Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԾԱԽՍՈՎ՝ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ

Մայիս 22,1999 00:00
Vahan Hovhannisyan

Դաշնակցականները երեկ հաջողել էին (վայ թե՝ ընտրակաշառքով) լեզու գտնել մի քանի օր առաջ իրենց դավաճանած երկնային ուժերի հետ, եւ Մայր բուհի 80-ամյակին նվիրված համերգն այս անգամ անձրեւն ու քամին չհարամեցին։ Դաշնակցական ջահելները՝ ՀՅԴ-ի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից, այսպիսով երկու ազգանվեր գործ արեցին։ Համ նշեցին իրենց սիրելի (հուսով ենք) բուհի 80-ամյակը, համ էլ հարազատ կուսակցությանը ընտրելու կոչերը երգ ու պարով «ծաղկացրին»։

Սույն որդիական պարտքը ծնողական երախտագիտությամբ գնահատեց միայն Վահան Հովհաննիսյանը, իսկ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը իսկի չհայտնվեց էլ։ Հաստատ ինքն իր ձայնը Դաշնակցությանը չի տալու։ Փոխարենը համերգն իր ներկայությամբ պատվեց անձամբ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, որն իր ձայնը հաստատ հարազատ կուսակցությանը կտա։ Բայց իր օրինակին հետեւելու կոչեր, ի տարբերություն Վահան Հովհաննիսյանի, չարեց։ Ու ընդհանրապես, «Դաշնակցություն» բառը հեչ չհոլովեց՝ բավարարվելով միայն ԵՊՀ-ի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքներով ու երիտասարդությանն ուղղված բարեմաղթանքներով։ «Ես կցանկանայի, որպեսզի մենք բոլորս գիտակցեինք, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք Մայր բուհ, եւ այդ բուհը մեր ազգային արժեքն է»,- այսպես կարեւորեց իր հարազատ բուհի դերը երախտապարտ սան (նախկին, իհարկե) Լեւոն Մկրտչյանը։ Ընտրություններին առնչվող միայն մի չեզոք նախադասություն ասաց. «Մենք (նկատի ուներ՝ ուսանողությանը- Ն. Հ.) պիտի կազմակերպվենք, պիտի ձեւավորենք մեր ուսանողական կամքը եւ այդ կամքն արտահայտենք ե՛ւ ընտրությունների ժամանակ, ե՛ւ առօրյա կյանքում»։ Ու որ այդ կամքի ձեւավորման հարցում գոնե նախարարի կողմից պարտադրանք չի լինի, ապացուցում էր թեկուզ հավաքված ուսանողների թիվը։ Կարող էր չէ՞, նախարարի իր դիրքն օգտագործելով, հարազատ կուսակցության համար հազար-հազարավոր «համակիրներ» ապահովել։ Բայց եկել էին նրանք, ովքեր ցանկացել էին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի խոսքն այս անգամ շատ հակիրճ էր։ Շտապում էր։ Բայց գլխավոր միտքը, ավելի կոնկրետ՝ կոչը, այնուամենայնիվ, հասցրեց ասել. «Տվե՛ք ձեր ձայնը Դաշնակցությանը, ամենահին ու ամենաերիտասարդ կուսակցությանը եւ չե՛ք փոշմանի, որովհետեւ հին ընկերները չե՛ն դավաճանում։ Պաշտպանեք Դաշնակցությանը եւ պաշտպանված կլինեք ե՛ւ ուսման մեջ (՞- Ն. Հ.), ե՛ւ կյանքում։ Պինդ մնացե՛ք»։

«Միշտ պատրաստ»-ի կարգի հավաստիացումներ ուսանողների կողմից չեղան։ Իսկ համերգը լա՜վն էր, «ջահելական», դաշնակցական ու ազգային-ազատագրական երգեր բնավ չհնչեցին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31