Քննչական կոմիտեի ղեկավարը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցերի, նշում է, որ «կզզացնել», «սատկացնել», եւ վարչապետական հռետորաբանության այդ կարգի այլ գոհարները չեն պարունակում հանցակազմ։ Բայց մի՞թե ընդդիմադիր պատգամավորները չգիտեն այդ մասին։ Օրինակ, եթե քննչական կոմիտեի պետը հայտարարի, անգամ կասկած հայտնի, թե վարչապետի այս կամ այն խոսքում կարող է լինել հանցակազմ, ապա թերեւս ինքն էլ չի հասցնի նկատել, թե քննչական կոմիտեի պետից ինչպես է վերածվում հանցագործի։ Իսկ պատճառ՝ ինչպես ասում էր Մեծ կոմբինատորը, միշտ էլ կգտնվի։ Հետեւաբար, իրավապահ համակարգի եւ ոչ մի պաշտոնյա չի գնա արկածախնդրության եւ անգամ մտքի ծայրով չի անցկացնի, որ վարչապետի այս կամ այն բառը կարող է խնդիր ունենալ իրավականության հետ։ Հատկապես, եթե իրավապահ այդ կառույցները գտնվում են վարչապետի անմիջական ենթակայության ներքո։
Վերջին հաշվով, Հայաստանն իհարկե բարձր մակարդակի բաժակաճառերի առումով արդեն գրեթե ԵՄ անդամ է, սակայն իրական գետնի վրա Հայաստանը մինչեւ ուղն ու ծուծը եվրասիականության «բաստիոն» է, հետեւաբար պատկերացնել, թե քաղաքական առաջին դեմքը կարող է ենթարկվել իրավական հետապնդման, մոտավորապես նույնն է, թե պատկերացնել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2050 թվականին կարող է դառնալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր։
Ու պետք է արձանագրել իհարկե, որ այդ ամենը Հայաստանում ունի շարք խորքային՝ թե իրավաքաղաքական մշակույթի, թե մտածողության, թե սոցիալ–հոգեբանության հետ առնչվող խորքային պատճառներ։ Դրանք հաղթահարելը Հայաստանի համար ռազմավարական, էքզիստենցիալ խնդիր է, բայց դա հնարավոր չէ անել, քանի դեռ Հայաստանում իշխանության է ներկայիս կառավարող ուժը։ Այնպես չէ, որ նախկինում կառավարած համակարգը ձգտում էր այդ ամենի հաղթահարման, բայց խանգարեց «թավշյա հեղափոխությունը»։ Բայց նախկին համակարգը մի շարք գործոններով պարտադրված՝ ընթանում էր իրավաքաղաքական էվոլյուցիայի ճանապարհով, թեկուզ իր իսկ իշխանական կարիքներից ելնելով։ Իսկ 2018-ից հետո «էվոլյուցիոն» այդ կարիքը չեզոքացել է ակնթարթորեն, զիջելով իր տեղը ոչ թե ռեֆորմիստական արագություններին, այլ ավտորիտար հակումներին։ Իսկ դրանց արագությունները բազմապատկվել են արդեն պատերազմի պարտությունից եւ Արցախի ամբողջական կորստից հետո։ Դրանից հետո իշխանությունը պահելն առավել եւս պահանջում է ոչ թե էվոլյուցիա, այլ «կզզացնել», «սատկացնել», «բորդյուր լիզացնել», ու այդպես շարունակ։ Իսկ իշխանության մեջ մնալն էլ պահանջում է այդ ամենում չտեսնել ոչ մի խնդիր։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



















































