Թրամփի ուղին՝ դեպի խաղաղությո՞ւն, թե՞ նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներ Հայաստանի համար
Իշխանության հիմնավորումները եւ ընդդիմության առարկությունները TRIPP-ի վավերացման շուրջ
Հոկտեմբերի 28-ին 63 կողմ եւ 32 դեմ ձայնով ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրան կողմ քվեարկեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցությունները դեմ արտահայտվեցին։
Կարդացեք նաև
Վավերացմանը նախորդած խորհրդարանական քննարկումն ինքնին բավական խոսուն էր։ Ռազմավարական նշանակության փաստաթղթի, Հայաստանի ստանձնած երկարաժամկետ պարտավորությունների առնչությամբ այդ կարեւոր թեմայով հարցեր տալու համար հերթագրվել էր 27 պատգամավոր, սակայն երկու ժամ հատկացված ժամանակի ընթացքում ընդամենը երեք պատգամավորի էր հաջողվել հարց ուղղել արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանին։
Իշխանության հիմնական հիմնավորումն այն էր, որ TRIPP-ը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման, այլ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ երկրի տնտեսական ու ռազմավարական հնարավորությունների ընդլայնման նախագիծ է։ Ըստ պաշտոնական դիրքորոշման՝ Սյունիքով անցնող ճանապարհային եւ երկաթուղային ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության պահպանմամբ։ Հայկական օրենքները շարունակելու են գործել, սահմանային եւ մաքսային վերահսկողության պետական գործառույթները մնալու են Հայաստանի իրավասության ներքո, իսկ թվային գործիքների եւ «front office–back office» մեխանիզմի կիրառումը նպատակ ունի արագացնել տարանցումը։
Միրզոյանը պնդում էր, որ նախագիծը Հայաստանին հնարավորություն կտա ոչ միայն ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի կապը, այլեւ ինքնուրույն օգտվել տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացումից։ Նրա ներկայացմամբ՝ Հայաստանը կարող է դառնալ արեւելք-արեւմուտք եւ հյուսիս-հարավ ուղղություններով բեռնափոխադրումների կարեւոր հանգույց՝ ընդլայնելով առեւտրային կապերը երրորդ երկրների հետ։ Նախագծի շրջանակում նախատեսվում են ոչ միայն երկաթուղային եւ ավտոմոբիլային ենթակառուցվածքներ, այլեւ հետագայում էլեկտրահաղորդման, գազատար եւ նավթատար համակարգերի զարգացում։
Սակայն ընդդիմության հիմնական առարկությունն այն էր, որ փաստաթղթում Հայաստանի պարտավորությունները շատ ավելի հստակ են, քան Ադրբեջանինը։ Մասնավորապես, Բաքուն դեռեւս որեւէ իրավական փաստաթղթով չի ամրագրել Հայաստանի քաղաքացիների եւ հայկական բեռների համար Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջեւանի հատվածով, անխոչընդոտ երթեւեկության պայմանները։ Հստակեցված չեն սահմանային անցման մեխանիզմները, վերահսկողության կարգը եւ փոխադարձ առավելությունների իրականացման ժամանակացույցը։
Այս հակասությունը հատկապես ընդգծեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Նրա ելույթի հիմնական առանցքն այն էր, որ իշխանությունները խոսում են Հայաստանի համար բացվող հաղորդակցությունների եւ միջազգային բեռնափոխադրումների մասին, մինչդեռ համաձայնագրի բովանդակությունն առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի հետ կապելուն։ «Հեքիաթներ է պատմում, ասում է՝ գնացքն այնտեղից կգա, կգնա Նախիջեւանով։ Որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանը սահման է բացելու», նկատեց Ղազարյանը՝ կասկածի տակ դնելով Հայաստանի համար փոխադարձ հնարավորությունների իրավական ամրագրվածությունը։
Նա նաեւ օրինակ բերեց Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների հնարավոր երթուղին՝ մատնանշելով, որ բեռի՝ Ադրբեջանի տարածքով անցնելը դեռեւս չի նշանակում հայ-ադրբեջանական սահմանի բացում կամ Հայաստանի համար հատուկ արտոնությունների տրամադրում։ Ղազարյանի խոսքով՝ համաձայնագրում հստակ ամրագրված է Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղային, ապա նաեւ ավտոմոբիլային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծման նպատակը, մինչդեռ Հայաստանի համար համարժեք միջազգային բեռնափոխադրումների պայմանները մնում են անորոշ։ Պատգամավորի գնահատականներից մեկն այն էր, որ պետությունը ստանձնում է երկարաժամկետ պարտավորություններ՝ առանց բոլոր հետեւանքները եւ հնարավոր վտանգները լիարժեք պարզաբանելու։ «Ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, ինչ հարցնում են՝ ասում ա՝ չգիտեմ: Բա ի՞նչ գիտեք: Չգիտեք ու եկել եք փաստաթուղթ եք վավերացնում ու պետությանը դնում պարտավորությունների տա՞կ», նկատեց նա՝ խոսքն ուղղելով իշխանությանը, նկատի ունենալով, որ իշխանություններն անգամ չգիտեն, թե որտեղով են անցնելու, օրինակ, ավտոմոբիլային ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը։
Ընդդիմության մտահոգությունները վերաբերում էին նաեւ նախագծի տնտեսական կառուցվածքին։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել TRIPP Development Company ընկերությունը, որտեղ ամերիկյան կողմը կունենա վերահսկիչ՝ 74 տոկոս բաժնեմաս, իսկ Հայաստանը՝ 26 տոկոս։ Նախնական ժամկետը 49 տարի է։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 50 տարով երկարաձգելու դեպքում Հայաստանի բաժնեմասը կարող է հասնել 49 տոկոսի, իսկ ամերիկյան կողմինը կազմել 51 տոկոս։ Հետեւաբար, Հայաստանի մասնակցության ավելացումը 49 տոկոսի չի կարելի դիտարկել որպես արդեն իսկ երաշխավորված ավտոմատ արդյունք՝ անկախ հետագա համաձայնությունից։
Ընդդիմության համար խնդրահարույց է նաեւ այն, որ համաձայնագրում չկան ծրագրի տնտեսական եկամտաբերության, ներդրումների վերադարձի եւ Հայաստանի բյուջեի համար ակնկալվող կոնկրետ եկամուտների ամբողջական հաշվարկներ։ Ավելին՝ շրջանակային փաստաթղթով Հայաստանի վրա դրվում են ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողատարածքների ազատման եւ համապատասխան գործընթացների ֆինանսական ծախսերը հոգալու պարտավորություններ։ Նախատեսվում են նաեւ հարկային որոշ արտոնություններ նախագծի ընկերությունների համար։
Այսպիսով, վավերացման շուրջ բանավեճը միայն քաղաքական հակադրություն չէր։ Այն բացահայտեց համաձայնագրի առանցքային խնդիրը՝ Հայաստանի ինքնիշխանության իրավական պահպանումն ու Հայաստանի տնտեսական եւ քաղաքական շահերի իրական ապահովումը դեռեւս անորոշ են։
TRIPP-ի հեռանկարը․ վավերացումից մինչեւ իրագործում
TRIPP-ի վավերացումը, անկասկած, կարեւոր քայլ է ծրագրի իրականացման ճանապարհին, սակայն այն դեռեւս չի նշանակում, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ է գործարկման։ Շրջանակային համաձայնագիրը սահմանում է ընդհանուր իրավական եւ կազմակերպական սկզբունքները, մինչդեռ մի շարք կարեւոր հարցեր դեռ պետք է կարգավորվեն հետագա փաստաթղթերով։
Մասնավորապես, դեռեւս պետք է վերջնականացվեն TRIPP Development Company-ի կանոնադրությունն ու բաժնետերերի համաձայնագիրը։ Դրանցով են որոշվելու կառավարման, ֆինանսական որոշումների, ենթակառուցվածքների շահագործման, երրորդ կողմերի ներգրավման եւ այլ առանցքային հարցերը։ Միաժամանակ ամերիկյան կողմի մասնակցությունը ենթադրում է նաեւ համապատասխան ընթացակարգեր ԱՄՆ-ում, այդ թվում՝ Կոնգրեսի իրազեկում եւ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) խորհրդի անհրաժեշտ հաստատում։ Ամերիկյան ֆինանսավորման ներգրավումն էլ փաստաթղթով պայմանավորված է առկա միջոցների եւ կիրառելի պահանջների հանգամանքով կամ առեւտրային պայմաններով։
Հետեւաբար, TRIPP-ի ապագան դեռեւս կախված է ոչ միայն Հայաստանի իշխանության քաղաքական կամքից, այլեւ ամերիկյան հաստատությունների որոշումներից, ներդրումային հետաքրքրությունից, ֆինանսավորման հնարավորություններից եւ, ամենակարեւորը, Ադրբեջանի հետ փոխադարձ հաղորդակցությունների գործնական համաձայնեցումից։
Առանձին հարց է նաեւ ծրագրի գործարկման հերթականությունը։ Խորհրդարանական քննարկման ընթացքում Միրզոյանը չբացառեց, որ TRIPP-ը կարող է գործարկվել մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հենց այս հանգամանքն էլ ընդդիմության համար լրացուցիչ մտահոգության առիթ դարձավ։ Ընդդիմադիրների գնահատմամբ՝ եթե Ադրբեջանն առաջին հերթին ստանա իր համար կենսական նշանակություն ունեցող Նախիջեւանի հետ կապը, ապա կարող է նվազել Հայաստանի համար փոխադարձ ապաշրջափակման հարցերը լուծելու Բաքվի շահագրգռվածությունը։
Միրզոյանը հակադարձեց, որ նախագիծը չի կարող արդյունավետ գործել միայն մեկ ուղղությամբ։ Նրա պնդմամբ՝ TRIPP-ը պետք է ունենա շարունակություն դեպի տարածաշրջանային այլ հաղորդակցություններ, իսկ փոխշահավետությունը պետք է դառնա երկու երկրների համար համագործակցությունը պահպանելու խթան։
Սակայն այստեղ առկա է կարեւոր տարբերություն. տնտեսական փոխկախվածությունը կարող է քաղաքական խթան լինել, բայց ինքնին իրավական երաշխիք չէ։ Եթե փոխադարձ երթեւեկության պայմանները, ժամկետները եւ պարտավորությունները հստակ ամրագրված չեն, ապա դրանց իրականացումը կախված է մնում հետագա քաղաքական պայմանավորվածություններից։
Անորոշության մեկ այլ շերտ է նաեւ Իրանի դիրքորոշումը։ Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի եւ հատկապես կարեւորում է հայ-իրանական սահմանին ու դրան հարակից տարածքներում երրորդ երկրի ռազմական ներկայության բացառումը։ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հոկտեմբերի 30-ին հայտարարեց, որ Իրանը Հայաստանից ակնկալում է համապատասխան հավաստիացումներ, թե նախագծի շրջանակում օտարերկրյա ռազմական ուժեր չեն տեղակայվի։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Թեհրանը վստահում է Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին եւ պատրաստ է քննարկումների կայուն ձեւաչափ ունենալու։
Հայաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ TRIPP-ի շրջանակում ամերիկյան զինված ներկայություն չի նախատեսվում, իսկ Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ու անվտանգության գործառույթները մնալու են հայկական մարմինների իրավասության ներքո։
Սակայն Իրանի մտահոգությունները ցույց են տալիս, որ TRIPP-ը միայն հայ-ամերիկյան կամ հայ-ադրբեջանական տնտեսական նախագիծ չէ։ Այն անմիջականորեն առնչվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը։ Թեհրանի համար կարեւոր է, որ Հայաստանի տարածքով նոր հաղորդակցությունների ստեղծումը չվերածվի իր սահմանների հարեւանությամբ աշխարհաքաղաքական եւ ռազմական ազդեցության ընդլայնման գործիքի։ Հետեւաբար, ծրագրի հաջողությունը պահանջում է նաեւ հարեւան երկրների մտահոգությունների կառավարում։
Թրամփի քաղաքական ուղերձները․ խաղաղության օրակարգը եւ ամերիկյան շահերը
TRIPP-ի քաղաքական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նախաձեռնության ավելի լայն համատեքստում։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը ներկայացվեց որպես նոր փուլ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Թրամփը այդ իրադարձությունը որակեց որպես երկարամյա հակամարտության ավարտի եւ տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորությունների սկիզբ։
ԱՄՆ նախագահի հայտարարություններում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց հենց TRIPP-ը։ Նա ընդգծեց, որ նախագիծը պետք է ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի կապը Նախիջեւանի հետ՝ Հայաստանի ինքնիշխանության հարգմամբ, եւ միաժամանակ դառնա ամերիկյան ներդրումների ու տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարեւոր հարթակ։ Թրամփի փոխանցմամբ՝ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են տարածաշրջանով, իսկ ենթակառուցվածքների զարգացումը տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլեւ ԱՄՆ-ին։
2026-ի հունվարի 23-ին նա հայտարարեց, որ շնորհակալ է Փաշինյանին եւ Ալիեւին օգոստոսին ստորագրված խաղաղության պայմանավորվածություններին հավատարիմ մնալու համար՝ միաժամանակ ընդգծելով TRIPP-ի առաջմղման անհրաժեշտությունը։ Փետրվարին Թրամփը կրկին գովեստով խոսեց երկու երկրների ղեկավարների՝ խաղաղության հաստատման ուղղությամբ կատարած աշխատանքի մասին՝ նշելով, որ նրանք կարճ ժամանակում նշանակալի առաջընթաց են արձանագրել։
Հատկանշական էր նաեւ սեպտեմբերի 23-ին՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ, Փաշինյանին ուղարկված Թրամփի շնորհավորական ուղերձը։ ԱՄՆ նախագահը շեշտեց Հայաստանի հավատարմությունը խաղաղության, բարգավաճման եւ ժողովրդավարության արժեքներին, իսկ TRIPP-ն անվանեց պատմական նախաձեռնություն՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում եւ նպաստել Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման հաստատմանը։ Թրամփի խոսքով՝ իր եւ Փաշինյանի համատեղ աշխատանքն արդեն պատմական արդյունքներ է տվել, իսկ խաղաղության օրակարգը մեծ հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի, ԱՄՆ-ի եւ ամբողջ տարածաշրջանի համար։
Այս ուղերձները կարեւոր են ոչ միայն դիվանագիտական ջերմության տեսանկյունից։ Դրանք ցույց են տալիս, որ Վաշինգտոնը TRIPP-ը դիտարկում է որպես իր տարածաշրջանային ռազմավարության առանցքային բաղադրիչ։ Ամերիկյան ներգրավվածությունը ենթադրում է տնտեսական շահեր, տարանցիկ ուղիների զարգացում, Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի հետ կապերի ընդլայնում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության ամրապնդում։
Այս համատեքստում ուշագրավ է նաեւ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանակյա անդամակցությունը։ Հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանը 90 կողմ ձայնով վավերացրեց խորհրդի կանոնադրությունը։ Դրան կողմ քվեարկեց նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, մինչդեռ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ մնաց։ Կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն, սակայն որոշումների ընդունման համար անհրաժեշտ է նաեւ խորհրդի նախագահի՝ Թրամփի հաստատումը։ Այս կառույցում Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանակյա ներգրավվածությունը կարող է լրացուցիչ հարթակ ստեղծել քաղաքական երկխոսության համար, թեեւ դրա արդյունավետությունը կախված կլինի ոչ թե անդամակցության փաստից, այլ կոնկրետ որոշումներից եւ դրանց կատարման մեխանիզմներից։
Միեւնույն ժամանակ, ամերիկյան աջակցությունը չպետք է համարել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հակասությունները վերացնելու ինքնաբերաբար գործող երաշխիք։ Վաշինգտոնը կարող է ապահովել քաղաքական միջնորդություն, ներդրումային ներկայություն եւ կողմերի համար լրացուցիչ խթաններ, սակայն երկկողմ պարտավորությունների կատարումը շարունակում է կախված մնալ հենց Երեւանից ու Բաքվից։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2026



















































