Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ օգտագործվում են համակարգեր, որոնք կարող են միաժամանակ կարդալ օգտատիրոջ հոգեվիճակը և իրենց միջամտությունները հարմարեցնել դրան»

Նոյեմբեր 04,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Լույս է տեսել «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2026 թ. 2-րդ (28-րդ) համարը։ Պարբերականի 28-րդ համարում տպագրվել է 30 հեղինակի 26 հոդված: Հեղինակներից 2-ը գիտությունների դոկտոր է, 11-ը՝ գիտությունների թեկնածու, իսկ 17-ը՝ ասպիրանտ և հայցորդ: Հոդվածներից 24-ը հայերեն է, 1-ը՝ ռուսերեն, 1-ը՝ անգլերեն: Ընթացիկ համարում տպագրված հոդվածներն ընդգրկում են իրավագիտության, պատմության, քաղաքագիտության, գրականագիտության, լեզվաբանության, արվեստի և տնտեսագիտության բնագավառները: Մասնավորապես, Ավետիք Հարությունյանի, Մարիամ Գրիգորյանի «Զարգացման իրավունքը որպես վիճելի տարածքների բնակչության միջազգային իրավական պաշտպանության միջոց», Ալեքսանդր Կոչուբաևի «Արհեստական բանականության օգտագործումը իրավունքում. հնարավորություններ և ռիսկեր», Լուսինե Բախտիկյանի «Ամուսնանալու ազատության ամրագրումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ», Արմեն Մելքումյանի «Պոլսի Հայոց պատրիարքարանը և թուրքական իշխանությունները 1945-1947թթ.», Վահրամ Բալայանի,  Մելանյա Բալայանի «Շոշ գյուղի պատմության և նյութական ժառանգության հիմնահարցեր», Մարգո Զազյանի «Հարավային Կովկասը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում», Մելինե Պետրոսյանի «Հայ-ռուսական բազմադարյա փոխհարաբերությունները որպես ժամանակակից ռուսաստանյան «փափուկ ուժի» քաղաքականության նախադրյալ», Կարապետ Մովսիսյանի «Գնում եմ իմ առաջին բնակարանը» հայեցակարգի ներդրման անհրաժեշտությունը և հնարավորությունները Հայաստանում», Ժորա Ստեփանյանի «ՀՀ պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացման դինամիկան և գրավչության գնահատում» ուսումնասիրությունները, այլ հրապարակումներ։

Ներկայացնենք մի հատված Աննա Մկրտումյանի «Նյարդատեխնոլոգիաները, անձնական կյանքի իրավունքը և հոգեկան գաղտնիության գաղափարի ձևավորումը, մտքի ազատությունը որպես անձի ներքին՝ մտավոր տարածքի պաշտպանություն» ուսումնասիրությունից։

Անձնական կյանքի իրավունքը և հոգեկան գաղտնիության գաղափարի ձևավորումը

Անձնական կյանքի գաղտնիության իրավունքը նյարդատեխնոլոգիայի կիրառության դեպքում հիմնարար իրավական երաշխիք է: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածը արգելում է անհատի անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը և պահանջում է իրավական պաշտպանություն նման միջամտությունից։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը նմանատիպ գործառույթ է կատարում եվրոպական համակարգում։ (International Covenant 1966; European Convention on Human Rights 1950) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր թիվ 16 ընդհանուր մեկնաբանության մեջ ընդգծել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավական պաշտպանության անհրաժեշտությունը՝ թե՛ պետական մարմինների, թե՛ անհատների և իրավաբանական անձանց կողմից (UN Human Rights Committee 1988)։ Անձնական կյանքի գաղտնիությունը հատուկ կարևորություն է ձեռք բերում նյարդատեխնոլոգիաների առևտրայնացման համատեքստում, քանի որ գործատուները, ապահովագրական ընկերությունները, թվային հարթակների մշակողները, գովազդային ընկերությունները և սպառողական նյարդասարքերի

օպերատորները դառնում են միջամտության պոտենցիալ սուբյեկտներ, քանի որ նյարդատեխնոլոգիայի կիրառելիության դեպքում գաղտնիության ավանդական հայեցակարգը բախվում է ներխուժման նոր մակարդակի հետ։ Սովորական անձնական տվյալները հիմնականում արտացոլում են արդեն օբյեկտիվացված տեղեկատվությունը՝ անձի գործողությունները, նամակագրությունը, գտնվելու վայրը, առողջական վիճակը, ֆինանսական գործարքները և այն, սակայն նյարդատվյալները կարող են վերաբերել այնպիսի գործընթացների, որոնք անձը դեռևս արտաքինից չի արտահայտել: Ահա թե ինչու Իենկան և Անդորնոն (Ienca and Andorno 2017, էջ 5) առաջարկեցին մտավոր գաղտնիության հայեցակարգը, որի նպատակը պետք է լինի մտավոր ոլորտին անմիջականորեն վերաբերող տեղեկատվության պաշտպանությունը, այդ թվում՝ մինչև դրա՝ անձի վարքագծում կամ հաղորդակցությունում դրսևորվելը։ Այս մոտեցման արժեքը, մեր կարծիքով, այն է, որ այն անձնական կյանքի իրավունքի պաշտպանության տրամաբանությունը տեղափոխում է արդեն արտահայտված տեղեկությունից դեպի դեռևս չարտահայտված հոգեկան բովանդակության պաշտպանության հարթություն։ Սակայն հոգեկան գաղտնիությունը չպետք է նույնացնել հոգեկան ոլորտի ամբողջական պաշտպանության հետ․ այն հիմնականում պատասխանում է «ով և ինչ պայմաններում կարող է տեղեկություն ստանալ անձի ներքին հոգեկան վիճակների մասին» հարցին, մինչդեռ չի սպառում այն դեպքերը, երբ տեխնոլոգիան ոչ թե միայն բացահայտում, այլև փոփոխում կամ ուղղորդում է այդ վիճակների ձևավորումը։ Հետևաբար, հոգեկան գաղտնիությունը նպատակահարմար է դիտարկել որպես անձնական կյանքի իրավունքի հատուկ պաշտպանական դրսևորում, որի սահմաններից դուրս արդեն առաջանում է հոգեկան անձեռնմխելիության և մտքի ազատության երաշխիքների կիրառման անհրաժեշտությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև կապում է նյարդատեխնոլոգիական ռիսկերը այն փաստի հետ, որ ուղեղի ֆունկցիայի վերաբերյալ տվյալները կարող են պարունակել տեղեկություններ հույզերի, ինքնության և մտածողության գործընթացների մասին: Կազմակերպության փաստաթղթերը հատուկ շեշտադրում են կատարում մտավոր գաղտնիության և ուղեղի տվյալների գաղտնիության վրա։ (UNESCO 2022) Տվյալների պաշտպանության եվրոպական վերահսկողական մարմինը սահմանում է հոգեկան գաղտնիությունը որպես անհատի կարողություն և ազատություն՝ թաքցնելու իր հոգեկան ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունը և կանխելու այնտեղ մուտքը առանց համաձայնության։ Այն նաև զգուշացնում է, որ նեյրոնային տվյալների և արհեստական բանականության համադրությունը կարող է զգալիորեն ընդլայնել ուսումնասիրվող սուբյեկտի հոգեկան վիճակների մասին տեղեկատվություն ցուցադրելու հնարավորությունները։ (European Data Protection Supervisor 2024)։

Այս սահմանումը կարևոր է նաև այն պատճառով, որ իրավական պաշտպանության կենտրոնում դնում է ոչ միայն տվյալը, այլև անձի՝ իր հոգեկան ոլորտի նկատմամբ վերահսկողությունը։ Մեր գնահատմամբ՝ հենց այս հանգամանքն է թույլ տալիս տարբերակել սովորական տեղեկատվական գաղտնիությունը հոգեկան գաղտնիությունից, վերջինիս դեպքում վտանգը պայմանավորված է ոչ միայն տեղեկության բացահայտմամբ, այլև այնպիսի եզրահանգումների ստացմամբ, որոնք կարող են վերաբերել անձի դեռևս չարտահայտված նախասիրություններին, հույզերին կամ որոշումների ձևավորման գործընթացին։ Ուստի պաշտպանության ծավալը պետք է որոշվի տվյալների փաստացի բացահայտման ներուժով, այլ ոչ միայն դրանց տեխնիկական անվանմամբ կամ սկզբնական ձևաչափով։

Հետևաբար, իրավական պաշտպանության առարկա պետք է լինեն ոչ միայն սկզբնական նեյրոնային տվյալները, այլև դրանց հիման վրա արված եզրակացությունները։ Այս տարբերությունը սկզբունքային բնույթ ունի։ Որպես օրինակ էլեկտրաէնցեֆալոգրամի չմշակված տեղեկատվությունը կարող է չպարունակել հիվանդի հոգեբանական վիճակի մասին հասկանալի տեղեկատվություն, սակայն, ալգորիթմական մշակումից հետո տվյալների նույն զանգվածը կարող է հնարավորություն տալ դասակարգել հետազոտվողի հուզական վիճակը, ուշադրության կենտրոնացումը կամ որոշակի բնութագրեր: Հետևաբար, իրավական ռեժիմը պետք է կենտրոնանա ոչ միայն տեղեկատվության ծագման, այլև դրա ենթադրյալ իմաստի և դրա մշակման հետևանքների վրա։ Հենց այստեղ է ակնհայտ դառնում ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի բացը, որի 9-րդ հոդվածը որոշակի պայմաններում ապահովում է առողջական տվյալների, գենետիկական տվյալների և կենսաչափական տվյալների, ինչպես նաև քաղաքական, կրոնական և որոշակի այլ հատկապես զգայուն բնութագրերի վերաբերյալ տեղեկատվության ուժեղացված պաշտպանություն, սակայն նեյրոնային տվյալները չեն կազմում հատուկ տվյալների անկախ կատեգորիա: Իենկան և Մալգիերին ցույց են տալիս, որ հոգեկան ոլորտի որոշ տվյալներ կարող են իսկապես ընկնել առողջական տվյալների կամ այլ հատուկ կատեգորիաների սահմանման տակ, սակայն զգացմունքների, նախասիրությունների կամ այլ հոգեկան վիճակների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ մեխանիկորեն ստանում է պատշաճ պաշտպանություն: Հետևաբար, հեղինակները մատնանշում են կարգավորիչ բացը և առաջարկում են գնահատել ոչ միայն տվյալների ֆորմալ կատեգորիան, այլև անձի մտավոր ոլորտի մշակման ռիսկը: Նշված դիրքորոշումը հիմնավոր է այնքանով, որքանով բացահայտում է գործող տվյալապաշտպանական համակարգի ձևական դասակարգման սահմանափակությունը։ Միաժամանակ, մեր կարծիքով, խնդրի լուծումը չի կարող սահմանափակվել նյարդային տվյալները պարզապես հատուկ կատեգորիայի տվյալ ճանաչելով։ Նույն սկզբնական տվյալների իրավական վտանգավորությունը կարող է էապես տարբեր լինել՝ կախված կիրառվող ալգորիթմից, ստացվող եզրահանգումների խորությունից և դրանց հետագա օգտագործման նպատակից։ Հետևաբար, առավել համարժեք է ռիսկահեն և ֆունկցիոնալ մոտեցումը, որի դեպքում ուժեղացված պաշտպանությունը պայմանավորվում է տվյալների մշակման՝ անձի ներքին հոգեկան ոլորտը բացահայտելու, կանխատեսելու կամ դրա նկատմամբ ներգործության հնարավորություն ստեղծելու կարողությամբ։ Այստեղից հետևում է, որ ապագա օրենսդրության հիմնարար ուշադրության կենտրոնում պետք է լինի նյարդատվյալների ֆունկցիոնալ պաշտպանությունը։ Իրավական պաշտպանության մակարդակի բարձրացումը պետք է կախված լինի տվյալների մշակման՝ ներքին մտավոր ոլորտի մասին տեղեկատվությունը բացահայտելու կամ դրան ազդելու հնարավորություն ստեղծելու կարողությունից։

․ …Սակայն նյարդատեխնոլոգիական հարցը ծագում է ավելի վաղ փուլում, մասնավորապես առաջանում է այն հարցը, թե թույլատրելի է արդյոք ստեղծել պայմաններ, որոնց դեպքում մարդու որոշումներ կայացնելու ունակությունը միտումնավոր փոխվում է տեխնոլոգիայի կողմից։ Խնդիրը հատկապես սուր է դառնում այն դեպքում, երբ օգտագործվում են համակարգեր, որոնք կարող են միաժամանակ կարդալ օգտատիրոջ հոգեվիճակը և իրենց միջամտությունները հարմարեցնել դրան։ Այստեղ հնարավոր է փակ շղթա։ Համակարգը գրանցում է նյարդաֆիզիոլոգիական արձագանքը, ալգորիթմը մեկնաբանում է այն, որից հետո հետագա բովանդակությունը կամ խթանը անհատականացվում է՝ որոշակի վարքագիծը ամրապնդելու համար։ Ծայրահեղ դեպքերում սա կարող է սպառնալ forum internum-ին՝ գիտակցության ներքին ոլորտին, որը ավանդաբար համարվում է անձնական ազատության ամենապաշտպանված տարածքը։

«Առավոտ» օրաթերթ
03.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել