Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՎԵՔ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ, ԵՎ ՎԵՐՋ Էլեկտրահաշվիչային օնանիզմ

Մարտ 17,1999 00:00

ՏՎԵՔ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ, ԵՎ ՎԵՐՋ Էլեկտրահաշվիչային օնանիզմ Էլեկտրաէներգիայի գների հերթական թռիչքից հետո, երբ, կարելի է ասել, դրա հեղինակները սպասվածից ավելի խաղաղ եւ փափուկ վայրէջք կատարեցին, հակառակորդ կողմը (այսուհետեւ՝ բնակիչ) ինքնապաշտպանության (այսուհետեւ՝ էլեկտրագողություն) առավել բացահայտ միջոցների անցավ։ Սույն ծառայության՝ Շենգավիթի թիվ 4 հենակետի պետի առարկություն չհանդուրժող կարծիքով, ենթակայանից մինչեւ բնակարաններն ընկած մի քանի տասնյակ մետրերի վրա «կորչում» է սպառվող էներգիայի ոչ պակաս՝ 25 տոկոսը։ Այսինքն, եթե մեկի տանիքի վրայով կամ կողքով «օտար» էլեկտրալար է անցնում, ապա չեն զլանում մի կեռիկ գցել։ Կարո՞ղ ես չհավատալ դրան, եթե ընդհանուր հաշվիչով մի կլորիկ թիվ է արձանագրվել, իսկ բնակարանների ընդհանուր գումարը շատ ավելի նիհարիկ է։ Իհարկե՝ ոչ, եթե կառավարությունում կամ, առնվազն, Էներգետիկայի նախարարությունում ես աշխատում։ Բայց բնակիչը, բացի այն, որ այո, տեղյակ է «գիծ մտնելու» հին արհեստին, գիտի նաեւ, թե իր հարեւաններից քանիսն են «լույսի մարդու» բարի կամեցողությամբ արժեքի մեկ երրորդով վայելում կենարար ջերմությունը։ Ի դեպ, էլեկտրիկների հաճախակի փոփոխությունը՝ գործից ազատելու կամ հեռացնելու պատրվակով, խոսում է հօգուտ այս վերջին տարբերակի։ Եվ պաշտոնատարների այն հաճախակի հայտարարությունները, թե դա արվում է համակարգը առավելագույնս արհեստավարժներով համալրելու նպատակով, մեղմ ասած, բլեֆ է եւ ոչ ավելին։ Այս կիսաթեզն ապացուցելու համար բավական է անկեղծորեն զրուցել բոբո դարձած ցանկացած «լույսի մարդու» հետ եւ կհամոզվեք, որ բոլորիս նման կարիքի մեջ խրված ու արդեն մի քանի ամիս «աղքատավարձը» չստացած այդ արհեստավարժին այլ բան չի մնում անել, քան բնակչի հետ «ջան ասել, ջան լսել»։ Եվ քանի որ, հատկապես Երեւանում, ոչ միայն արհեստավարժ, այլեւ ընդհանրապես գործազուրկ չմնաց, որ բախտը գոնե մեկ անգամ այս բնագավառում չփորձեր, ուստի շատ տեղերում համակարգի ենթակառուցվածքների ղեկավարները հայտնվել են անելանելի վիճակում։ Հիմա ավելի կոնկրետ։ Շենգավիթի համայնքի մեր հիշատակած չորրորդ հենակետում վերջերս հայտնագործություն արեցին, բոլորովին նեղություն չկրելով հիշողությունը փորփրել՝ համոզվելու համար, որ ընդամենը մի քանի տարի առաջ այն արդեն գործնականում տապալվել էր։ Ասում են՝ նորը լավ մոռացված հինն է։ Բայց եթե չհիշելը ոչ թե ժամանակի, այլ սկլերոզի արդյունք է, ապա թույլ տվեք առնվազն կասկածել դրա արդյունավետությանը։ Եվ այսպես, ընդամենը երկու թե երեք տարի առաջ Ծերեթելի փողոցի սկզբնամասի մասնավոր տների հատվածում հաշվիչները ոչ միայն բնակարաններից դուրս բերեցին, այլեւ, սպասարկողների գործն ավելի հեշտացնելու պատրվակով, դրանք «միավորեցին» հարեւաններից մեկի բակում։ Երկնքից իջած այս փորձությունը, սակայն, քիչ մնաց փորձանք դառնար, քանի որ որոշ հարեւաններ չդիմացան իրենց բակում ուրիշի հաշվիչներն ամեն րոպե աչքի առաջ ունենալու գայթակղությանը։ Եվ եղավ այնպես, որ մեկի հաշվիչը ամիսը 1500 կվտ «ֆռաց», մյուսինը՝ կանգնելուց ժանգոտվեց։ Թվում էր՝ խնդիրը կարգավորվեց, 2-3 տարի բնակիչ-էլեկտրիկ հարաբերությունները կարծես թե խաղաղության հողի վրա էին ընթանում, սակայն… անցած շաբաթ, կոնկրետ՝ մարտի 13-ի առավոտյան լույսերը կտրվեցին, իսկ քիչ անց բակեբակ ընկած էլեկտրիկ-թաղայինները բացատրում էին, որ հաշվիչները բակերից տեղափոխում են հարեւան փողոց։ Իսկ հարեւան փողոցում ուղղակի աշխատանքային եռուզեռ էր. ցանցի մարդիկ կաբելներ էին փոխում, հաշվիչների համար արդեն պատրաստի արկղեր էին ամրացնում… Տարօրինակ ոչինչ չկար, ինչպես միշտ, այս ամենից տեղյակ չէր բնակիչը, իսկ մեր հարցին, թե արդյո՞ք այս ձեռնարկումը վերեւներից է գալիս, հենակետի տնօրենը հպարտորեն դա վերագրեց իրեն՝ վերեւում տեղյակ չեն։ Իսկ պատճառաբանությունն ուղղակի մարդու լացն էր հարուցում։ -Ձե՞զ ինչ, թե ամեն մի էլեկտրիկի վրա հարյուր հազարի տուգանք է դրված կորուստների համար։ Մինչեւ հիմա մենք էինք անհանգիստ գիշերներ անցկացնում, հիմա թող բնակիչները հետեւեն, որ մեկը մյուսից չգողանա։ Սպասարկման նորօրյա այս եղանակը չգիտեմ մեկ էլ որ երկրում է իրականացվել, բայց որ մեզ համար այն նոր փորձություն ու փորձանք կդառնա՝ կասկածից վեր է։ Մյուս կողմից, եթե այս մեթոդն էլ համապատասխան արդյունք չտա, մնում է կարծել, որ միմյանց չվստահելու այս պայմաններում հաշվիչները կա՛մ Էներգետիկայի նախարարությունում կհավաքվեն, կա՛մ հենց նախարարի բնակարանում, որից հետո գոնե նախարարը հանգիստ կքնի, իսկ կորուստները՝ էլ ո՞վ, եթե ոչ բնակիչը պետք է վճարի։ Հենակետի պետը նոր գներ է գուժում Բարեկամական այս զրույցների ընթացքում իր արածը արդարացնելու կամ «անցկացնելու» նպատակով հենակետի տնօրենը կարծես իմիջիայլոց ասաց, որ բնակիչներն ավելի լավ է մտածեն այն մասին, որ «հեսա-հեսա» գները (էլեկտրաէներգիայի) գրեթե 10 դրամով կբարձրանան։ Մեր կարճ խելքով, ավելի լավ է էլեկտրաէներգիա գնենք հարեւան Թուրքիայից կամ թեկուզ Վրաստանից։ Վերջինիս համար դա շատ ավելի ձեռնտու կլինի՝ 12 դրամով կգնի մերոնցից եւ առանց տեղափոխելու գլխացավանքի՝ տեղում 14-ով երեւի թե կբարիշի։ Պարզապես գործ «դնող» է պետք… Բայց մինչ այդ՝ տվեք մեզ մեր հաշվիչները, եւ վերջ։ Վ. ՀԱՅԿՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031