Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիել Մանուկյանի դատավճռի համար մի քանի օր էր պետք

Փետրվար 20,1999 00:00
datavor

ՀՀ Վճռաբեկ դատարանում փետրվարի 18-ին շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի քր. գործից առանձնացված հանցախմբի 10 անդամների ընդհատված դատաքննությունը։

Սակայն մինչ այդ տեղեկացնենք, որ փետրվարի 17-ին Վճռաբեկ դատարանում հանդես էր եկել դատախազ Յուրի Մանուկյանը, որը մեղադրանք ներկայացրեց Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով (բանդիտիզմ) եւ միջնորդեց դատարանին պատժի չափը սահմանել 5-9 տարի, մասնավորապես Մհեր Գալստյանին, Գուրգեն Մանուկյանին, Սամվել Չափուխյանին, Հովիկ Գաբրիելյանին դատապարտել 8 տարի, Դերենիկ Խուրշուդյանին, Հայկազ Աշխատոյանին՝ 6 տարի, Արմեն Սինդոյանին, Էսմա Զաքարյանին՝ 5 տարի, Արտակ Հակոբյանին՝ 4 տարի եւ Արայիկ Հակոբյանին՝ 9 տարվա ազատազրկման։

Անդրադառնալով փետրվարի 18-ի դատավարությանը, տեղեկացնեմ, որ այդ օրը պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալների դատապաշտպանները եւ այն ամբաստանյալները, որոնք դատապաշտպաններ չունեին։

Արմեն Սինդոյանի դատապաշտպանը նշեց, որ պետական մեղադրողը նրան մեղադրում է բանդայի գործունեության, հանցագործություն կատարելու համար, սակայն ապացույցներ չբերեց։ «Ինչո՞ւ ենք պատրանք ստեղծում մամուլով եւ հեռուստատեսությամբ, թե մարդասպաններ են կանգնած դատարանի առաջ»,- ասաց Ռ. Սահակյանը։ Այնուհետեւ, նա հանգամանորեն ներկայացրեց իր պաշտպանյալի անմեղությունն ապացուցող փաստեր, մասնավորապես, թե ինչպե՞ս է Արմեն Սինդոյանը հանդիպել Գեղամ Խաչատրյանին, ուղեկցել նրան Ձորաղբյուրի ամառանոց (ի դեպ, սա համցախմբի «ավազակաորջն» էր) եւ հանձնել Արմեն Տեր-Սահակյանի դատին։

Դատապաշտպանը նշեց, որ Սինդոյանը եւ Տեր-Սահակյանը մանկության եւ բանակի ընկերներ են, նաեւ Տեր-Սահակյանը նրա երեխաների կնքահայրն է։

Սինդոյանը շուրջկալի օրը այն նպատակով է գտնվել ամառանոցում, որպեսզի կնքահորը հրավիրի ընտանեկան ճաշկերույթի։ «Նա ոչ մի գործողության չի մասնակցել։ Պետք է ապացուցել նրա մեղքը, ոչ թե ենթադրություններով զբաղվել (այս խոսքերը ասվեց դատախազի հասցեին – Ա.Լ.)։ Ճիշտ է, նա տեսել է, որ մարդիկ են հավաքվում, հակաօրինական քայլեր են անում, բայց հո դրա համար չպետք է բռնել ու դատել»,- ասաց դատապաշտպանը, որն էլ միջնորդեց, որ իր պաշտպանյալը արդարացվի։ Չնայած տարակուսանք հայտնեց, ասելով. «Մենք չենք հասել այն մակարդակին, որ դատարանի դահլիճից ամբաստանյալն արդարացվի եւ ազատ արձակվի»։

Արտակ Հակոբյանի դատապաշտպանի համար էլ հարց է մնացել, թե ո՞վ է գլխավոր սուբյեկտը հանցագործությունում եւ կատարեց մեջբերում Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպից։ «Մեղադրում են եւ դատի տալիս, բայց չգիտեն ինչի՞ համար»։ «Փաստաբանները պաշտպանում են, բայց չգիտեն՝ ինչից». այսպես գնահատեց նա։ Դատապաշտպանը ի լուր ամենքի հայտարարեց, որ այն ժամանակվա ղեկավարները (խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության ժամանակաշրջանին է վերաբերում – Ա.Լ.) գիտեին բանդայի մասին, բայց լռում էին։ «Եվ այսօր գլխավոր հանցագործին դատելու փոխարեն, դատում ենք Գործիքներին»,- ասաց նա։

Դատապաշտպանը նշեց, որ ամբաստանյալն ակտիվորեն չի մասնակցել հանցախմբի աշխատանքներին, ծեծի օրն այնտեղ չի եղել։ «Նրան կարելի է միայն մեղադրել հանցախմբի մասին իմանալու եւ իրավապահ մարմիններին չհայտնելու համար»,- ասաց պաշտպանը եւ միջնորդեց Քր. օր.-ի 72-րդ հոդվածը փոխել 84-ով՝ սահմանելով մեղմ պատիժ։

Մնացած ամբաստանյալների դատապաշտպանները հենց իրենք էին։

Ամբաստանյալ Դերենիկ Խուրշուդյանն ասաց. «Ես այս տարիքում դարձա բանդիտ։ 60 տարեկանում դարձա բանդիտ, հետո էլ հանցագործ»։ Մհեր Գալստյանը չի իմացել հանցախմբի մասին եւ իրեն մեղավոր չճանաչեց։

«Ես միայն մի չափալախ եմ տվել Գեղամին։ Եվ դրա համար դատում են 72-րդ հոդվածով»։ «Ես Գեղամին մատով իսկ չեմ կպել։ Եվ դրա համար պետական մեղադրողը 8 տարի է տալիս։ Մարդիկ մարդ են սպանում՝ 8 տարի չեն նստում»,- ասաց Գուրգեն Մանուկյանը։ Հայկազ Աշխատոյանը պնդեց, որ դատախազը փաստերով չի խոսում եւ որ ինքը Մարզպետ Գրիգորյանի ամառանոցում չի պատսպարվել. «Գեղամին ապտակել եմ, թող դրա համար դատեն, եւ ոչ թե բանդիտիզմի»։ Հովհաննես Գաբրիելյանն էլ առաջ բերեց ապտակ տալու վարկածը, իսկ մի քանիսն էլ հարկ համարեցին լռել։

Տարիել Մանուկյանը հայտարարեց, որ վճիռն ընդունելու համար իրեն մի քանի օր է պետք եւ դրա հրապարակման օրը հետաձգեց մինչեւ մարտի 2-ը։

ԱՐԹՈԻՐ ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728