Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաքննությունը եզրափակիչ փուլում է

Հունվար 11,2000 00:00
hayk gevorgyan

Դատաքննությունը եզրափակիչ փուլում է

Երեկ վերաքննիչ դատարանն ավարտեց Նիկոլ Փաշինյանի գործով վկաների հարցաքննությունը։ Վերջին վկան, որ հարցաքննվում էր պաշտպանական կողմի միջնորդությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակից Հայկ Գեւորգյանն էր։ Նա ներկայացրեց 1999-ի հունիսի 1-ին դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակիցների խմբագրություն այցելության մանրամասները։ Պնդեց, թե նրանք ընդհանրապես չէին ներկայացել, գոռգոռում էին, հարձակվել էին թերթի տնօրենի վրա, հետո գլխավոր խմբագրի հետ «դու»-ով էին խոսում, եւ այլն։ Եվ այս ամենին էր արդեն հետեւել Նիկոլ Փաշինյանի դարակազմիկ՝ «ռադդ քաշի, կազյո՛լ» արտահայտությունը։

Հայկ Գեւորգյանը պարզաբանումներ ներկայացրեց նաեւ «Գեղամյանի ոսկու կարասը» եւ Նորայր ու Վարդան Այվազյաններին առնչվող հրապարակումների վերաբերյալ։ Ընդ որում, պնդեց, որ երկու հրապարակումներում էլ բերված փաստերը ճշտված են։ Մինչդեռ, ասենք, Նորայր Այվազյանի մասին հրապարակման մեջ կար պնդում, թե նրա կաշառակերության շուրջ խոսակցություններ կան։

Հետաքրքիր էր, որ դատավորը չհետաքրքրվեց՝ եթե այդ փաստը ճշտվել է, արդյունքն իրոք հաստատո՞ւմն է եղել։ Ներկաները ենթադրեցին, որ այս հարցի պատասխանը նրա համար ակնհայտ էր։ Վկաների հարցաքննման փուլի ավարտից հետո վերաքննիչ դատարանը ձեռնամուխ եղավ ապացույցների հետազոտմանը։ Հրապարակվեցին գործում պարունակվող փաստաթղթերը, որոնցից մի քանիսի վերաբերյալ դատապաշտպան Տիգրան Ջանոյանը հայտարարություն արեց։ Մասնավորապես, թե դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մինչեւ իրենց իսկ սահմանած ժամկետի ավարտն էին որոշման չկատարման համար Նիկոլ Փաշինյանի քրեական պատասխանատվության խնդիրն արծարծել։

Հրապարակվեցին նաեւ ԱԺ տարբեր խմբակցությունների՝ «Միասնության», ԱԺՄ-ի, «Օրինաց երկրի» եւ շուրջ 28 պատգամավորների միջնորդությունները վերաքննիչ դատարանին՝ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման դատավճիռը վերանայելու խնդրանքով։ Հունվարի 17-ին, երբ կշարունակվի այս դատաքննությունը՝ պետական մեղադրողն ու դատապաշտպանն իրենց ճառերը կասեն եւ գուցե արդեն հնչի դատավճիռը՝ պարզ կդառնա, արդյոք դատարանը հաշվի կառնի՞ այս միջնորդությունները, որոնք ստորագրել են, ի դեպ, նաեւ Վահան Զատիկյանն ու Արմենակ Արմենակյանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31