Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

Մայիս 05,1999 00:00
erkqaxaqaci

Շավարշ Քոչարյանը ԱԺՄ-ից ասում է, թե երկքաղաքացիության խնդիրը նույնպիսի «մեծ աղմուկ է ոչնչից», ինչպես Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու շարժումը։ Մինչդեռ նման անհոգ վերաբերմունքը մտահոգիչ է, մանավանդ «ՆԱՏՕ-ն ընդդեմ Հարավսլավիայի» ռազմական գործողության խորքի վրա, երբ Ռուսաստանում ցարիզմի ռուդիմենտերը զարթոնք են ապրել: Հայաստանը նույնպիսի far-post է Մոսկվայի արտաքին քաղաքական խաղաքարտում, ինչպես Տաջիկստանը։ Եթե Մոսկվան Տաջիկստանում մեկընդմիշտ հաստատվելու ճանապարհ ընտրեց երկքաղաքացիության նորմը, խոցված կայսրապաշտության ներկա ալիքի վրա Հայաստանն էլ նույն ճակատագրին կարժանացվի։ Բավական է միայն ՀՀ Սահմանադրությունից հանվի երկքաղաքացիության արգելքը։

Քաղաքական իրադրությունը

Երկքաղաքացիության նորմի շուրջ խոսակցությունները սովորաբար սկսվում եւ ավարտվում են իրավական կազուսներով։ Դրանց կանդրադառնանք՝ ցույց տալու համար սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վտանգը եւ անլրջությունը։ Բայց նախ վերլուծենք առկա ներքին եւ արտաքին քաղաքական իրադրությունում երկքաղաքացիությունը՝ սահմանադրորեն չարգելելու հետեւանքները Հայաստանի Հանրապետության համար։

Ներքին քաղաքական իրադրությունը

Թերեւս որեւէ մեկի մոտ առանձնակի կասկած չի հարուցում այն, որ ՀՀ-ում երկքաղաքացիությունն արգելող նորմը սահմանադրությունից հանելուն հաջորդող քայլը լինելու է «Երկքաղաքացիության մասին» որեւէ փաստաթղթի ընդունումը եւ ԼՂՀ ազգաբնակչությանը հայաստանյան քաղաքացիություն շնորհելը։ Պետությունն ու հայրենիքը 20-րդ դարավերջին էլ չտարբերողների գոռում-գոչյունը կլռեցնի ցանկացած ընդդիմախոսություն։ Նույնիսկ, երբ ՀՀ-ում երկքաղաքացիությունն արգելված է, կոչեր են հնչում Արցախը մասնակից դարձնելու հայաստանյան ընտրություններին, ուր մնաց թե երկքաղաքացիություն թուլատրելու դեպքում հնարավոր լինի դա կանխել։ Իսկ եթե Արցախը մասնակցի հայաստանյան ընտրություններին, չի մնա որեւէ էական ատրիբուտ, որը համոզեր, թե ԼՂՀ-ն տարածքային միավոր չէ Հայաստանի կազմում։ Մինչ փաստացի այդ միավորումից «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն» կարգախոսի նվիրյալները կցնծան, միջազգային հանրությունը մի քանի սրբագրումներ կանի ղարաբաղյան հակամարտության նկատմամբ իր դիրքորոշման մեջ՝ ԼՂՀ-ն ուղղակի կդադարի հակամարտության կողմ, այդքանով էլ՝ ad-hoc ինքնուրույն պետական կազմավորում դիտվելուց։ Հակամարտող կողմեր կհամարվեն Հայաստանը եւ Ադրբեջանը (ինչին այնպես համառորեն, հետեւողականորեն ու հեռատեսորեն ձգտում է Բաքուն)։ Ինքնաբերաբար կհետեւի, որ Հայաստանն է գրավել Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը եւ այլն, ժամանակակից աշխարհում զավթիչներին ոչ միայն չեն համակրում, այլեւ պատժում են, եւ ձնագունդը կգլորվի… Նույնիսկ իրավագիտությամբ չփայլող Թուրքիան ստեղծելով Կիպրոսի թուրքական հանրապետությունը, տասնամյակներ շարունակ այն պահպանում է իբրեւ ինքնուրույն պետական կազմավորում, եւ ոչ թե տարրալուծում է իր կազմում։ Դիվանագիտական առումով ԼՂՀ՝ ինքնիշխան պետություն լինելու դրվածքը կասկածի ենթարկող որեւէ քայլ միայն կորուստներ է բերելու։

Արցախցիների՝ հայաստանյան քաղաքացիություն ձեռք բերելը եւ ընտրություններին մասնակցելը անցանկալի է նաեւ Հայաստանի ներքաղաքական կայունության ու զարգացման տեսակետից։ Այսօր էլ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերը բանակի քվեները համարում են ընտրությունների արդյունքները կեղծելու միջոց։ Այլ հարց է՝ այդպես է, թե ոչ, բայց այդպես կարող է լինել։ Այդ ո՞ր երկրի զինված ուժերում է ազատախոհությունը հարգվում. զինվորին միշտ էլ հնարավոր է գաղափարական ճնշման ու հավատաքննության ենթարկել, եթե նույնիսկ այնպիսի բիրտ մեթոդներ չկիրառվեն, ինչպես ուղղակի ցուցմունքն ու թելադրանքը։ Դե, իսկ եթե բանակին գումարվի արցախցիների եւս մի քանի հարյուր հազար նույնքան կառավարելի ձայները։ Այլեւս հայաստանցիները երբեւէ կկարողանա՞ն իրենց կամքը դրսեւորել եւ իշխանություն ձեւավորել։ Իսկ Արցախում ձայները լինելու են կառավարալի, ոչ միայն եւ ոչ այնքան, որովհետեւ այնտեղ կա Սամվել Բաբայան։ Զինադադարի պայմաններում գտնվող հասարակությունում, արտառոց չէ, որ զինվորական կարգուկանոնը գերիշխի քաղաքացիական ազատությունների նկատմամբ։ Ուղղակի Հայաստանն է առաջանցիկ զարգացում ապրել։ Այն ժողովրդավարական հասարակարգ կառուցող, եվրոպական կառույցներում ինտեգրացվելու ձգտող, հետեւաբար նաեւ սահմանակից երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու կոչված պետություն է։ Զինադադարի մեջ գտնվող, ինքնաբերաբար արգելակված զարգացմամբ ու կառավարելի ձայներով Արցախի մասնակցությունը հայաստանյան ընտրություններին միայն ավելի մեծ անվստահություն կսերմանի դրանց արդյունքների հանդեպ՝ ներքին կայունության եւ արտաքին մեկուսացման հետեւանքներով։

Արտաքին քաղաքական իրադրությունը

Երկրորդ պետությունը, որի հետ երկքաղաքացիության ջատագովները հոժարակամ եւ պատրաստակամ միջպետական պայմանագիր կկնքեն Ռուսաստանի Դաշնությունն է։ Հայերի պատմական հիշողությունը խտրական է, վառ տպավորված են Աբդուլ Համիդյան Զուլումի տարիները, Իթթիհատի կազմակերպած ցեղասպանությունը, Աթաթուրքի «գորշ գայլերի» ու Ազգային Ուխտը։ Մինչդեռ, չգիտես ինչու, մոռացության է տրված, որ 1700-ականներից ի վեր հայկական պետականությունը չէր վերականգնվում կամ կորսվում էր Ռուսաստանի կամքով։

Վրացիները ինչ-որ տեղ չեն սիրում հայերին, որովհետեւ չեն կարողանում ներել այն, որ Իսրայել Օրու գլխավորած ղարաբաղյան մելիքները ռուսական սվիններն ու փոխարքաներին բերեցին Անդրկովկաս։ Ինչպես Ալպոյաճյանն է ասել, փոխարեն մայրամուտ թեքված ու թուլացող Պարսկաստանի կազմում ինքնավարությունը ընդլայնելու եւ հարմար պահին անկախություն հռչակելու, հայերը հոժարակամ հպատակվեցին մի նոր կայսրության, որը վերելք էր ապրում՝ գրավում էր տարածքներ ու իրեն էր ձուլում ժողովուրդները։ «Էն սհաթից, երբ ռուսի ոտքը…» մինչեւ ցարիզմի՝ պատմության ասպարեզից դուրս գալը եւ Ռուսաստանի առաջին փլուզումը հայերն անկարող եղան պետականություն վերականգնել, եկեղեցին դիմագրավեց հալածանքներ, իսկ Ереванский губерния -ում հաստատվեց համատարած թուրքալեզու բնակչություն։

1918-ին վերականգնվեց հայկական պետականությունը, իսկ բոլշեւիկները դեկրետ ստորագրեցին Արեւմտահայաստանի մասին։ Դա նշանակում էր, որ բոլշեւիկները ժառանգորդը եւ շարունակողն են Արեւմտյան Հայաստանի տարածքով Միջերկրականին հասնելու ցարական ծրագրերի։ Եթե բոլշեւիկները հայկական բանակում քայքայիչ գործունեություն էին ծավալում, իսկ քեմալականներին զինում, ապա ոչ այնքան մարտավարական խնդիր լուծելու համար, որ քեմալականները Անդրկովկասով անցնեն եւ թիկունքից հարվածեն Դենիկինին։ Թուրքիան համաշխարհային հեղափոխության մեջ ներքաշելով՝ Ռուսաստանի համար վերահսկելի էին դառնում ե՛ւ Բոսֆոր-Դարդանելյան նեղուցները, ե՛ւ Արեւմտյան Հայաստանը, որը միակ անցուղին էր դեպի Միջերկրական, այնտեղից էլ՝ հարավ, մինչեւ Տաք ջրեր, Պարսից ծոց, նավթի պաշարներ։ 1871-ին ցարիզմը դաշնակցեց հայերի հետ ընդդեմ թուրքերի, 1920-ին բոլշեւիզմը ընդհակառակը՝ թուրքերի հետ ընդդեմ հայերի հանուն Արեւմտահայաստանի տարածքով ելքի՝ դեպի Միջերկրական ծով եւ հարավ։ Աթաթուրքը Լենինի հետ համագործակցելու արդյունքում նվիրատվություն ստացավ Կարսը, Արդահանը, Ադրբեջանի կազմում ընդգրկվեցին Նախիջեւան-Շարուրը, Ղարաբաղը։ Իսկ իբրեւ վերջին ակկորդ Հայաստան ներխուժած Կարմիր բանակի 11-րդ շարասյունը վերացրեց ազգային պետականությունը, իսկ երկրի տարածքը եւ ժողովրդին ընդգրկեց ԽՍՀՄ-ի կազմում։ Եվ ո՞վ գիտե՝ եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր ընդամենը մի քանի տասնամյակում, Հայաստանը չէ՞ր վերածվի Չեռնոռուսիայի։

Բարեբախտաբար, 1991-ին պատմության ասպարեզից դուրս եկավ ԽՍՀՄ-ը եւ երկրորդ անգամ փլուզվեց Ռուսաստանը։ Հայերը նորից վերականգնեցին անկախ պետականությունը։ ՀՀ նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա հստակորեն դրեց անկախ պետականության հիմքը՝ պաշտպանունակ տարածք եւ այնտեղ ապրողների ինքիշխան կամք եւ վարեց արտաքին քաղաքականություն՝ ելնելով բազմաբեւեռ աշխարհի մոդելից։ Ռուսաստանում՝ վերջինիս 1000-ամյա պատմության մեջ առաջին անգամ մարդը հռչակվեց գերագույն արժեք, գաղափարական իզմ-երը ստորադասվեցին նրան եւ երկրում հաստատվեց ժողովրդավարական վարչակարգ։

Այդուհանդերձ Հռոմը մեկ օրում չի կառուցվել եւ Ռուսաստանում էլ կայսրապաշտության դարավոր ավանդույթները դեռ պահպանվելու էին։ Բավական էր Արեւելյան Եվրոպայի երկրները անդամագրվեին ՆԱՏՕ-ին, որպեսզի Մոսկվան հռչակեր Բելառուսի հետ մի անհասկանալի պետականատիպ գոյացության ստեղծում, իսկ ըստ էության նշագրեր Ռուսաստանի հեռակա սահմանը Եվրոպայում։ Հարավում, դեռ ավելի վաղ, Պավել Գրաչովն էր անկեղծության մի պահի պոռթկացել. «Թող բոլորը հասկանան, որ տաջիկա-աֆղանական սահմանը դա Ռուսաստանի սահմանն է»։ Այդպիսի ցինիզմ սպասելի էր Ժիրինովսկուց, բայց ինչպես հետագա զարգացումները ցույց տվեցին Գրաչովի դեպքում էլ. «Ծուխը առանց կրակի չէր բարձրացել». Մոսկվան Դուշամբեի հետ կնքեց երկքաղաքացիության մասին պայմանագիր, համաձայն որի Տաջիկստանի ցանկացած քաղաքացի կարող է դիմել եւ ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, եւ նույն կերպ ՌԴ ցանկացած քաղաքացու համար մատչելի է Տաջիկստանի քաղաքակացիությունը (հասկանալիորեն առանց մշտական բնակության վայրը փոխելու)։ Այլ կերպ ասած de-jure Տաջիկստանի դեմոգրաֆիկ պատկերը դարձավ փոփոխելի հօգուտ ռուսների, որովհետեւ ցանկացած պահի կարող է սկսվել ՌԴ քաղաքացիների դիմումների հոսքը տաջիկստանյան քաղաքացիություն ձեռք բերելու համար եւ դադարել միայն այն ժամանակ, երբ Տաջիկստանի բովանդակ ազգաբնակչությանը կրկնակի, եռակի ու տասնակի անգամ գերազանցող թվաքանակով ՌԴ քաղաքացիներ կօգտվեն Տաջիկստանում քաղաքացիական նույն իրավունքներից, ինչ այնտեղ ապրողները՝ ներառյալ ընտրական իրավունքը։ Հոժարակամ, թե՞ ստիպողաբար տաջիկների վրա դամոկլյան սրի նման կախվեց սեփական տարածքում մեծամասնություն չկազմելու, այդքանով էլ ինքնիշխանությունը կորցնելու հեռանկարը։

Ի վերջո, ոչինչ նոր չէ երկրագնդի վրա եւ լուսնի տակ։ 60-ականներին Ֆրանսիան երկքաղաքացիության ինստիտուտը ընդունեց Ալժիրում իր ներկայությունը ռազմականից իրավականի փոխակերպելու համար։ 90-ականներին Մոսկվան նույն սցենարն է կիրառում իր սահմանները սեփական տարածքից դուրս հաստատելու համար։ Եվ եթե նորանկախ երկրները, այդ թվում Հայաստանը, սահմանադրորեն արգելել են երկքաղաքացիությունը, ապա դրանում գուցե վերջին հերթին, բայց ապահովագրել են սեփական տարածքում էթնիկ մեծամասնություն կազմելը, այդքանով էլ՝ ինքնիշխան ու անկախ լինելը։ Այսքանը չի կարելի չգիտակցել։ Եթե չլինի սահմանադրական արգելքը Մոսկվան բարենպաստ պահի ՀՀ փոքրիշատե ռուսամետ մի կառավարության եւ խորհրդարանի կստիպի «Երկքաղաքացիության մասին» օրենք ընդունել եւ ռուս-տաջիկական տիպային պայմանագիրը կրկնող մի փաստաթուղթ ստորագրել։ ՀՀ-ի 30000 քառ. կմ-ը հայաբնակ թե հայաթափ, Մոսկվային անհրաժեշտ է Անդրկովկասը հարավից օղակելու համար։ Երկքաղաքացիությունը ոչ միայն թույլ կտա Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը փոխել, այլեւ հնարավոր կդարձնի իբրեւ հաջորդող քայլ անհրաժեշտության դեպքում հանրաքվեի արդյունքներով Հայաստանը ՌԴ-ի անկապտելի մաս հայտարարել՝ ինքնավարության ինչ-որ կարգավիճակով։ Ի դեպ, առանց 11-րդ բանակի։ Իսկ Հայաստանը ՌԴ-ի հետ երկքաղաքացիության մասին միջպետական պայմանագիր կնքելուց հետո ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ էլ իրավական որեւէ կռվան չի ունենա այդ ընթացքին ընդդիմանալու։

Այսպիսով, արդի թե ներքին, թե արտաքին քաղաքական իրադրությունում երկքաղաքացիությունը սահմանադրորեն չարգելելը հավասարազոր է Հայաստանի երրորդ Հանրապետության կործանումը ժամանակի հարց դարձնելուն։ Իհարկե, երկքաղաքացիությունը երկնային մանանա չէ նաեւ իրավական առումով։ Այդ մասին հաջորդիվ։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31