Լրահոս
Օրվա լրահոսը

5 ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱ՞Ն Է, ՈՐ ԵՐԿԻՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՃԱՆԱՉԵՆ ԻՐԱՐ

Սեպտեմբեր 08,1998 00:00
Sahmanadrutyun

Այս հարցի պատասխանն էին տենդագին որոնում սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 5-ի նիստի՝ լրագրողներին մատչելի հատվածում։

Ռոբերտ Քոչարյանի հետ

Հանձնաժողովն իր աշխատանքը սկսել էր ժամը 15-ին։ Ներկա էր եղել նաեւ ՀՀ նախագահը, սակայն այդ ժամանակ հանդուրժել էին միայն «Լուրերի» օպերատորի ներկայությունը։ Նախագահի աշխատակազմում գնալով ավելի հաճախակի են դառնում լրագրողների համար փակ հավաքները՝ տխուր զուգահեռների տեղիք տալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր նախ մամուլի հետ ազատ շփվում, եւ մեկուսացումն աստիճանաբար դարձավ իրողություն։ Ինչեւէ։

Պարույր Հայրիկյանի ծանուցմամբ լրագրողները տեղեկացան, թե ինչ է քննարկվել նախագահի մասնակցությամբ. «Նախագահն իր դիրքորոշումներն էր ներկայացնում մինչեւ այսօր կատարված աշխատանքների վերաբերյալ։ Որեւէ գաղտնի բան չի քննարկվել։ Նախագահն ընդամենը վերահաստատել է իր նախնական դիրքորոշումը, արտահայտել իր դրական կողմնորոշվածությունը երկքաղաքացիության վերաբերյալ:

Նախագահը խոսեց նաեւ հի՞ն, թե՞ նոր Սահմանադրություն հարցի մասին։ Ասաց, որ նախընտրական քարոզչության ընթացքում ինքն իր ընտրողներին երբեք նոր Սահմանադրություն չի խոստացել եւ չի ուզում արմատավորել մի մոտեցում, թե ամեն նոր իշխանություն պիտի նոր Սահմանադրություն բերի։ (Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե նոր Սահմանադրության օգտին չի քվեարկել նաեւ ժողովուրդը, քանի որ ո՛չ իր, եւ ո՛չ էլ իր մրցակից Կարեն Դեմիրճյանի նախընտրական ծրագրերում նոր Սահմանադրության մասին խոսք չկա- Ա. Ի.)։ Ինքը չի ուզում էժանացնել նաեւ Սահմանադրություն հասկացությունը՝ ենթատեքստն այդպիսին էր։ Հիշեցրեց սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անունը եւ ասաց, որ դեմ չէ, եթե նոր Սահմանադրության կողմնակիցներն օրենսդրությամբ նախատեսված ճանապարհով աշխատեն նոր Սահմանադրության համար, սակայն ինքը նաեւ բարոյական չի համարում ընտրողներին սահմանադրական բարեփոխումներ խոստանալը, սակայն հետո նոր Սահմանադրության նախաձեռնելը»։

Սակայն նախագահի վերջին բնորոշումը խորհրդականի տեսակետների դույզն-ինչ փոփոխության չէր բերել, եւ նա կրկնեց, թե նոր Սահմանադրության եւ սահմանադիր ժողովի կողմնակից է մնում։ Այս առնչությամբ նաեւ հետեւյալ համեմատությունն արեց. «Այսօր, եթե իմ կոշիկները հնացել են՝ պիտի դրանք վերանորոգեմ, բայց նոր ու լավ կոշիկ գնելու գաղափարից չեմ ուզում հրաժարվել»։

… Եվ առանց նրա

Ժամը 17-ին հրավիրված լրագրողները ներկա գտնվեցին միայն Սահմանադրության 3-րդ գլխի 50-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության քննարկմանը, ըստ որի, նախագահի քաղաքացիության եւ նստակեցության ցենզը 10-ի փոխարեն պիտի 5 տարի սահմանվի։ Այս փոփոխության մասին ավելի վաղ էլ էր ասվել, սակայն այդ նիստին ներկա չէր զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ փորձեց հիմնավորումները պարզել. «5 տարվա պետություն էինք, որ նախագահի համար 10 տարվա ցենզ սահմանեցինք։ Հիմա 10 տարվա պետություն ենք դառնում՝ 5 տարի՞ ենք իջեցնում։ Այս տրամաբանությամբ էլ՝ մի 10 տարի հետո էլ պիտի 2 տարի՞ սահմանենք»։ Հետագա պարզաբանումները վերաճեցին շուրջ մեկ ժամանոց քննարկման։ «Տարրական տրամաբանություն է՝ շատ ավելի քիչ ժամանակ է պետք Լիտվան ճանաչելու համար, քան Ռուսաստանի Դաշնությունը։ 5 տարին բավարար է այս երկիրը ճանաչելու համար»,- վստահ պնդում էր դոկտոր Արմեն Հարությունյանը։

ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչները հակափաստարկ դարձրին, որ նախ ժողովուրդը պիտի նախագահի թեկնածուին ճանաչի։ «Պետք չէ երկրի մեծությունը եւ խնդիրներն իրար հետ կապել,- ասում էր Շավարշ Քոչարյանը։ – Չեմ գտնում, որ մենք փոքր երկիր լինելով կարող ենք, կոպիտ ասած, անորակ նախագահ ունենալ»։

Միքայել Գրիգորյանը եւս մի փաստարկ բերեց հօգուտ 5 տարվա, թե գուցե այսպիսով «սփյուռքի մասնակցությունը մեր իրողությունների մեջ ավելի ռեալ դառնա»։ «Էդ փաստարկը էլ ստեղ չբերեք,- զայրացավ Շավարշ Քոչարյանը։ – Չեմ հասկանում այն մոտեցումը, որ սփյուռքահայությունն այստեղ է գալիս միայն նախագահ դառնալու համար։ Մենք մի՛ հատ նախագահի պաշտոն ունենք»։

Ներկայացնենք նիստի ընթացքում հնչած այլ տեսակետներ եւս։

«10 տարին չխանգարեց, որ նախագահի 12 թեկնածու լինեն». Կարինե Դանիելյան։

Հովհաննես Ասրյան. «10 տարին բոլորովին չխանգարեց, որ հանրապետության նախագահ դառնա Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ հետեւանքները գոնե մի մասի համար պարզ են»։

ՍԻՄ-ի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը տեղից նետեց՝ «Կնոջ ազգության ցենզ մտցրեք»։ «Հերոստրատին մի օրում ճանաչեցին։ Լավ կողմից ճանաչելու համար երկար ժամանակ է պետք». Շավարշ Քոչարյան։

«10 տարի ապրածն էլ կարող է բախտախնդիր մեկը լինել». Միքայել Գրիգորյան։

«Պայմանավորվեցինք, որ երկքաղաքացիության արգելքը հանում ենք՝ հիմա դրա հետ միասին նաեւ նստակեցության ցե՞նզն ենք իջեցնում։ Շատ սխալ է». Գագիկ Ջհանգիրյան, «Տարիքն էլ 18-ի իջեցրեք». Շավարշ Քոչարյան։

Ի վերջո, մեջբերենք նաեւ հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի դիրքորոշման մասին վկայությունները. «Մեր ազգային շահերի տեսակետից, դեպի Հայաստան տրամադրվածություն ստեղծելու առումով 10 տարի՞ն է ավելի շահեկան, թե՞ 5-ը։ Բնականաբար 5 տարին… Եթե ժողովրդավարությանն ես հավատում՝ էլ ի՞նչ ցենզ։ Պիտի հավատաս ժողովրդին տված ձայներին եւ ոչ թե այդ երկրում մեկի ծնված լինելուն կամ չլինելուն։ Կամ էլ դու ժողովրդավարությանը չես հավատում»։ Պարույր Հայրիկյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկա Սահմանադրությամբ նման սահմանափակումներ են նախատեսված հանրապետության եւ ԱԺ-ի նախագահների, պատգամավորների, բայց ոչ՝ վարչապետի, նախարարների կամ մարզպետների համար։

Ի վերջո, Ռուբեն Հակոբյանի համահունչ առաջարկությունն էլ ընդունվեց, ըստ որի, հանձնաժողովը բոլոր իշխանավորների նստակեցության հարցերն առանձին է քննելու։ Եվ Գագիկ Ջհանգիրյանը, որ սկզբում այս փոփոխության վերաբերյալ միայն պահանջում էր. «Հանեք, հանեք», վերջում արդեն աշխատանքային խմբին ասում էր. «Էդ առաջարկները մի հատ տարեք՝ հետ բերեք»։

«Հերիք չի Սահմանադրությունը կեղծած է՝ փոփոխություններն էլ ուզում են տարած-հետ բերած լինեն»,- հոգոց հանեց Շավարշ Քոչարյանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930