Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՉԱՇԽԱՏՈՂ ՔԱՂԱՔՈՒՄ

Սեպտեմբեր 22,1998 00:00
Charencavan

Սեպտեմբերի 16-ին խմբագրությունը Չարենցավանից լուր ստացավ, որ քաղաքի առեւտրական կետերը մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել եւ բողոքում են իրականացվող հարկային քաղաքականության դեմ։

Մեկնեցինք այնտեղ։ Քաղաքը խաղաղվել էր, թեեւ առանձին անկյուններում դեռ կարելի էր լսել երեկվա դեպքերի քննարկումներն ու մեկնաբանությունները։ Հանդիպեցինք նաեւ նրանց, ովքեր այդ ամենի մասնակիցն ու ու կազմակերպիչն են եղել։ Մեր զրույցներից պարզվեց հետեւյալը։

Ի սկզբանե հարկն էր

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին լույս աշխարհ եկավ ՀՀ «Եկամտահարկի մասին» օրենքը, որի գոյության մասին չարենցավանցի գործարարները տեղեկացան ապրիլին։ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի բացակայության դեպքում համարվելու է, որ այն կատարվել է ֆիզիկական անձանցից, եւ միակողմանի ակտերով գրանցված գների նկատմամբ հաշվարկվելու ու գանձվելու է 15 տոկոս եկամտահարկ։ Մարդիկ կտրականապես դեմ էին այս դրույթին՝ գտնելով, որ այն ուղղված է մանրածախ առեւտրով զբաղվողների դեմ եւ հրաժարվեցին վճարել հարկերը։

Ավելին՝ մի ընդարձակ դիմում էլ հասցեագրեցին ԱԺ նախագահ Խ. Հարությունյանին ու ՀՀ հարկային տեսչության պետ Ա. Թումանյանին, որտեղ ասվում էր. «…Բոլորին էլ քաջ հայտնի է, որ ապրանքների գերակշիռ ու բացարձակ մեծամասնությունը մանր առեւտրականներս ձեռք ենք բերում Երեւանի Մալաթիայի, «Զորավար Անդրանիկի», Հայկոոպի, պահածոյի գործարանին կից ու այլ, այսպես կոչված, «ցրու կետերից», ուր վաճառողներն իրենք հարկատուներ են, սակայն երբեք ոչ մի դեպքում որեւէ փաստաթուղթ իրենց կողմից վաճառվող ապրանքների ծագման մասին չեն տալիս ու պարզապես հրաժարվում են այդ թեմայով անգամ խոսել…»։ Գրեցին, սպասեցին մի քանի ամիս։ Ոչ մի պատասխան։ Համբերությունը հատած որոշեցին դիմել ծայրահեղ քայլի։

Մեկօրյա ընդվզում

Գործադուլավոր լինելը, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ։ Մարդկանց կազմակերպված մի ուժ էր պետք, որ առաջնորդեր իրենց, պաշտպաներ իրավունքները։ Գործարարները դիմեցին քաղաքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին ու կազմակերպություններին։ Մի մասը վարպետորեն խուսանավեց։ Փոխարենը ԱԺՄ-ն պատրաստակամություն հայտնեց կանգնել նրանց կողքին։ Սկսեցին ստորագրություններ հավաքելուց։ 188 մանրածախ առեւտրով զբաղվողներ ստորագրեցին այն գրության տակ, ուր ասվում էր ձեռնարկվելիք քայլերի մասին։ Քաղաքապետարանը միտինգ կազմակերպելու արտոնություն չտվեց։

Քաղաքագլուխ, ԱԺ պատգամավոր Վ. Այվազյանը գործարարներին խնդրեց զերծ մնալ ծայրահեղություններից, առավել եւս՝ որ ինքը հարցը բարձրացրել է։ Սակայն վիճակը նետված էր։ Մեկ օր առաջ բնակիչներին տեղեկացվեց առեւտրի կետերի փակ լինելու մասին։ Մարդիկ շտապեցին գնել նաեւ հաջորդ օրվա ուտելիքը։ Սեպտեմբերի 16-ին քաղաքային հրապարակում խմբվել էր 250-300 մարդ։ Կազմակերպիչները մեգաֆոնով ներկաներին մեկնաբանեցին հարցի էությունը։ Գործադուլավորների ներկայացուցիչներին ընդունեցին քաղաքապետարանում, իսկ այնուհետեւ կազմվեց դիմումի տեքստ՝ հասցեագրված ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, հետեւյալ բովանդակությամբ. «Ելնելով նրանից, որ մեր կողմից վաճառվող ապրանքները ձեռք են բերվում շուկաներից, որոնք իրենց հերթին հարկատուներ են, բայց մեր կողմից պահանջվող հաշիվները մեզ չեն ներկայացնում «Եկամտահարկի մասին» օրենքի 21-րդ հոդվածի հարկային մարմինների կողմից այդպիսի մեկնաբանումը համարում ենք իրականությանը հակասող, նման հարկերի վճարումը՝ անհնարին, եւ հրաժարվում ենք տվյալ եկամտահարկի վճարումից»։

Ամեն մեկն իր օրենքն ունի

Մեկօրյա գործադուլից անհանգստացողներ էլ եղան։ Քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն այն մտավախությունն էր ունեցել, թե «ակցիան» կարող է բացասական վերաբերմունք առաջացնել վերեւներում Չարենցավանի նկատմամբ։ Իսկ մարզպետարանի առեւտրի վարչության պետը փութացել էր այստեղ պարզելու՝ իր բողոքն իր դեմ չի՞ ուղղված։ Երբ բացատրեցին, խաղաղվեց ու գնաց։ Նույն օրը քաղաքապետը ԱԺ-ում հարցը կրկին բարձրացրեց, եւ նախարար Է. Սանդոյանի պատասխանը ապշեցրեց ոչ միայն հարց տվողին, այլեւ Չարենցավանի գործարարներին։

Պարզվեց, որ «Եկամտահարկի մասին» օրենքի հիշյալ կետը մանր ձեռնարկատերերին չի վերաբերում, այլ նրանցից միայն հաստատագրված վճար է գանձվում։ Բայց օրենքում այդ մասին ոչինչ ասված չէ ու չարենցավանցիների համար դժվար է կռահել, թե պարոն Սանդոյանը ինչպե՞ս է հիմնավորելու իր ասածը։ Այն կոչերը, թե պետք է գործադուլը շարունակել գոնե մեկ շաբաթ, աջակիցներ չգտան։ Փոխարենը որոշեցին հավաքվել ուրբաթ օրը եւ ծանրութեթեւ անել իրավիճակը։ Առանձին հայտարարություններին վստահելու լուրջ հիմքեր մարդիկ դեռ չունեն։ Գործադուլն էլ առաջին հերթին հենց իրենց գրպանին է խփում։

Դատարկ տաշտակի առաջ

Եթե նույնիսկ բարձր գիտակցությամբ առաջնորդված մարդիկ ըմբռնեն անցումային շրջանի դժվարություններն ու որոշեն վճարել պահանջվածը, ապա ի վիճակի կլինե՞ն։ Այս հարցիս չարենցավանցի գործարարներից մեկը պատասխանեց. «Մեծածախ ու մանրածախ գների տարբերությունը լավագույն դեպքում կազմում է առավելագույնը 8-10%, էլ չենք խոսում այն մասին, որ այդ տարբերությունն ավելի է նվազում՝ ի հաշիվ մեզնից պահվող հաստատագրված վճարումների, շրջանառու ծախսերի, կենսաթոշակային հիմնադրամին կատարվող մուծումների, սոցիալական վճարումների, տեղական տուրքերի, արտոնագրերի ձեւակերպման համար մուծումների եւ այլն։ Էլ չենք խոսում տարբեր շորթումների ու «նալոգների» մասին, որ մեր անբաժան ուղեկիցն են»։ Չարենցավանի անբաժան ուղեկիցներն են նաեւ գործազրկությունը, բնակչության մեծ արտահոսքը, անվճարունակությունը։ Երբեմնի ծաղկուն քաղաքը, արդյունաբերական կենտրոնը ասես մոռացության է մատնված ու զարմանալի ոչինչ չկա, որ նրանք կարող են նաեւ, թեկուզ մեկ օրով, թեկուզ նախազգուշացման կարգով, դուրս գալ փողոց։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930