյուջեում վերջապես գտնվեցին համապատասխան գումարներ՝ հերթագրված քաղաքացիներին փոխհատուցում հատկացնելու համար։

Իմ զրուցակից չորս տղամարդիկ Տավուշի մարզից էին, սակայն նրանցից որեւէ մեկը չհամարձակվեց նշել իր անունը, քանի որ հավաստիացնում էին՝ հաշվեհարդարը շատ չի ուշանա։ Այս քաղաքացիները եւս 1995 թ. հերթագրվել էին՝ դրամական փոխհատուցում ստանալու համար։ Գումարը տրվում է Իջեւանի խնայբանկից։ «Եթե տունը գնահատված է, ենթադրենք, 10 միլիոն դրամ, առաջին փուլում հատկացվում է գումարի կեսը, իսկ մյուս կեսը՝ շինարարությունը սկսելուց հետո։ Ես նշանակված օրը գնացի բանկ, ստորագրեցի համապատասխան փաստաթղթերը եւ ստացա ինձ հասանելիք 4 միլիոն դրամը։ Սակայն բանկից դուրս գալուց հետո ինձ մոտեցավ մի խոշորամարմին երիտասարդ եւ հրելով ասաց, որ գնամ դեպի մեքենան։ Մեքենայում նշածներից մեկը ավտոմատի փողը ուղղեց ինձ վրա, եւ առանց դեմքիս նայելու սկսեց «խաղալ» ավտոմատի տարբեր մասերի հետ։ Իսկ մյուսը պահանջեց, որ ես հանձնեմ ստացած փողի կեսը։ Ես հարցրի, թե ինչո՞ւ, սակայն կողքիս նստած ավտոմատավորը փողով հարվածեց փորիս։ Իրենք էլ հաշվեցին փողը եւ վերցրին իրենց հասանելիքը։ Կողքիս նստած ավտոմատավորի մոտ կար ճիշտ նույնպիսի ցուցակ, ինչպիսին ես տեսել էի բանկում։ Այնտեղ գրված էին անունները եւ ստանալիք գումարը։ Նա իմ անվան դիմաց խաչ դրեց»,- պատմեց տավուշցիներից մեկը։

Մյուսների հետ ամեն ինչ կրկնվել է համարյա նույնությամբ։ «Երբ ես գնացի բանկ փողը ստանալու, արդեն լսել էի, որ գումարի կեսը պետք է տամ բանկի դիմացի մեքենայում նստած տղաներին։ Այնպես որ, հենց դուրս եկա, միանգամից գնացի դեպի այդ մեքենան»,- ավելացրեց իմ երկրորդ զրուցակիցը։ Նրանք պատմեցին նաեւ, որ եղել են դեպքեր, երբ փողը ստացողին հաջողվել է ծլկել մեքենայից, քանի որ զբաղված են եղել այլ հաճախորդով։ Սակայն այդ ուրախությունը երկար չի տեւել, քանի որ երեկոյան նույն ավտոմատավորները այցելել են «փախստականի» բնակարանը եւ հաշվեհարդարի սպառնալիքով ստացել գումարը։ Իսկ իրենց հարեւան Աչաջուր գյուղի երեք բնակիչներ ընդհանրապես հրաժարվել են ստանալ իրենց հասանելիք գումարը։

«Տավուշի մարզում վախի եւ ատելության մթնոլորտ է։ Բոլորը կարծում են, որ հարյուր հազարավոր դոլարները, որոնցով մարդիկ պետք է կառուցեին իրենց քանդված բնակարանները, հայտնվում են մարզպետ Պավլիկ Ասատրյանի գրպանում»,- իրենց մարզում տիրող վիճակը ներկայացրին իմ զրուցակիցները։ Ես, իհարկե, համոզված եմ, որ այդ գումարների կարիքը Պավլիկ Ասատրյանը չունի, եւ դրանք ժողովրդից հավաքվում են հենց ժողովրդի շահերից ելնելով։ Այդ գումարները, համոզված եմ, ուղղվում են մեր սոցիալապես անապահով խավերին օգնելուն, տնտեսության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, սահմանների պաշտպանությանը եւ ազատամարտիկների ընտանիքների օգնությանը։ Այլ կերպ մեր իշխանությունները եւ, հատկապես, մարզպետ Պավլիկ Ասատրյանը չէին կարող վարվել։ Սահմանների պաշտպանությունը, անշուշտ, կարեւոր է, բայց մյուս կողմից, հնարավոր է նաեւ, որ ահաբեկված եւ նվաստացած տավուշցիները, ի դեմս ադրբեջանցիների, տեսնեն Պավլիկ Ասատրյանից իրենց ազատողներին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930