Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը հետաձգվում է, ոչ թե կանխվում

Նոյեմբեր 04,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական եւ քարոզչական առումով առաջ է գնում, իսկ Հայաստանը` նահանջում

Հոկտեմբերի 26-ին, ելույթ ունենալով «Խաղաղության լեզուն եւ պայքար ապատեղեկտավության դեմ» համաժողովում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է. «Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, իսկ կարող է այդպես էլ մնալ թղթի վրա»: Այնուհետեւ դարձյալ խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայմանի մասին, բայց չի նշել, որ այդ նախապայմանը կատարելուց հետո համաձայնագիրն անպայման կստորագրվի:
Նույն միջոցառման ժամանակ Հաջիեւը նշել է, որ Հայաստանը եւ հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որ նրանք 30 տարի չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Չնայած Ալիեւի օգնականը չի մանրամասնել, թե որն է «ադրբեջանցիների հայրենիքը», բայց համատեքստից պարզ է, որ խոսքը Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքն է: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «իրենց տները», այլ «իրենց հայրենիքը»:

Մենք գիտենք, թե ինչ ոճով է աշխատում ադրբեջանական դիվանագիտությունն ու քարոզչությունը. որեւէ թեզ պատահաբար չի հնչում: Այդ թեզերը ժամանակի ընթացքում, պարբերաբար կրկնվելով, տարածվում են պաշտոնական, հասարակական եւ դիվանագիտական խողովակներով, դառում են միջազգային օրակարգ ու նաեւ խաղաքարտ՝ հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին դրվելու: Այդ խաղաքարտերը բազմաթիվ են. ոչ միայն վերը նշվածները, այլեւ, օրինակ, ականապատման քարտեզները, անհայտ կորածները, անկլավները, բարոյական եւ նյութական փոխհատուցումները եւ այլն:

Վերը նշված երկու հայտարարությունների օրինակով (սահմանադրությունը փոխելու եւ ներողություն խնդրելու պահանջները), կարելի է ենթադրել, որ Բաքվին ինքնին մեր սահմանադրությունն այնքան էլ հետաքրքիր չէ. տեսնելով, թե ինչպիսին է Հայաստանի իշխանությունը, նրանք անսահման դաշտ են տեսնում մեր երկիրը նվաստացնելու, նորանոր պահանջներ դնելու: Եվ դեռ հարց է, արդյոք այդ ամենը հանգեցնելո՞ւ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, թե ոչ: Այդպես պետք է հասկանալ Հաջիեւի խոսքերը:

Մեխանիզմն, այսպիսով, պարզ է. «Պայմանագիրը չենք ստորագրի, մինչեւ որ սահմանադրությունը չփոխենք»: Ենթադրենք, ՔՊ-ն, իրեն հատուկ ճչացող ապօրինություններով, կարողանում է «հանրաքվե» անցկացնել եւ «սղացնել» ալիեւյան սահմանադրությունը: Հնարավոր հաջորդ քայլն է լինելու (վարկածներից մեկն է)՝ «դե, հիմա ներողություն խնդրեք ադրբեջանցիներից»: Եթե Փաշինյանը՝ «իրեն ժողովրդի կողմից տրված մանդատով», ներողություն խնդրի, կասեն՝ «Ներողություն խնդրեցիր, ապրես: Դե, հիմա հնարավորություն ստեղծիր այդ մարդկանց՝ իրենց հայրենիքը վերադառնալու»: Եվ այդպես անվերջ:

Հայաստանի դիվանագիտությունը, կատարելով ՔՊ առաջնորդի կամքը, ոչ միայն պատասխան քայլեր չի ձեռնարկում, այլեւ արդարացնում է Ադրբեջանի քայլերը: Տրամաբանության գլուխգործոց էր, մասնավորապես, ԱԳ (եւ էլի ինչ-որ բաների) նախարար Արարատ Միրզոյանի՝
Բաքվի «փաստաբանությունը». նրանք պայման չեն դնում սահմանադրությունը փոխելու, նրանք ասում են՝ «եթե սահմանադրությունը չփոխեք, ապա խաղաղության պայմանագիրը չենք ստորագրի»: Երբ մեկն իր միտքը ձեւակերպում է պայմանական եղանակով՝ «եթե-ապա», դա, որքանով հուշում է պարզ տրամաբանությունը, հենց պայման դնել է նշանակում: Բաքվի քայլերն արդարացնելով՝ Հայաստանի իշխանությունը հանձնում է դիրքր դիրքի հետեւից: Նրանք առաջ են գնում, մենք՝ նահանջում: Արդյո՞ք դա կանխում է պատերազմի հնարավորությունը: Իմ կարծիքով՝ ոչ: Դա գուցե հետաձգում է պատերազմը, որի վտանգը, այս ոգով շարունակելու դեպքում, ավելի իրական է դառնում: Իրական խաղաղությունը հնարավոր է այն դեպքում, երբ կողմերը փոխադարձաբար առաջ են քաշում իրենց պայմանները, իրենց պահանջներն ու հավակնությունները եւ քննարկման արդյունքում գալիս են փոխզիջման: Այդպիսի բանակցություններ Փաշինյանի ՕՐՈՔ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԵՆ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել