Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային տեսչության պետը չի բացառում իր հովանավորչությունը

Մայիս 15,1999 00:00
Smbat Ayvazyan

Հարցազրույց ՀՏ պետ Սմբատ Այվազյանի հետ

– Վարչարարական ի՞նչ փոփոխություններ եք նախատեսել։

– Կազմել ենք բարեփոխումների ծրագիր։ Մինչեւ օգոստոսի 1-ը նախատեսել ենք Երեւան քաղաքի տարածքային տեսչությունների ավտոմատացումն ավարտել։ Արդեն ստացված է համապատասխան համակարգչային տեխնիկա եւ հաջորդ ամսից կսկսվեն Արաբկիրի եւ Մյասնիկյանի տարածքային տեսչության աշխատանքները։ Ընդհանրապես նախատեսել ենք Երեւանի տարածքային տեսչությունները միացնել կենտրոնական ապարատին, որպեսզի ավտոմատ ապահովվեն ինֆորմացիոն հոսքերը։ Իսկ ողջ համակարգի, ներառյալ հանրապետության մյուս շրջանների, ավտոմատացումը նախատեսել ենք ավարտել 2000 թ. փետրվարին։ Հաջորդ խնդիրը ֆունկցիոնալ պարտականությունների ճշտումն է։

– Ի՞նչ նկատի ունեք ոլորտային ասելով։

– Սուրճի, օղու, մակարոնեղենի, մսամթերքի նմանօրինակ այլ առեւտրի ոլորտներն ու շրջանառությունն առավել խոշոր են, պահանջում է հստակ վերլուծություն, որպեսզի հստակեցվի՝ հարկվո՞ւմ է դաշտը, թե՞ ոչ, ստվերային պայքարի ձեւերն ինչպիսի՞ն պետք է լինեն, զարգացման ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ մի քանի տարի անց։

– Մշտապես առկա՞ է հարկատու-հարկահան հարաբերությունների լարվածություն։

– Բնականաբար, լարվածություն պետք է լինի։ Հարկային տեսչությունը մուտքեր ապահովելու խնդիր ունի։

– Համոզվա՞ծ եք, որ ձեր տեսուչներն իրոք օրինական են հարկում։

– Ես չեմ կարծում, որ որեւէ դեպք լինի, երբ հարկային տեսչության աշխատակիցներն անարդար վերաբերմունք ցուցաբերեն եւ չպատժվեն։

– Այսինքն դուք վստահո՞ւմ եք ձեր տեսուչներին։

– Բացի վստահելը, ես ունեմ վերահսկողության մեխանիզմներ, որն օգտագործում եմ ամբողջությամբ։ Եթե դուք նշեք փոքր միջադեպ՝ չեմ բացառի, բայց որեւէ խոշոր միջադեպ, չեմ կարծում, մեր վերահսկողությունից դուրս լինի։

– Որոշ հարկային տեսուչներ խանութներ են հովանավորում, եւ այդ խանութներում ստուգումներ չեն կատարվում։

– Այո, հովանավորության խնդիր կա։ Բայց, կարծում եմ, երեւույթը բավականին պակասել է։ Թեպետ դեռեւս շարունակվում է։

– Ձեր պաշտոնավարման ընթացքում հարկային տեսուչների նկատմամբ քրեական գործեր հարուցե՞լ եք։

– Ոչ։

– Իսկ կադրային փոփոխություններ եղե՞լ են, թերացումների համար տեսուչներ ազատե՞լ եք աշխատանքից։

– Իհարկե։ Հարկային տեսչության պետեր, բաժնի պետեր, մի քանի տասնյակ տեսուչներ եմ աշխատանքից ազատել։ Հիմքում ընկած է եղել միայն թերացումներն ու վատ աշխատանքը։ Այլ միտումով ոչ մի կադրային փոփոխություն տեղի չի ունեցել։ Ոչ մի նորմալ աշխատող աշխատանքից չի ազատվել։

– Անցյալ տարեվերջին շրջանառության դրվեց հարկերի մասին օրենքի ընդունված, բայց սառեցված 22-րդ հոդվածը, որը հարկային տեսուչներին անսահմանափակ լիազորություններ է վերապահում։ Գործարար շրջանակները հուսով էին, որ հոդվածն, այնուամենայնիվ, չի կիրառվի։

– Դա ստվերային տնտեսության դեմ պայքարելու խնդիր է։ Այսօր հարկային տեսչությունը չունի համապատասխան տեխնիկա, որպեսզի ստվերային տնտեսության դեմ կարողանա պայքարել։ Այդ իսկ պատճառով կառավարության կողմից ընդունվեց հարկերի մասին 22-րդ հոդվածի կիրարկման կարգը։ Վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո այն կիրառության չդրվեց, բայց նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց որոշ ոլորտների նկատմամբ, եթե անհրաժեշտություն լինի կիրառել։ Այսօր հոդվածը սառեցված չէ, բայց, միեւնույն ժամանակ, դեռեւս չի կիրառվել։ Գտնում եմ, որ խիստ անհրաժեշտ հոդված է եւ հնարավորություն կտա հստակ պայքարել ստվերային տնտեսության դեմ։

– Բայց դուք սկզբում դեմ եք եղել հոդվածի կիրարկմանը, սակայն հետո փոխել եք ձեր տեսակետը։

– Ես դեմ չեմ եղել։ Պարզապես հոդվածը հստակեցման կարիք ուներ։ Գրված էր բավականին բարդ, նույնիսկ հարկային տեսուչների համար պետք էր հատուկ ուսուցում անցկացնել, որպեսզի հասկանալի լիներ, ուր մնաց հարկատուն հասկանար հոդվածի իմաստը։ Նախադասություն կար, որ 16 տողից էր բաղկացած։ Հանրապետությունում ունենք 40 հազար հարկատու, մենք չենք կարող բոլորին ուսուցանել։ ԱԺ-ի ընդունած առաջին տարբերակը բավականին պարզեցված է։

– Հանրապետությունում ստվերային տնտեսությունը քանի՞ տոկոս է կազմում։

– Այդ գնահատականը չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ստույգ ասել։ Ինչ թիվ էլ ասեմ, մեկ ուրիշը կարող է վիճարկել եւ հակառակն ասել։

– Նախկինում կոնյակի գործարանն էր համարվում թիվ 1 հարկատուն, իսկ այսօ՞ր։

– Տասնյակ հարյուրավորներ կան։ Ամենախոշոր հարկատուն ԱրմենՏելն է։

– Շատ հաճախ «Գրանտ տոբակո»-ի ծխախոտի տուփին փակցված են ոչ թե հարկային տեսչության ակցիզային դրոշմանիշեր, այլ մաքսային վարչության։ Սա օրենքի խախտո՞ւմ է։

– Այո։ Այդ դրոշմանիշերը տրվել են ՀՏ-ի կողմից։ Պարզապես մեր դրոշմանիշերի բացակայության պատճառով չէինք կարող արտադրությունը կանգնեցնել։ Ստիպված մաքսային վարչության դրոշմանիշեր ենք տրամադրել։ Մեծ վստահություն կա «Գրանտ տոբակո»-ի նկատմամբ եւ չենք կարծում, որ այդ ֆիրման կեղծիք թույլ տա։ Այստեղ որեւէ արտառոց բան չկա։

– Խոշոր գործարարներից շատերը խուսափում են գովազդներից, պատճառաբանելով հարկային տեսչության անհարկի այցերը։

– Այդպիսի երեւույթ չկա։ Ոչ մի հարկային տեսուչ գովազդի հետքերով չի գնում։ Հակառակը, հպարտանում եմ, երբ տեսնում եմ որեւէ ֆիրմա է ձեւավորվել եւ ի վիճակի է գովազդ կազմակերպել։

– Վերջերս հաճախ է «Միկա Արմենիան» գովազդվում։ Որքա՞ն են հարկեր վճարում։

– Որքան հարկ առաջանում է, այնքան վճարում են։ Որպես խոշոր հարկատու՝ գտնվում են մեր վերահսկողության տակ։

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31