Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգավոր տեղեկատվություն «Անտիպոեզիա» գրքից

Հուլիս 17,1999 00:00
Shekoyan

Հանգավոր տեղեկատվություն «Անտիպոեզիա» գրքից

 

ԱՆԸՆԴՄԵՋ

Չարին ընդդեմ ես ծառս եղա ու չարացա

եւ բարությամբ առնչվեցի բարիներին։

Ես լճացման տարիներին լավ լճացա։

Անկախացա անկախության տարիներին։

 

Ես խլացա զիլ ճառերից ու համրացա

ու սմքեցի այսքան ազնիվ մարդկերանց մեջ

եւ կանգնած եմ ես թըրջըված ու համրացած՝

տարիների սելավի տակ այս անընդմեջ։

 

ՄԻԹԵ ՎԵՐՋԻՆ

Ես երգում եմ, երբ երկինքը ջինջ է,

ու նաեւ՝ երբ շատ է ամպամած։

Ես երգում եմ, երբ օյաղ ու դինջ եմ։

Ես երգում եմ, երբ շատ եմ խմած։

 

Ես երգում եմ բոլոր օրերին

առանց պատվեր ու առանց ցուցում։

Երգում եմ նաեւ այն օրերին,

որոնք նշված չեն օրացույցում։

 

Ցփնում եմ այս անհասցե օդում

երգեր՝ պարզունակ ու դեֆիցիտ։

Երգում եմ անվերջ ու թռչկոտում,

զի թռչուն եմ – սովորական մի ծիտ։

 

ՄՏՄՏՈՒՔ

Այս երկիմաստ ժամանակի

քղանցքներից դեռ կախված,

այս թղթի ու այս թանաքի

ցավերի մեջ թաթախված,

 

դեռ չգիտեմ, թե ո՞ւր պիտի

ուղղեմ հոսանքն իմ գետի.

ես ե՞րբ պիտի այս պոետից

վերածվեմ այլ պոետի։

 

ՉԻՔ ՊՈԵԶԻԱ

Չի՛ք պոեզիա արդ, թեպետ

գրում եմ նույն տառերով

եւ գրում եմ վերստին

իմ դինջ հոգին վառելով։

 

Չի՛ք պոեզիա. ա՜խ, սավսեմ

այլ է հոգին իմ արդեն,

եւ գրածս չի հուշում,

որ պոետ եմ ու մարդ եմ։

 

Չի՛ք պոեզիա. օդի մեջ

քաղաքական ճառեր են,

կուսակցական երգեր ու

հայրենաշունչ բառեր են։

 

Չի՛ք պոեզիա. իմ հոգում

ֆռֆռում է մի չոր հով

ու դրդում է, որ հիմա

երգեմ քյասար ու չորով։

 

Չի՛ք պոեզիա. իմ ներսում

ԱԺ-ն է թագավորում.

Իսրայելյան Աննայի

հոդվածն եմ հանգավորում,

 

զի մտքերս սեփական

մոռացա իմ էն կյանքում,

ուր ապրում եմ դեռեւըս

շրջապատիցըս թաքուն։

 

ՓԱԽՍՏԱԿԱՆ

Չեմ պայքարել. երբեք չեմ

եղել հեղափոխական։

Նմանապես չեմ եղել

հակահեղափոխական։

 

Մոլեգին այդ կրքերին

մնացել եմ անծանոթ։

Կողքանց նայել՝ անցել եմ

մի տրորված կածանով։

Մոլեգին այդ կրքերից

բոց ելաներ ու հանցանք։

Չեմ ներշնչվել գրքերից,

ուր թույն կար ու հրացան։

Մի տրորված կածանով

հեռանում եմ դեռ անձայն։

Խեղճացած է հոգիս. հոն

ո՛չ հրդեհ կա, ո՛չ մատյան։

ԻՄ ՕՐԱԳՐԻՑ

Սա կյանք չէ – վիհ է – մի անջրպետ…

Ինչ գործ բռնում եմ՝ թարս է գնում։

Սա Մորփեոսի գիրկն է, թեպետ

ես շատ զարթնում ու քիչ եմ քնում։

Եվ ծակծկում է սիրտս հիմա

անտեսանելի ինչ-որ ասեղ։

Քիչ է մնում ինձ ասեմ՝ հիմա՛ր,

բայց… վախենում եմ դուք էլ ասեք։

Անցնում եմ ինչպես մի կզաքիս

անանցանելի այս անցքերով։

Կերակրվում են սիրտս ու հոգիս

այլ գազանների թերմացքներով։

 

Երեկ լավ էի, քանց վուր էսօր.

ե՛ւ պաշտպանել եմ, ե՛ւ կառուցել…

Քիչ է մնում ինձ ասեմ՝ կազյո՛լ,

բայց… վախենում եմ գործ հարուցեն։

 

ՓԱԽՈՒՍՏ

Անօրինակ այս օրերի

հարվածներից կարծրացած

ու դերասան պոետների

ղժղժոցից ձանձրացած՝

 

փախչում եմ իմ պահից անցյալ,

թեպետ չունեմ այլ արհեստ.

հեռանում եմ, որ մնացյալն

ապրեմ անկապ ու համեստ։

 

Հեռանում եմ, որ մնացյալն

ապրեմ խախուտ իմ ներսում։

Էլ չեմ լինի ձեր կարծեցյալ

կյանքում՝ ձեր հին կրկեսում։

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Վերեւների ու ներքեւների

պահանջներն արդեն սիրտ են քերում։

Կառավարական պարգեւներից

հեռու մարդիկ կան մեր շարքերում,

 

որ ծնվել են այս ազատածին

անցքերի մեջ ու գոհ են վերուստ.

մարդի՛կ, որ իսպառ ազատեցին

մեզ՝ պայքարելուց ու զոհվելուց։

 

Մարդիկ, որ պինդ են, բայց հոգնում են

այս ճանապարհից խիստ անորոշ.

չնայած դրան, դեռ օգնում են՝

տանելու բեռն այս որպես դրոշ։

 

ՆԱԽԿԻՆՆԵՐ ԵՎ ՆԵՐԿԱՆԵՐ

Դուք մոտիկ եք իրարու,

բայց հեռու եք իրարից։

Ձմեռ լինի, թե գարուն՝

դուք կառչած եք իրարից։

 

Դուք հեռու եք իրարից,

բայց մոտիկ եք իրարու։

Եվ կապ չունի հիրավի՝

Է՞գ եք արդյոք, թե՝ արու։

 

Դուք կառչած եք իրարու,

բայց հեռու եք իրարից։

Դուք մոտիկ եք իրարու,

զի կառչած եք իրարից։

 

Մի՛ նեղսրտեք, դիմացե՛ք՝

կառչած այդպես անդադար։

Գործն է անմահ, իմացե՛ք,

որ խոսվում է դարեդար։

 

ՍԵՐ ԵՎ ՀՈՒՅՍ

Ի՞նչ բառ գրեմ, որ հարատեւ

մնա քիմքին ձեր բանիմաց.

լավ բառ գրեմ, որովհետեւ

փող եմ առնում դրա դիմաց։

 

Սեր կգրեմ. սիրո գետերն

այժմ եւ միշտ թող վարարեն,

որ դուք չասեք՝ էդ տգետը

ինչո՞ւ խոսեց մեր փոխարեն։

 

Ես հանուն ձեզ եւ հանուն ինձ

հույս կըփըռեմ տողերիս տակ,

որ դուք չասեք՝ էդ խեղկատակն

ինչո՞ւ խոսեց մեր անունից։

 

ՀԱՅՐԵՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նույն անցյալն է մեզ կալել։

Նույն գալիքն է մեզ տանջում։

Նույն հողից ենք մենք ծլել։

Նույն օդում ենք կանաչում։

 

Իմ շահերն ու ձեր շահերն

այս օրերին ու միշտ – հար

նույնն են. նույնն է մեր ջահել

նպատակը հեռահար։

 

Ի՞ՆՉ ԱՆՈՒՆ ՏԱՄ

Ի՞նչ անուն տամ էս կյանքին,

երբ վերջը չի երեւում։

Անիմաստ ու զուր ջանք է

ներքեւում ու վերեւում։

 

Բաժանեցին գաղափար

ներքեւում ու վերեւում.

առանք, ընկանք ճանապարհ,

բայց… վերջը չի երեւում։

ՕԴԵՂԵՆՈՒԹՅՈՒՆ

Այս օդի մեջ են անցյալն ու ներկան,

մեր ատելությունն ու մեր սերերը,

կարգախոսները՝ խրթին ու երկար…

Մի խոսքով՝ մենք ենք ու մեր սարերը։

 

Այս օդի մեջ են լեղի ու քանքար,

այս օդի մեջ ենք ցնծում ու հուզվում,

այս օդի մենք ենք նետում թույն ու քար,

այս օդի մեջ ենք մենք դեռ լղոզվում։

 

ԻՄ ՀՈԳԻՆ

Հոգիս վերում հանգրվանեց,

իսկ ես՝ այստեղ, այս ներքեւում։

Իմ հոգին ինձ հանդիմանեց

ու ծառս եղավ իմ երգերում։

 

Հոգիս ինձ խիստ հանդիմանեց,

թե՝ ես շատ եմ իրեն զիջում,-

եւ, ի վերջո, հանգրվանեց

«Առավոտի» վերջին էջում։

 

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Փոքրիկ տղան «Շիսսոտ» տեսավ,

տեսավ «Շիսսոտ» մայլի միջին,

«Շիսսոտ» տեսավ, ուրախացավ,

մոտիկ վազեց սիրուն մաշնին։

 

Սիրուն մաշնին, քնքուշ մաշնին,

սիրուն մաշնեն մայլի միջին։

 

Տղան ասաց. «Քեզ կքշեմ,

ա՛յ սեւ «Շիսսոտ» մայլի միջին»։

«Շիսսոտն» ասաց. «Քեզ կքաշեմ,

ես «Շիսսոտն» եմ Կոնդի Բջի»։

 

Կոնդի Բջի, Կոնդի Բջի,

ձեռին՝ հեռախոսը բջջի։

 

Ու անհամբեր տղան քշեց

էն «Շիսսոտը» մայլի միջին,

Բիջը նրա հորը ծակեց,

որ չմոռնան Կոնդի Բջին։

 

Կոնդի Բջին, Կոնդի Բջին,

Կոնդի Բիջը բերդի միջին։

 

ՄԵՐ ՏՈՒՆԸ ՓՈՍ Է

Կյանք չէ – փոս է – խորին անձավ։

Հալալ չեղավ։ Հարամ է։

Մեր երկնքով եկավ-անցավ

կռունկների երամը։

 

Եկան-անցան ու չուզեցան

հանգրվանել էս փոսում։

Ես մնացի ձեզ հետ դարձյալ

ու դեռ ձեզ հետ եմ խոսում։

 

ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐ

Դու մի իրիկուն աշխարհ եկար,

մինչդեռ քեզ չէին շնորհ արել։

Դու հավանեցիր հող ու արեւ

ու որոշեցիր մնալ երկար։

 

Սա քո սյուժեն է կարճ ու երկար՝

լցոնված անկապ բան ու բառով։

Քեզ ոչ ոք չասաց՝ բարով եկար։

Ոչ ոք չի ասի՝ գնաս բարով։

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրծավ. քեզ արդեն չեն կարող փրկել

ոչ Որդին, ոչ էլ հերը՝ Եհովան։

Կշարունակես պիղծ երգեր երգել,

որ քեզպեսները երգերդ գովան։

 

Գողականները դառան դեպուտատ՝

ԱԺ տանելով իրենց կուռ վաշտը։

Դեռ ինչքա՜ն պիտի խփվես պատեպատ,

որպեսզի լցվի դատարկված դաշտը։

 

ՔԵԶ ՉԵՆ ԳՐԻ ՄԵԾԱՏԱՌՈՎ

Քեզ լռեցրին ու քեզ կուրացրին։

Փնթփնթացիր ու չխորացար։

Քեզ մեծ հաճույքով ստորացրին։

Դու տհաճությամբ ստորացար։

 

Փնթփնթացիր ու չխորացար…

Սփոփանքդ լոկ այն է, որ դու

պատկերով էիր Աստծո Որդու

եւ տհաճությամբ ստորացար։

 

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Չարը ուժ է, բայց բարին

դեռ կա անպարտ-անվրդով։

Երնեկ թե այս նոր տարին

մի քիչ գնա մեր սրտով։

 

Ապավինենք մենք բարուն

ու մաքրության մեջ աճենք։

Երնեկ թե այս նոր տարում

ինքներըս մեզ ճանաչենք։

 

ՄԵՆՔ

Կամբողջանա Լույսը մեր

մեր սիրուց ու հավատից։

Մենք ըմպում ենք Հույսը մեր

մեր Աստըծո գավաթից։

 

Չար ու չնչին մժեղներ,

միշտ կնայեք զարմացած

մեզ, որ Հույսով թարմացած

ու Աստըծով ուժեղ ենք։

 

ՄԱՀ ՉԻՄԱՑՅԱԼ

Ես այս խորդուբորդ ճանապարհն անցա

մերթ տրտնջալով ու մերթ ցնծալով։

Մերթ ամաչեցի, մերթ հպարտացա

իմ այս ներկայով ու այն անցյալով։

 

Ահա ընկած եմ այստեղ՝ կապկպված

իմ այս ներկայով ու այն անցյալով։

Օդի մեջ լոկ մի հարց է մնում բաց.

ե՞րբ կմեռնեմ – ի՞նչ նոմինացիայով։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031