Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «2016 թվականին չեղավ մի դասալիք, փախչող կամ նահանջող եւ 18-20 տարեկանները 4,5,7 հոգով կռվեցին թշնամու գումարտակների դեմ՝ պահելով դիրքերը»

Օգոստոս 30,2022 13:22

Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում դիմելով լրատվամիջոցներին՝ կոչ արեց տեղի չտալ Հայաստանում իրականացվող այն զանգվածային քարոզչությանը, թե հայերը վախկոտ, պարտվող, փախչող, տիրող իրավիճակին համակերպված ժողովուրդ են ու հորդորեց այլեւս թեկուզ չգիտակցելով՝ եթեր չբերել այնպիսի սյուժեներ, որոնք այդ սխալ պատկերացում են ձեւավորում հայի հավաքական կերպարի մասին:

«Զարմանալիորեն ամբողջ օրը այդ նեգատիվի մասին են խոսում: Տեսեք, 2014 թվականին բանակի մասին խոսում էին միայն վատը կամ ոչինչ, թե թալանում են եւ այլն: Մենք մի խումբ մարդկանցով որոշեցինք, որ պետք է փոխել դա: Չի կարելի, չէ՞, բանակի մասին միայն վատը խոսել: Ու սկսեցինք աշխատել: Ճիշտ է, երեւացող մասում որպես հաղորդաշարը վարող ես էի, բայց հայրենասեր մարդկանց մի մեծ խումբ էր աշխատում: Եթե մի տեղ վատ բան էլ եղել է, դա չի կարելի տարածել բոլորի վրա՝ տպավորություն ստեղծելով, թե ամենուրեք է այդպես: Ասենք՝ իբրեւ բոլոր երիտասարդները չեն ուզում ծառայել: Մենք, նպատակ ունենալով բարձրացնել բանակի ոգին, ունեցանք 2016 թվականի արդյունք: Դրանում իմ ընկերների արածը թող լինի մի կաթիլ, բայց մենք ներդրում արեցինք, որպեսզի բանակի հեղինակությունը բարձրանա: Եվ 2016 թվականին մենք ունեցանք մի պատերազմ, որտեղ չեղավ մի դասալիք, մի փախչող կամ նահանջող: Տղերքը կռվեցին, զոհվեցին դիրքերում, կամ էլ դիրքերում կանգնած մնացին մինչեւ վերջ ու 4,5,7 հոգով կռվեցին թշնամու գումարտակների դեմ:

Ու ի՞նչ եղավ հետո: Եկավ 2018 թվականը ու անմիջապես նորից սկսեցին խոսել բանակի մասին, իբր չեն կերակրել, զինվորները սոված են եղել, բանակը թալանված է, զենք չունենք, օդը պաշտպանված չի ու մենք հեսա ելակ կտանք: Այդ ամբողջ նեգատիվը նորից լցրեցին ու երկու տարի հետո, ի տարբերություն 2014 թվականի այս անգամ երկու տարի հետո ունեցանք բացասական արդյունք, պարտություն:

Հիմա ի՞նչ է կատարվում: Որ լրատվամիջոցն ուզում եք՝ բացեք: Նախ, 680 հազարի այդ միֆը: Այդպես իշխանությունն ուզում է ցույց տալ, թե բոլորն են այդպիսին: Օրվա մեջ հիսուն այդպիսի նյութ գցելով՝ տպավորություն են ձեւավորում, թե բոլորն են իրենց նման: Ու մարդիկ սկսում են տարակուսել, որովհետեւ հասարակ քաղաքացին չգիտի, թե այդ 680 հազարը ինչպես են սարքել»:

Արշակ Զաքարյանի դիտարկմամբ, այսօր ֆեյսբուքը հայրենասեր հայերի դեմ պայքարի ամենաարդյունավետ զենք է դարձել, որն ամբողջությամբ հեղեղված է հակահայկականությամբ ու որտեղ արգելափակվում են այն սոցիալական էջերը, որոնք հայկականության, ազգայինի կողմնակից են: Ու դիմեց IT ոլորտի մեր այն երիտասարդներին, որոնք ամբողջ աշխարհին մատակարարում են նոր տեխնոլոգիաներով, որպեսզի ստեղծեն ֆեյսբուքի այլընտրանքային հայկական հարթակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031