Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԿՈՂՄՆԱԿԱԼ»

Հունվար 15,2000 00:00
nkar

Ազգային հեռուստատեսության վերջին օրերի գործելակերպին նախագահի մամուլի քարտուղարի այս գնահատականը մի հանրահայտ ճշմարտության հերթական ապացույցն էր։ Թերեւս կոպիտ կլիներ այդ ճշմարտությունը ձեւակերպել օգտագործված իրը դեն շպրտել պատրաստվող տիրոջ վերաբերմունքի համեմատությամբ։ Կարելի է տվյալ դեպքում նաեւ այսպես ձեւակերպել, թե այս պայքարում, երբ կողմերից յուրաքանչյուրը բացառապես քաղաքական եւ խմբակային շահեր է հետապնդում, առնվազն ողջամիտ չէ այն լրագրողը, որ ստանձնում է կողմերից մեկի պաշտպանությունը եւ հարվածներն իր վրա վերցնում՝ որպես թիրախ։

Բացի այն, որ պաշտպանությունը լրագրողի գործը չէ՝ սա նաեւ շատ անշնորհակալ զբաղմունք է, որ խոշոր հաշվով չեն գնահատում նաեւ իրենք՝ պաշտպանության արժանացածները։ Վերջիններս նույն քաղաքական ու խմբակային շահերի թելադրանքով հարկ եղած դեպքում պատրաստ են առուծախի առարկա դարձնել իրենց պաշտպանողներին պահելու կամ մեջտեղից հանելու հարցը։ Իսկ որ այս դեպքում երկու կողմերն էլ հստակ քաղաքական ու խմբակային խնդիրներ են լուծում՝ տարակույսի տեղիք չի տալիս։ Այլապես ինչպե՞ս բացատրել առանց մարդու բացատրությունները նախապես ունկնդրելու փորձ իսկ անելու՝ նրան ողջ հանրապետության տարածքով ձերբակալմանը նպաստող եւ գեստապոյական անվանարկելը։ Ո՞չ հին հաշիվներով ու դրանց լուծման համար լավագույնս ներկայացած առիթի օգտագործմամբ։ Կամ ինչպե՞ս բացատրել, որ նախաքննական մարմիններին առաջ չվստահողները (ասենք, Վանո Սիրադեղյանի կամ Աշոտ Բլեյանի գործերի դեպքում) այժմ սկսել են վստահել եւ իրենց համոզմունքը հայտնել, որ այն ճիշտ ուղիով է ընթանում։ Եվ հակառակը։ Մարդիկ, որոնք առաջ էին սրբորեն հավատում դատախազության ամեն մի բառին (թերեւս էլի կարելի էր վերոնշյալ նույն գործերը որպես ապացույց բերել)՝ այժմ սկսել են չվստահել ու կասկածել։ Ո՞րն է այս դերափոխության բացատրությունը։ Արդյոք պատասխանը չպետք է որոնել այն «ծիրին մեջ», թե ո՞ր շրջանակներում էր առաջ պետք որոնել իրավապահ մարմինների նկատմամբ հսկողություն իրականացնողներին եւ ովքե՞ր են այժմ կառավարման այդ թելերն իրենց ձեռքից բաց թողել։ Այդ ինչո՞ւ հատկապես ա՛յս առիթով սկսեցին խոսել նախաքննության շուրջ խոսելու տաբուն խախտելու մասին։

Իսկ ընդհանրապես, պե՞տք է, որ այդ տաբուն խախտվի, թե՞ պետք է համբերատար սպասել, առանց մեղադրելու կամ պաշտպանելու բարձրագոչ հայտարարությունների, մինչեւ ոչ լուրերի, այլ փաստական եւ այլեւս գաղտնազերծված տվյալների հիման վրա կարելի կլինի հստակեցնել դիրքորոշումը։ Իսկ ինչո՞ւ են խոսում քաղաքական ողջ դաշտի նկատմամբ իրականացվող շանտաժի եւ ահաբեկման փորձերի մասին, եթե նախաքննության շուրջ կցկտուր եւ չհաստատված լուրերի շրջանակը միայն երեք կուսակցությունների է վերաբերում (չթվարկենք)։ Կարելի էր հարցականները շարունակել. բայց ամենակարեւոր ասելիքը թերեւս հետեւյալն է։ Մեղմ ասած, տխուր է, երբ երեկ փրփրաշուրթ մեղադրանքներ ճառողն այսօր ինքն է ստիպված անմեղության կանխավարկածի մասին հիշել։ Մեղմ ասած, հիասթափեցնող է, որ մարդիկ, ում վերաբերյալ երեկ էին դաժան՝ այսօր իրենք են արյուն տենչում։ Գործընկերներիցս մեկը ճիշտ էր նկատել, այս ամենը կարուսել է հիշեցնում, ուր զոհի եւ դահիճի տեղերն անընդհատ փոխվում են։ Եվ անտեղի են ու անպտուղ այս շրջապտույտը կասեցնելու ջանքերը։ Անհարկի մեջ ընկնողներին ոտնատակ տալով անցնելու են, առանց ափսոսանքի նետելով՝ «հուզական էր եւ կողմնակալ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31