Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստի՜…, որ փող չես վերցնում…»

Հուլիս 07,1998 15:03

Առողջապահության նախարարությունը հավաստում է,որ Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնությունը պետական մենաշնորհ է։

«Ես դոցենտ եմ, դոլար տվեք»

Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Ռաֆիկ Գալստյանի կինը՝ Լիաննան, մայրացել է Երեւանի թիվ 1 հիվանդանոցի ծննդատանը։ Պատմում է Ռաֆիկի մայրը՝ տիկին Ջեմման. «Լիաննան ծննդաբերեց, ասում էին, որ երեխան մի քիչ հիվանդ է, դեղ է պետք։ Մի քանի տուփ տարանք։ Ամեն օր երեխային փաթաթելու համար քույրին 1000 դրամ փող էինք տալիս։ Մի շաբաթվա ընթացքում 17 հազար դրամ տվել էինք։ Թոռնիկիս դուրս գրելու օրը հարսիս ասել են, որ մանկական բաժնի վարիչին էլ պիտի փող տա։ Հարսս բաժնի վարիչ Միրցա Գուրգենովնային 3000 դրամ է տվել, վերջինս ասել է. «Ես հավաքարար չեմ, որ ինձ այսքան փող եք տալիս, ես դոցենտ եմ, ինձ պիտի դոլար տաք»։ Լիաննան ասել է, որ ինքը շատ փող չունի. «Ամուսնուդ վերեւ կանչի»,- խոսքն առաջ է տարել Միրցա Գուրգենովնան։

Հարսս լացելով տղայիս վերեւ կանչեց։ Այդ բժիշկը տղայիցս էլ է դոլար ուզում։ «Ես վիրավոր ազատամարտիկ եմ, դոլարի գույնը չեմ տեսել, ձեզ որտեղի՞ց տամ»,- ասել է տղաս եւ ցույց տվել վիրավոր թեւը։ «Դե որ այդպես է, այդ փողը տար երեխաներիդ համար գիլաս կառնես, կուտեն։ Մի հատ «շնորհակալություն» ասա»։ Տղաս էլ շնորհակալություն է հայտնել ու դուրս եկել։ Այնուհետեւ, 2-3 ժամ սպասում ենք՝ թոռնիկիս չեն բերում, զայրացա, սկսեցի գոռգոռալ… Երեխային բերեցին, հարսս լացում էր»։

«3000 դրամը քիչ չի»

Տիկին Ջեմմայի պատմությունը լսելուց հետո հանդիպեցի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի մանկական հիվանդությունների գծով տեղակալ, ծննդատան մանկական բաժնի վարիչ Միրցա Գուրգենի Սեւաչերյանի հետ։

-Նախ ես թույլ չեմ տալիս ինձ ձայնագրել։

-Ներկայացված դեպքի առնչությամբ Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ։

-Մեզ մոտ օրական հարյուրավոր այդպիսի մարդիկ են գալիս։ Եթե ես այդ մարդուն ասում եմ. «Քո փողն ինձ պետք չի, տար երեխաներիդ համար միրգ կառնես», նա վիրավորվում է, ամաչում ու զրպարտչի դեր կատարում։ Դու էլ ասում ես՝ «կգրեմ թերթում»։ Կգրես՝ դատի կտամ որպես ստախոսի, կտանեն, կնստացնեն, կխելոքանաս։ Ո՞վ է բարոյական իրավունք տվել Ձեզ։

-Կներեք, ո՞վ է ստախոս, ե՞ս…

-Չէ, ով որ սուտ է ասում, ես նրան նկատի ունեմ։ Դու ի՞նչ գիտես, թե այդ մարդը քեզ ճիշտ է պատմել։

-Ձեր կարծիքով, այդ մարդը ինչո՞ւ պիտի ինձ նման սուտ ասեր։

-Իսկ ես ինչո՞ւ պիտի սուտ ասեմ։ Այդ քո ասած մարդը ժողովրդիդ ի՞նչ օգուտ է տալիս։

-Նա երեխա է ունեցել, դա արդեն իսկ օգուտ է։

-Աղջիկ ջան, ի՞նչ ես ուզում։ Ես փող չեմ վերցրել, դա սուտ է։ Եթե ես վերցնող լինեի, նրա տվածը կվերցնեի։ Սխալ հասցեով եք եկել։ Ինչ ուզում եք գրեք, բայց դրա համար հետո պատասխան կտաք, ես լակոտ չեմ…

-Ես էլ լակոտ չեմ, բայց եթե մարդն ասում է, որ դոլար եք ուզել…

-Ես էլ ասում եմ, որ սխալ է։ Նա վիրավորվել է, որ իրենից փող չեմ վերցրել։ Ես էլ ասել եմ. «Այդ փողով իմ կողմից երեխաներիդ համար միրգ կառնես։ 3000 դրամը քիչ փող չի։ Մի մարդու աշխատավարձ է, եթե ուզեի, կվերցնեի։ Մենք ունեւորն ու չունեւորը հասկանում ենք։

-Իսկ ունեւորից վերցնո՞ւմ եք։

-Ոչ։ Մենք փող չենք վերցնում։ Եթե ունեք ծանոթներ, ուղարկեք մեր հիվանդանոց, նախօրոք չասեք, որ Ձեր ծանոթն է։ Թող գան ու իմ՝ Միրցա Գուրգենովնայիս անունից ընդունվեն հիվանդանոց։ Հետո նրանք իրենց կարծիքը կասեն քեզ։ Ինձ ամբողջ հանրապետությունն է ճանաչում։ Միրցա Գուրգենովնան քո իմացածներից չի, նա իր տնից ճաշ է բերում հիվանդների համար, երբ որ նորածինները շոր չեն ունենում, անձամբ ճարում է… Իսկ եթե ես, օրինակի համար, ասեմ, որ դուք ինձից փող եք ուզել լրագրում չգրելու համար, տգեղ կլինի, չէ՞… Ձեր նշած դեպքը նման մի բան է։

-Ի՞նչ կոչում ունեք։

– Աղջիկ ջան, ես հարցազրույց չեմ տալիս։ Վեր կաց ու գնա այստեղից։

Որպես վերջաբան

Միրցա Գուրգենովնայի վերջին մտքերը վառ երեւակայության արգասիք էին՝ հատկապես լրագրում չգրելու համար իմ փող ուզելու եւ նորածիններին կյանք շնորհելու համար իրենց փող չուզելու վարկածները։ Այնուամենայնիվ, օգտագործելով առիթը, բոլոր ապագա մայրերին (որպես «իմ ծանոթներ») խորհուրդ եմ տալիս դիմել 1-ին հիվանդանոցի ծննդատուն եւ այնուհետեւ կարծիքներ հայտնել։

Հատկանշական է, որ մեր առաջին հանդիպման ժամանակ Միրցա Գուրգենովնան նշեց, որ մինչեւ գործն իրեն հասնելը մարդիկ «բաժանելով գալիս են», իսկ ինքը, բնականաբար, «չի վերցնում»։ Նույն օրն ընդունարանում ականատես եղա, թե ինչպես մի երջանիկ հայր ձեռքը սահեցրեց դռնապահ տիկնոջ սպիտակ խալաթի տարողունակ գրպանը։ Եթե դեպքը հիվանդանոցում չլիներ, կարելի էր եզրակացնել, որ վերջինիս թալանեցին։ Փա՛ռք Աստծո, այստեղ ձեռքը գրպանն են մտցնում ոչ թե վերցնելու, այլ դնելու համար։ Այդ կարելի էր ենթադրել սպիտակ խալաթով տիկնոջ գոհացուցիչ ժպիտից։

Վերջին այցելության ժամանակ բոլոր բուժաշխատողները միահամուռ հաստատեցին, որ ծննդօգնության համար փող չեն վերցնում։ Ի դեպ, նրանք հաճախ խախտում էին էթիկայի նորմերը, իմ հարցերը համարելով անիմաստ, պատասխանում էին կոպիտ։
Իսկ երբ շարքային մարդիկ, այդ թվում նաեւ տիկին Ջեմման, ունկնդրում էին իմ հիվանդանոցային ոդիսականը, մերթընդմերթ աղաղակում Էին. «Ստի՜…»։

ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031