Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրին

Դեկտեմբեր 03,1998 00:00

Պարոն խմբագիր,

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ձեր թերթի էջերում հետեւողականորեն եւ գրեթե անընդմեջ տարվում է վարկաբեկման քաղաքականություն՝ ուղղված Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղար, «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Ափինյանի դեմ։ Այս խառն օրերում ինչո՞ւ հանկարծ բամբասանքի ու սադրանքի թիրախ դարձան «Նոր-Դար» ամսագիրն ու նրա խմբագիրը։ Պատասխանը պարզ է եւ միանշանակ։ «Նոր-Դարը» սկսեց լույս ընծայվել բառացիորեն անհույս ու անլույս այն ժամանակներում, երբ կաթվածահար էր եղել մշակութային կյանքն ընդհանրապես, երբ լույս չէր տեսնում գրեթե ոչ մի գրական պարբերական։

«Նոր-Դարը» շատ կարճ ժամանակում դարձավ գրական-ստեղծագործական այն տաք անկյունը, որի շուրջ համախմբված գրողները հանկարծ իրենց լքված ու անսատար չզգացին։ Ամսագրի էջերում տպագրվելու հնարավորություն ստացան բազմաթիվ գրողներ։ Գլխավոր խմբագիր Ա. Ափինյանը, վատնելով եռանդ, կորով, նվիրում, փորձեց սոցիալական-բարոյական այս ծանր մթնոլորտում միջոցներ հայթայթել եւ գրականության կանգնած սայլը տեղից շարժել։ Նա չվարանեց իր ուսերին առնել մեր նոր գրականության հոգսը հոգալու ծանր եւ դժվարին խաչը։ Ափինյանի «մեղքը» թերեւս այն էր, որ կասկածի ու անվստահության այս մթնոլորտում փորձեց հոսանքին հակառակ ընթանալ եւ համատարած նյութականացման գաղջ օդում ոգեղենը պահելու հնարավորություն տալ նրանց, ովքեր կոչված են դրան։

«Առավոտ» օրաթերթի ծավալած պայքարն Ա. Ափինյանի դեմ կարելի էր եւ մատնել անուշադրության, եթե այն համարից համար չստանար ֆանտաստիկ ու վտանգավոր երանգներ։ Անբարո է թվում ինքնին այն փաստը, որ մամուլի մասին օրենքի անկատարության այս պայմաններում կարելի է ազատորեն զանց առնել խիղճ, բարոյականություն եւ խաղալ մարդկանց հեղինակության ու բախտի հետ։ Անհնարին է այլեւս անուշադրության մատնել այն, որ Ձեր օրաթերթի էջերում հետեւողականորեն իրականացվում է չգիտես ինչ ուժերից հրահրված մի ակնհայտ միտում՝ վարկաբեկել գրական այն աշխատանքը, որ ծավալվում է բոլորի աչքի առջեւ եւ հնարավոր բոլոր միջոցներով արգելակել այն։ Իսկ այդ միջոցներից լավագույնը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է զրպարտանքը։

Ահա թե ինչու Ափինյանի ծավալած գրական-կազմակերպչական գործունեության մասին լուրջ խոսակցություն սկսելու, անգամ քննադատելու փոխարեն «Առավոտը» ընտրեց կարճագույն ճանապարհը՝ հերյուրանքն ու բամբասանքը։ Օրաթերթի լրագրողուհին կարողանում է վարպետորեն սքողել անտեղյակ ընթերցողից իրական փաստերը եւ փոխարենը հրամցնել բամբասանք Ափինյանի գոյություն չունեցող ռեստորանների, դեղագործական գործունեության եւ այլնի մասին՝ դրանք ներկայացնելով իբրեւ գրողներից գողացված անձնական հարստություն։ Չարակամությունն ու միտումնավորությունը հասնում են այնտեղ, որ Հայաստանի Գրողների միության դուստր ձեռնարկությունը ներկայացվում է իբրեւ Ափինյանի սեփական ձկնարդյունաբերական ֆերմա։

Լավ իմանալով գործի հանգամանքները, մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ այդ բոլոր մեղադրանքները հերյուրանքներ են՝ ծնված չարամտությունից եւ կույր ատելությունից, իսկ թե ինչի վրա են ծախսվում մեծ ջանքերի գնով հավաքված միջոցները, հայտնի է բոլորիս։ Ո՞ր բարոյական իրավունքով է լրագրողուհին Ափինյանի աշխատանքը բնութագրելու համար վկայակոչում «բոլոր գրողներին»։ Արդյոք սա չի՞ հիշեցնում տխրահռչակ ժամանակների մատնագրերը, երբ գրչի մի հարվածով կարելի էր խեղել մարդկային ճակատագրեր։

Օրաթերթի էջերում «մուրացված» միջոցներ են անվանում արտերկրից՝ Ափինյանի հայթայթած այն գումարները, որոնցով լույս է ընծայվում «Նոր-Դարը», տպագրվում են գրքեր, շատ գրողներ պարբերաբար ստանում են հոնորար եւ աշխատավարձ։ Եթե այդ միջոցները մուրացված են, ապա ի՞նչ անուն տալ Հայաստանում գործող բազմաթիվ մեծ ու փոքր մշակութային եւ ոչ մշակութային հիմնադրամներին, եւ, վերջապես, ի՞նչ միջոցներով են գոյատեւում ուրիշ շատ պարբերականներ։ Մի՞թե «Առավոտ» օրաթերթի լրագրողները չգիտեն, որ ողջ աշխարհում մշակույթը (եւ հատկապես գրական գործը) գոյատեւում է հովանավորչությամբ։

Դժվար չէ կռահել, որ այս զրպարտանքները անտեղյակության արդյունք չեն եւ հետապնդում են Ա. Ափինյանի եռանդուն, անձնվեր գործունեությունը վարկաբեկելու, հասարակական կարծիքի վրա ներգործելու, «Նոր-Դար» ամսագիրն ու նրա աշխատակազմին ստացվող միջոցներից զրկելու ակնհայտ միտում։ Ակամայից մտածում ես, որ համատարած պարապության ու ամլության այս մթնոլորտում շատ շատերին չարացնում եւ չի գոհացնում այն, որ որոշ մարդիկ կատարում են իրենց գործը՝ մնալով անշահասեր ու անանձնական։ Կամ գուցե «ոգու սովի» այս ժամանակներում շատերին պետք է հիշեցնել, որ մարդ իր աշխատանքից կարող է ստանալ անձնական շահից ավելի բարձր հաճույք, որը չի տեղավորվում սեփական գրպանի անձուկ սահմաններում։

Այս բաց նամակը կարող էր եւ չգրվել, քանզի մեր խորին համոզմամբ Ափինյանը պաշտպանության կարիք չունի. յուրաքանչյուր մարդու պաշտպանում է իր գործը, եւ ամեն ոք պատասխան պիտի տա նախ եւ առաջ իր սեփական խղճի առջեւ։

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՏԱՇԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ,

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ,

ՀՌԻՓՍԻՄԵ, ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ,

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՅԼՈՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ,

ՎԱՀԱՆ ԹԱՄԱՐՅԱՆ, ԳԱՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ,

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, ԿԱՄՈ ՄԱՆԱՍԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ,

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ, ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ,

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031