Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ՀԵՏ

Մայիս 05,1999 00:00
qayl

ԱԺ ընտրությունների նախապատրաստական եռուն ժամանակներում, թվում է, այնքան էլ տեղին չէ խոսել դատաիրավական բարեփոխումներ կոչվող իրավական խառնաշփոթի մասին, սակայն ակնկալելով նոր ԱԺ-ի պրոֆեսիոնալ վերաբերմունքը նախկինում ընդունված օրենքները վերանայելու, մարդու իրավունքները պաշտպանելու նկատմամբ, իբրեւ ընտրող, ապագա պատգամավորների ուշադրությունն եմ փորձում հրավիրել դատական համակարգի վերջնական քայքայման ռեալ վտանգի վրա։

Ժամանակին Արեւմուտքն ամեն ինչ արեց ԽՍՀՄ կոչված միասնական պետությունը մասնատելու, ի վերջո՝ փլուզելու համար՝ հաջողվեց։ Մեր իշխանություններն ամեն ինչ արեցին դատական միասնական համակարգը քանդելու, մասնատելու, այսպես կոչված, անկախ (ոչ թե իշխանություններից, այլ օրենքներից) դատական համակարգ ստեղծելու համար՝ հաջողվեց։ Կառավարությունը ԱԺ անտարբերության հովանու ներքո, երիտասարդ, անցումայինի համար խոստումնալի, արդարադատության նախարարի նախաձեռնությամբ, ամեն ինչ արեց միասնական փաստաբանական համակարգը մասնատելու, փոշիացնելու, այսպես կոչված, անկախ միություններ ստեղծելու համար՝ հաջողվեց։

Իսկապես, դատաիրավական բարեփոխումների «հաջողությունները» նման է Գարսեւանի ֆիլմային «հաջողություններին»։ Մեր իշխանավորները, հատկապես՝ Խոսրով Հարությունյանը, երկրում իրականացված բարեփոխումների մասին խոսելիս (վերջերս Ֆրանսիայում՝ ֆուտբոլային խաղին ներկա գտնվելիս ձեռքի հետ նաեւ տեղի որոշ գործարար ու պաշտոնատար անձանց հետ հանդիպելիս, դրանից հետո արդեն երեւի թե վերջին պաշտոնական շրջագայության ժամանակ՝ Լեհաստանում) որպես ձեռքբերում օրինակ էր բերում դատաիրավական բարեփոխումները։ Երեւի թե կարելի է հասկանալ պարոն Խոսրովին, իսկ ինչի մասին խոսեր կամ որ հաջողությունն օրինակ բերեր։ Արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառում բարեփոխումները ձախողվեցին։

Մնում էր հույսը դնել դատաիրավական ռեֆորմների վրա։ Մի բնագավառ, որտեղ միջազգային նորմերին համապատասխան կարելի է օրենքներ գրել, առանց երաշխավորելու դրանց կիրառման հնարավորությունը։ Իսկաապես, հո բերք չի կամ արտադրություն, որ շոշափեն, ասեն՝ կա՞, թե՞ չկա։ Օրենք է, էլի, եվրոպական զարգացած երկրներից արտագրեցին (քյավառցին կասեր՝ բռնա-չբռնա), ստացվեց այն, որ ոչ օրենքը գրողները հասկացան (բացառությամբ, թերեւս, քաղաքացիական օրենսգրքի հեղինակից) թե ի՞նչ են գրել, ոչ էլ կիրառողներն են կողմնորոշվում, թե ի՞նչ պետք է անեն։ Մինչեւ նոր դատական համակարգի ձեւավորվելը (պրն Վլ. Նազարյանը խորհուրդ էր տալիս չշտապել) դատավորի հավակնորդների համար գոնե վեց ամսով կազմակերպել համապատասխան ուսուցողական պարապմունքներ նոր օրենսդրությունների վերաբերյալ։ Չլսեցին։ Շտապել էր պետք, ինչ իմանաս, վեց ամիս անց ինչ կլինի։

Առջեւում խորհրդարանական ընտրություններն են, անհրաժեշտ էր Համաշխարհային բանկին, ՄԱՀ-ին եւ շահագրգիռ այլոց ցույց տալ, որ հանրապետությունը գնում է բարեփոխումների, մի ուշացրեք, տվե՛ք վարկերը…։ Վարկեր ասացի՝ միտս ընկավ։ Անկախություն ձեռք բերելուց հետո հանրապետությունում փոխվել է երեք արդարադատության նախարար։ Երջանիկ պատահականությամբ երեքին էլ բախտ է վիճակվել զբաղվել դատավորների նշանակման, դատական համակարգի ձեւավորման հարցերով։ Իհարկե, չես համեմատի նախորդ երկուսի, հատկապես՝ երկրորդ նախարարի գործունեությունը (ընդամենը յոթ կամ ութ դատավորի հարց լուծեց) ներկայիս երիտասարդ նախարարի գործունեության շրջանակների հետ։ Վերջինիս այդ բնագավառի գործունեությունը համապատասխանում է Հեգելի բացասման բացասումի օրենքին։ Ներկայիս պարոն նախարարը զբաղվեց ոչ միայն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատավորների նշանակման, այլեւ մինչ այդ ձեւավորված Վճռաբեկ դատարանի դատավորների եւ ղեկավարության ցմահ նշանակման հարցերով։ Ոչինչ չես կարող անել, բնության զարգացման օրենքն է, մեր գրած օրենքները հո չի, որ չաշխատի։ Հիմա նախարարն այլեւս գլոբալ հարցեր չունի լուծելու։

Ապացուցման կարիք չի զգում, այլ խոսքով՝ աքսիոմա է, որ բարեփոխել, նշանակում է առնվազն նախկինում եղածից ավելի լավին հասնել։ Դատաիրավական բնագավառում դա նշանակում է մարդու իրավունքների պաշտպանության բարելավում։ Ասել ենք, բայց կրկնենք, որ նախկին դատական համակարգն ուներ մարդու իրավունքների դատական պաշտպանության չորս ատյան՝ ժողդատարան, Գերագույն դատարանի քննչական կամ քաղաքական գործերի դատական կոլեգիա, նախագահություն, պլենում։ Բարեփոխումների արդյունքում ունեցանք դատական պաշտպանության երեք ատյան՝ ընդհանուր իրավասության, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարան (վերջինիս խիստ սահմանափակված լիազորություններով)։

Հասարակ թվաբանական համեմատություն անենք. ո՞րն է շատ՝ երե՞քը, թե՞ չորսը։ Ի՞նչ իմանաս, կասի հումորով ընթերցողը, մեր ժամանակներում անմեղին եւ մեղավորին, նախկին ու ներկա իշխանություններին ով է կարողանում միմյանցից տարբերել որ։ Եթե պրն Խոսրովը պնդում է, որ երեք դատական ատյան ունենալն ավելի լավ է, քանց (վերջին «ց»-ն էլ իր կողմից մեզ նվեր) չորս դատական ատյան ունենալը, ուրեմն՝ էլի, Գարսեւանի խոսքերով ասած՝ «կարող ա» երե՞քն ա մեծ չորսից։ Ուրեմն նոր դատական համակարգ ստեղծելով, այսպես ասած, գլոբալ առումով, բարեփոխում չստացվեց։ Կառարկեն, թե ստեղծվեց միմյանցից անկախ դատական համակարգ։ Այդ անկախության մասին առանձին կխոսենք, պարզելու ումի՞ց կամ ինչի՞ց անկախ՝ օրենքների՞ց, թե՞ իշխանություններից։

Եթե նպատակ ենք դրել ժողովրդավարական երկիր կառուցել ու առաջիկա ընտրություններն էլ արդար անցկացնելուց հետո Եվրախորհուրդ մտնել, ենթադրվում է, որ բարեփոխումներով պետք է բարելավվեր (էլի նախկինի հետ համեմատած) կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական իրավունքները՝ կապված պաշտպանության հետ։ Սակայն բարեփոխումներով ստացվեց հակառակը։ Նախկին քրեական դատավարությամբ գործին մասնակցելու թույլտվություն ստանալու, այն է՝ կասկածյալի ձերբակալման պահից պաշտպանն իրավունք ուներ ծանոթանալու գործի ամբողջ նյութերին։ Բարեփոխված նոր քրեական դատավարության օրենքով (73 հոդվածի առաջին մասի 12-րդ կետ), պաշտպանն իրավունք ունի գործի բոլոր նյութերին ծանոթանալ նախաքննության ավարտման պահից։ Այսինքն՝ գործի քննությունն ավարտվելուց հետո պաշտպանը կարող է ծանոթանալ գործում եղած ապացույցներին։ Ստացվում է, որ գործի քննության հենց սկզբից հանդիսանալով քննությանը մասնակից կողմ, պաշտպանը կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունը պետք է իրականացնի ծանոթ չլինելով գործի տվյալներին, չիմանալով, թե ինչից պաշտպանի։

Ուշադրության է արժանի պաշտպանին վարույթից՝ քր. գործից հեռացնելու՝ քննիչին վերապահված իրավունքը, սակայն հաշվի առնելով, որ այդ հարցի կապակցությամբ ներկայացված բողոքով դատարանում գործ կա, ինչպես նաեւ այն, որ առանց այն էլ չարաշահեցինք «Առավոտի» անսահման, իսկ ընթերցողի՝ խստաբարո համբերությունը, առայժմ«ս» (վերջին «ս»-ն էլ պրն Խոսրովի փոխանցումով ինձնից որպես ընտրակաշառք՝ ձեզ նվեր) այսքանը։

ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31