Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքականության որոգայթներում

Հոկտեմբեր 09,1998 00:00
Dmitri Martirosyan

Աշխարհը թեւակոխել է քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական եւ հոգեբանական ճգնաժամի հերթական փուլը։ Թեեւ համապարփակ ճգնաժամի առավել ցավոտ արտահայտությունները հատուկ են քաղաքական եւ սոցիալական լարվածության կիզակետերին, մասնավորապես, նախկին համայնավարական տարածությունում, էթնոկրոնական դիմակայության մեջ ներքաշված Կենտրոնական Ասիայում, սակայն խորացող ճգնաժամը շոշափելի պրոբլեմներ է առաջացրել նաեւ համեմատաբար բարեկեցիկ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչեւ Արեւմտյան Եվրոպա (որտեղ առկա է շուկաների ճգնաժամ) եւ Հարավ-Արեւելյան Ասիայի տեխնոլոգիական հսկաները։ Ինչպես եւ ճգնաժամային այլ փուլերում, առարկայական իրողությունների ընկալումը մարդկանց կողմից միանշանակ չէ։ Մարդկության մի ստվար հատվածի համար ճգնաժամը համաշխարհային տարերային զարգացումների արդյունք է։

Աշխարհքաղաքականությունը գործող եւ այլընտրանքային քաղաքական վերնախավերի պարտադիր դիսցիպլինն է։ Սա իշխելու գիտությունն է, ուր առաջնային օրենքը համաշխարհային հիմնարար երկվության հաստատագրումն է, որ արտացոլվում է մոլորակի աշխարհագրական կառուցվածքի եւ քաղաքակրթությունների պատմական տիպաբանության մեջ։ Այս երկվությունը արտահայտվում է «տելլուրոկրատիայի» (ցամաքային հզորության) եւ «տալասոկրատիայի» (ծովային հզորության) հակադրմամբ։ Այսպիսի հակադրության բնույթը հանգում է առեւտրական քաղաքակրթությունների (Կարթագեն) եւ ռազմա-ամբողջատիրական քաղաքակրթությունների (Հռոմ) դիմակայությանը։

Աշխարհում տեղի ունեցող մնացյալ ամեն ինչը նշված մրցակցություն-դիմակայության հավելվածն է, եւ աշխարհքաղաքականության օրենքները լայն հնարավորություններ են տալիս քաղաքական պատմության, դիվանագիտության պատմության վերլուծության եւ ռազմավարական ծրագրավորման իրականացման համար։ Պետության ու ժողովրդի գոյության առաջնային հրամայականը ինքնիշխանության՝ անկախության եւ քաղաքական ազատության սկզբունքի պահպանումն է։ Հայաստանի պարագայում ազգային ինքնիշխանությունը ազգային շահերի հոմանիշն է, քանզի համաշխարհային պատմության մեջ հայ ժողովուրդն ունի իր ուրույն տեղը, դերը, առաքելությունը, ինչը եւ ժողովրդի, իբրեւ օրգանական ընդհանրության, գոյության գլխավոր իմաստն է։ Միաժամանակ, բոլոր ժամանակներում, իսկ մեր օրերում առանձնապես, ցանկացած պետության ներազգային քաղաքականությունը էապես պայմանավորված է արտաքին քաղաքական գործոններով եւ, ինչպես երբեք պատմության ընթացքում, այսօր ազգային-պետական միավորները ենթակա են արտաքին մեծ ճնշման։

Հայաստանի ներկա իշխանությունների բնազդային գործողությունները ավելի շատ ջղաձգություն են հիշեցնում՝ երբ փորձ է արվում հնարավորին չափ ճշգրիտ կռահել Հյուսիսի եւ Արեւմուտքի «ավագ եղբայրների» ցանկությունները, քան կատարել մտածված տակտիկական քայլեր, որոնք բխում են տվյալ փուլի քաղաքական ռազմավարությունից։ Ռազմավարություն, որը կհամապատասխաներ Մեծ խաղի տրամաբանությանը, եթե անգամ դու ինքդ չես խաղում, այլ քեզ խաղացնում են։ Նման գավառականությունը, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքական մանկամտությունը, հանցավոր է եւ ողբերգական առանձնապես այսօր, երբ ժամանակակից Արեւմուտքի քաղաքական վերնախավերի առանցքային դոկտրինը հիմնված է ՄՈՆԴԻԱԼԻԶՄԻ տեսության վրա։

Մի տեսություն, որը պայմանավորում է աշխարհով մեկ մարդկանց կյանքի այնպիսի կազմակերպում, երբ չպետք է գոյություն ունենան ազգային-պետական միավորներ, չպետք է լինեն ո՛չ ինքնիշխանություն եւ ո՛չ էլ ազգային շահեր։ Մոնդիալականացված համաշխարհային հանրության գլուխ պետք է լինի կոսմոպոլիտ մի վերնախավ, որը կառավարելու է ոչ թե հասարակությունները, այլ անհատների մաթեմատիկական հանրագումարը։ Բնական է, որ գործընթացն ուղղված է նաեւ ընդդեմ Հայաստանի, թեեւ առաջին հերթին ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ աշխարհքաղաքական հզոր մի միավորի, որը մինչեւ վերջերս գլխավոր արգելքն է Արեւմուտքի կողմից աշխարհի վրա մոնդիալիստական վերահսկողության հաստատման ճանապարհին։ ԽՍՀՄ արագընթաց փլուզումից հետո Արեւմուտքի մոնդիալիստական քաղաքականությունը Ռուսաստանի (հավասարապես նաեւ նրա դաշնակիցների) նկատմամբ, «կոնվերգենցիայի» համեմատաբար մեղմ տարբերակից անցել է բացահայտորեն ագրեսիվ, ռուսատյացության ձեւին։

Եթե նախկինում ԽՍՀՄ-ի վրա ազդեցությունն իրականացվում էր առանձին ազգային-պետական միավորների կողմից, որոնք ձգտում էին թուլացնել երկիրը, շահագործել նրա ներուժը՝ տարաբնույթ միջազգային հակամարտությունների մեջ ներքաշելով, եթե մինչեւ վերջին տարիները Ռուսաստանի հակառակորդները (բացահայտ, թե թաքնված) հայտնի աշխարհքաղաքական ուժերն էին (գրեթե համարժեք ներուժով), ապա այժմ Ռուսաստանի դեմ գործողությունները յուրօրինակ ձեւ են ընդունել։ Այսօր Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականությունը զուրկ է ազգային-պետական կամ աշխարհքաղաքական հստակ ուրվագծերից եւ իրենից ներկայացնում է վերազգային, գլոբալ, սոցիալ-քաղաքական ուտոպիական մի նախագիծ, որն իրականացվում է տնտեսական-քաղաքական հսկայական հնարավորություններին տիրապետող աներեւույթ ձեռնածուների կողմից։ Եվ այս աներեւույթ լոբբիի ազդեցության միջոցներն ու կառուցվածքային ձեւերը անհամեմատ ավելի գործուն են ու արդյունավետ, քան այն համապատասխան մեխանիզմները, որոնք կիրառվում էին «արխայիկ» ազգային-պետական միավորների կողմից։

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

05.10.1998 թ.

Կարծում ենք, որ եկել է պահը, երբ հայ հասարակության լայն շրջանակները պետք է հնարավորություն ունենան մոտիկից ծանոթանալ աշխարհաքաղաքականության այն հիմնադրույթների, ձեւավորված տեսությունների եւ գործնական մեթոդաբանության հետ, որոնց շրջանակներում էլ որոշվում է մեր ժողովրդի ու երկրի ճակատագիրը։ Ուստիեւ, առաջիկայում ընթերցողներին կներկայացվեն աշխարհաքաղաքական հիմնական մոդելները, կանդրադառնանք մեր հիմնական հակառակորդի՝ Թուրանի տեղին ու դերին աշխարհաքաղաքականության ընդհանուր համատեքստում, Բալկաններում, Արեւելյան Եվրոպայում քաղաքական-տնտեսական զարգացումներին եւ խնդրին առնչվող բազմաթիվ այլ հարցերի։ Կարծում ենք՝ բանավեճի հրատապ թեմաներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031