Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԽՈԼԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ՝ ԼԱՎ, ԿԱՄ՝ ՈՉԻ՞ՆՉ

Սեպտեմբեր 15,1998 00:00
aroxjapahutyun

 -…Այսինքն դուք կոնտակտավո՞ր եք,- հարցրի նախարարին։

-Ես էլ եմ որոշակի միջոցառումներ ձեռնարկել,- եղավ պատասխանը։

Խոլերայի մասին արդեն օրեր շարունակ խոսում ենք բարձրաձայն եւ շշուկով, վախեցած եւ անհանգիստ։ Իհարկե, պետք է անհանգստանանք, ու եթե քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուտելուց առաջ ձեռքերը երկու անգամ օճառել, իսկ միրգն ու բանջարեղենը հոսող ջրի տակ լավ լվանալ, անշուշտ, այս պարագայում պետք է որ անելիք գտնվի նաեւ առողջապահության նախարարության համար։ Հենց այս անելիքը կամ արվածը երեկ նախարարության հրավիրած ասուլիսում փորձ արվեց ներկայացնել։ Լավ է, որ նախարարությունը փորձեց նոր տեղեկություններ հաղորդել խոլերայի մասին, բայց լավ չէ, որ այդ բանն արվեց վատ քողարկված դժգոհությամբ։

Նախարարն ասաց… «Խոսքը վերաբերվելու է վերջին օրերին այնքան աղմուկ հանած իրադարձությանը»։ Հասկանալի է, որ այդ աղմկարարը հայտնի խոլերան է։ Վերջին երեք-չորս օրվա ընթացքում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել եւ (ինչը նախարարն անընդհատ շեշտում էր) հիվանդությունը հայտնաբերվել է միայն մեկ գյուղում։ Հաստատված են խոլերայի տասնյակ դեպքեր, չնայած հսկողության տակ է գտնվում 200-ից ավել մարդ։ Այս թիվն անընդհատ փոփոխվում է։ Ընդհանրապես նախարարի ասածն այն էր, ինչ հայտնի է արդեն եւ կրկնվել է բազմիցս։

«հՌՑցՈՓՌ255 տՏՊ ՍՏվՑՐՏսպՎ» ?

Հենց սա էին ուզում մեզ ապացուցել հանրապետության գլխավոր վարակաբանը, գլխավոր պետական սանիտարական բժիշկը եւ նախարարը։ Չհերքվեց, որ ունեցել ենք ծանր եւ շատ ծանր հիվանդներ, որոնք, ըստ այսօրվա դասակարգման, համապատասխանում են ջրաղազրկման 3-րդ եւ 4-րդ աստիճաններին, այսինքն կորցրել են իրենց զանգվածի 9%-ից ավելին։ Նրանց բուժումը բավականին բարդ է եւ ծավալուն։ Ծանր հիվանդներից մեկն էր երեխա՝ մեկուկես տարեկան, մնացած գրեթե բոլորը 60-ն անց են։ Տարիքային այս բարձր աստիճանը բացատրվեց օրգանիզմի դիմադրողականության անկումով։ Հիվանդությամբ ավելի շատ վարակվում են տղամարդիկ, որովհետեւ կանայք ավելի դիմացկուն են։

Այս ջուրը խմում է նաեւ պրն Մանրիկյանը

Այն հարցին, թե մի շարք թաղամասերում բժիշկները շրջելով զգուշացնում են, որ ջուրը հարկավոր է եռացնելուց հետո օգտագործել՝ պրն Մանրիկյանը պատասխանեց, թե նման ցուցում չի եղել, Երեւանում որեւէ պրոբլեմ չկա եւ երեւանցիները կարող են հանգիստ ջուր խմել. «Ես ամեն օր խմում եմ այդ ջուրը, իմ բարեկամները խմում են…»։

Ի դեպ, խոլերան թեպետ վատ, բայց առիթ է փողոցներում ոտքի տակ թափված շուկաների դեմ պայքար սկսելու համար։

«Առավոտի» հարցերը

Ամեն ինչից երեւում էր, որ ոչ պրն նախարարը, ոչ էլ հանրապետության գլխավոր մասնագետները առանձնապես սեր չեն տածում «Առավոտի» հանդեպ։ Մենք էլ մեր հերթին դրանից առանձնապես չենք վիրավորվում, քանի որ թերթը պաշտոնյաներին դուր գալու համար չէ, այլ իրականությունը ներկայացնելու եւ ժողովրդի շահերը պաշտպանել։

Մեր հարցին, թե արդյո՞ք քաղաքական նպատակներով որոշակի ինֆորմացիա չի քողարկվում, պատասխան տրվեց, թե ոչ մի ինֆորմացիայի քողարկման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ խոլերան սովորական հիվանդություն է եւ ոչ մի հարց չկա։ Իսկ նախարարության եւ համապատասխան մասնագետների զգուշավորությունը բացատրվեց այսպես. «թվերը, իրավիճակն անընդհատ փոփոխվում են եւ ճիշտ չէր լինի ինֆորմացիան տալ եւ անմիջապես փոփոխել»։

Մեր հաջորդ հարցն էր, թե արդյոք որոշ ժամանակ անց խոլերայի նոր դեպքեր չե՞ն հայտնաբերվի հանրապետության այլ բնակավայրերում եւս։ Պրն Մանրիկյանը պատասխանեց, թե խմելու ջրերը հետազոտվում են, սակայն ոչ մեկը կանխագուշակում չի կարող անել։ Բայց այն, ինչ հնարավոր է, հիգիենիկ համաճարակաբանների կողմից արվում է: Գաղտնիք չէ, որ խմելու ջրի համակարգը շատ հին է եւ վերջին տարիներին արձանագրված բոլոր բռնկումները կապված են խմելու ջրի հետ. «Խմելու ջրի խողովակաշարերը մաղ են դարձել եւ ցանցի նման են»։

Մեր հաջորդ հարցը նաեւ առաջարկ էր այն մասին, որ թերթի աշխատակիցներից մեկը լինի հիվանդանոցներում եւ զրուցի հիվանդների հետ։ Այ, հենց այստեղ էր, որ առողջապահության նախարարի նյարդերը տեղի տվեցին եւ նա բավականին հուզված եւ նյարդայնացած դժգոհեց մեր թերթի հրապարակումների մասնավորապես այն մասից, որը վերաբերում էր անձամբ իրեն։ Իսկ գլխավոր վարակաբանն ասաց. «Ցանկացած ժամանակ կարող եք գալ բաժանմունք, խոսել հիվանդների հետ, սակայն ես չեմ թողնի, որ դուք շփվեք։ Եթե դուք ցանկություն հայտնեք մտնել հիվանդասենյակ, խնդրեմ, բայց մենք կհամարենք ձեզ կոնտակտավոր եւ հետագայում կհետեւենք»։ Տեղում էլ իմացանք, որ նախարարներից 4-5 հոգի եղել են օջախում եւ «ինչպես տեսնում եք, որեւէ մեկս հիվանդ չենք»,- ինքնագոհ ժպտաց առողջապահության նախարարը։

…Հետո էլ ասում ենք, թե առողջապահության համակարգը հիվանդ է։

Պաշտոնյաների եւ լրագրողների մասին

Որոշ պաշտոնյաների եւ լրագրողների հարաբերությունները մի փութ մեղրով չի ուտվի։ Պաշտոնյաների ձեռքին ճար լինի՝ լրագրողին կդարձնեն իրենց խոսնակը եւ իրենք էլ իրականությունն ինչպես ուզեն՝ կլղոզեն։ Եթե որեւէ լրագրող ցանկանում է նախարարության տված ինֆորմացիայից զատ փաստերը տեսնել տեղում եւ տեղում ճշտել, ապա նրան, մեղմ աասած, թույլ չեն տալիս շեմքից ներս մտնել, ինչպես պատահեց մեր լրագրող Ավետիս Բաբաջանյանի հետ, որին առողջապահության նախարարը չթույլատրեց մտնել մի հիվանդանոց։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Ասուլիսի թեժ պահին ներկա պաշտոնյաներից մեկն ասաց. «Բժիշկների մեջ էլ կան մարդիկ, որ գրագետ չեն»։ Սա ակնհայտորեն դուր չեկավ նախարարին եւ նա սաստեց. «Մի քիչ զգույշ խոսիր» եւ նայեց «Առավոտի» կողմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930