Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում հանգչող ազատամարտիկի շիրմաքարը պահանջում են ապամոնտաժել կամ արտաշիրիմում անել. զոհված կամավորականի դուստր

Հունիս 26,2023 20:40

Եթե իմ պապայի հոգուն Եռաբլուրում հանգստություն չեն տալիս և չեն թողնում, որ նա գոնե Եռաբլուրում խաղաղություն գտնի, եթե մի մետրի հող Եռաբլուրում չի հասնում բոլոր պատերազմներում կամավորագրված իմ հորը՝ մեզ մնում է միայն արտաշիրմում անել, որ գոնե նրա հոգին հանգստություն գտնի: Այս մասին Aravot.am-ին ասաց Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի (մարտական ընկերներին հայտնի՝ հրամանատար «Ճուտ») դուստրը Ռուզաննան:

Նրա խոսքով, նախորդ գիշեր ընտանիքի անդամներով անցկացրել են Եռաբլուրում, քանի որ Եռաբլուրի ղեկավարությունը սպառնացել է ապամոնտաժել զոհված կամավորական հրամանատարի շիրմաքարը: Խնդիրն այն է, որ առկա չափանիշների համաձայն՝ բոլոր շիրմաքարերը պետք է մեկ մետր 60 սմ լինեն, հրամանատար «Ճուտի» շիրմաքարը՝ բազալտով և ետնանկարով 2մ 10 սմ ՝, հարազատները պատրաստ են այն փոքրացնել մինչև մեկ մետր 70սմ, սակայն Եռաբլուրի ղեկավարությունը չի ցանկանում ընդառաջ գնալ նահատակված կամավորականի ընտանիքին ու զիջել ընդամենը 10 սմ:

«Պապայի շիրմաքարը մենք տեղադրել ենք մեր միջոցներով, իրենց ստանդարտներից մի քիչ մեծ է ստացվել քարը, հիմա ասում են՝ կամ պետք է ապամոնտաժեք, կամ՝ արտաշիրիմում անեք: Մենք համաձայն ենք փոքրացնել մինչև 170 սմ, քանի որ շիրմաքարի վրա պապայի նկարն է՝ հասակով մեկ, քանի որ պապայի վիրավորումը եղել է ոտքերից, մենք որոշել ենք, որ նկարը պետք է լինի հասակով մեկ, որպեսզի ինքը մեր հիշողություններում միշտ կանգնած լինի: Իրենք ուզում են հետևի նկարը կիսենք-փոքրացնենք, որ պապան մեր հիշողություններում էլ կանգնած չլինի: Իրենք մեր հիշողություններն էլ են ուզում խլել»,-ասաց Մանվել Խաչատրյանի դուստր Ռուզաննան:

Նա տեղեկացրեց, որ շիրմաքարը տեղադրվել է հունիսի 11-ին, հունիսի 19-ին իրենք դիմում են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրանքով թույլ տալ շիրմաքարը պահպանել զոհված հրամանատարի հասակով մեկ ետնանկարով՝ զիջելով այդ 10սմ-ն: Մինչ օրս պատասխան չեն ստացել, երեկ Եռաբլուրից զանգահարել և ասել են, թե միևնույն է ՊՆ-ից բացասական պատասխան են տալու, ուստի պետք է ապամոնտաժվի:

«Հաշվի չեն առում, թե մարտական ինչ ուղի է անցել հայրս, նա որպես կամավոր 14 տարեկանից մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին: Քառօրյա պատերազմի ժամանակ մենք Ռուսաստանում էինք, նա հենց առաջին օրը վերադարձել է Հայաստան, մեզ նույնիսկ տեղյակ չի պահել, ֆեյսբուքից եմ իմացել, երբ Կամանդոսն իր խոսքում ասաց, որ մեր մարտական ընկերներից մեկն էլ Ռուսաստանից է գալիս-միանալու մեզ: 44-օրյա պատերազմի ժամանակ իր հրամանատարությամբ՝ կամավորական ջոկատը շրջափակման մեջ էր ընկել, իր գիտելիքների շնորհիվ է, որ իր ողջ ջոկատը՝ առանց կորուստի, ողջ և առողջ շրջափակումից դուրս է եկել, երբեք որևէ զոհ չի տվել: Ջերմուկի սեպտեմբերյան մարտերին հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 13-ին առաջին կամավորական ջոկատն էին, որ մեկնեցին Ջերմուկ , երեկոյան իր ջոկատի 7 անդամներով զոհվեցին հանուն Հայրենիքի»,-պատմեց Ռուզաննան և հուսահատ նշեց, որ եթե այդ 10 սմ չզիջեն Հայրենիքի համար կյանքը զոհված ազատամարտիկին, իրենք ստիպված կլինեն արտաշիրմում անել, որ գոնե այդ ճանապարհով հայրը խաղաղություն գտնի:

Aravot.am-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ հրապարակել նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Եռաբլուրի պատասխանատուների տեսակետը:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gevorg says:

    Հարգելի Ռուզաննա ջան ես շատ եմ ցավում որ որոշ մարդիկ ինքնասիրություն չունեն ու չեն հարգում այն մարդու շիրիմը ում շնորհիվ որ այսքան ժամանակ Հայաստանի սահմանները անառիկ են մնացել ես հպարտ եմ որ ունեցել ենք այնպիսի ազատամարտիկ եվ հրամանատար ինչպիսին որ հայրը էր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930