Լրահոս
Օրվա լրահոսը

500 ԴՈԼԱՐ՝ Ի ՊԵՏՍ ՓԱՌԱՊԱՆԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

Փետրվար 09,2000 00:00
hrak

ՀՌԱԿ-ի ներդրումների պատմությունից

Չարժեր հերքել անհերքելին

Թերեւս ոմանց զայրացրել էր ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի այն պնդումը, որ իրենք օրենքներով են առաջնորդվում «եւ ոչ թե օրվա վարչապետի հայտարարություններով» (հիշեցնենք, որ խոսքն Արամ Սարգսյանի այն հանճարեղ գյուտի մասին է, որ դրսից ֆինանսավորվելը ներդրում է)։ Եվ «Առավոտին» փոխանցեցին փաստաթղթեր, որոնք վկայում էին հակառակի մասին, թե ՀՌԱԿ-ն, այնուամենայնիվ, ֆինանսավորվել է դրսից, ինչպես եւ ավանդական այլ կուսակցությունները, որ արգելված է օրենքով։

500, 1000 եւ վերջապես՝ 10 հազար

Առաջինը 1991-ի հունիսի 27-ին ՀՌԱԿ-ի հիմնադիր խորհրդի նախագահ Ռուբեն Միրզախանյանի գրությունն է բժիշկ Գրիգոր Գրիգորյանին։ Վերջինիս շնորհավորելով ատենապետ ընտրվելու առիթով, Ռուբեն Միրզախանյանը նշում է. «Տեղին է նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ, ՌԱԿ ԱՄՆ Արեւմտյան շրջանային վարչության՝ մեզ փոխանցված 1000 ԱՄՆ դոլարի համար»։ Հաջորդ փաստաթուղթը 1992-ի մարտի 5-ին ՌԱԿ Հարավային Ամերիկայի ՌԱԿ շրջանային վարչությանն ուղղված գրությունն է՝ այժմ արդեն իսկ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի ստորագրությամբ։ Այստեղ էլ մասնավորապես ասված է. «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության անունից մեր խորին շնորհակալություններն ենք հայտնում Ձեզ, Ձեր օժանդակության համար՝ հինգ հարյուր ամերիկյան դոլարի, որը, հավաստիացնում ենք Ձեզ, օգտագործվելու է մեր փառապանծ կուսակցության պետքերը հոգալու, որպեսզի կարողանանք էլ ավելի տարածվել ու մանավանդ հզորանալ հայրենի հողի վրա»։

1992-ի մայիսի 4-ին պրն Միրզախանյանը մի նամակ էլ հղել էր ՌԱԿ Արեւմտյան Եվրոպայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Գասարջյանին եւ ՀԲԸՄ Ֆրանսիայի շրջանակային վարչության նախագահ Լեւոն Քեբաբջյանին. «ՀՌԱԿ-ի անունից մեր խորին շնորհակալություններն ենք հայտնում Ձեր օժանդակության համար՝ 10 հազար ԱՄՆ դոլարի, որը, հավաստիացնում ենք Ձեզ, օգտագործվելու է մեր կուսակցության համար փոխադրամիջոցներ գնելու համար»։

Նշենք, որ 1992-ի ամռանը դատախազության, արդարադատության նախարարության եւ պետական հարկային տեսչության ներկայացուցիչները ստուգել էին ՀՌԱԿ-ի գործունեությունը։ Եվ այդ ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկանքում առկա է մի պնդում, որը հակասում է վերոբերյալ շնորհակալական նամակներից մեջբերված տվյալներին։ «ՀՌԱԿ-ի վարչության նախագահ Ռ. Միրզախանյանի հայտարարության համաձայն՝ կուսակցությունը ՀՀ տարածքից դուրս գտնվող աղբյուրներից, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմիններից ֆինանսական կամ նյութական օգնություն չի ստացել»։ Փառապանծ կուսակցության պետքերը հոգալու համար ստացված գումարների մասին մեկ այլ փաստաթղթում իրեն «օրինականության ջատագով» անվանած ՀՌԱԿ-ը նախընտրել է լռել։ Սակայն պետությունից իրենց եկամուտները թաքցնում են բոլորը՝ այս առումով ՀՌԱԿ-ը բացառություն չէ։ Թերեւս ուղղակի այս դեպքում չարժեր բարձրագոչ հայտարարություններ անել «օրինականության ջատագով» լինելու մասին։

20 հազար դոլար՝ «Գոլոսի» համար

Ի դեպ, մամուլի աշխատակիցներիս համար մի հետաքրքրական վկայություն էլ կա, թե ինչպես էր ՀՌԱԿ-ը 1992-ին փորձել, կոպիտ ասած, գնել «Գոլոս Արմենիին»։ Մայիսի 4-ին ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ, մամուլի դիվանի պատասխանատու Երվանդ Ազատյանին ուղարկված գրության մեջ Ռուբեն Միրզախանյանը գրում է, թե հաշվի առնելով Հայաստանում բնակվող 300 հազարից ավելի ռուսալեզու ընթերցողների եւ նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ապրող հարյուր հազարավոր հայերի ցանկությունը՝ «ունենալ ռամկավար ազատական մամուլ», ծայրաստիճան անհրաժեշտ է գտնում ստեղծել այն։ Հիշում է նաեւ, որ ՀՅԴ-ն ունի, ԱԻՄ-ն ունի, ՀՀՇ-ն ունի, իսկ ՀՌԱԿ-ը ռուսալեզու ընթերցողների վրա «քաղաքական ներազդման» հնարավորություն չունի։ «Ծայրաստիճան նպաստավոր պայմաններ են ստեղծվել ռուսալեզու թերթ հրատարակելու համար,- գրում է պրն Միրզախանյանը։- «Գոլոս Արմենիի» թերթը (…) խզել է իր հարաբերություններն «Արզաս» ընկերության հետ, որը համարվում էր թերթի հովանավորը»։ Նշվում է, որ թերթի պարտքերը մարելու եւ տպագրությունը վերսկսելու նպատակով 20 հազար դոլար է անհրաժեշտ։ Փոխարենը՝ «թերթի աշխատակազմը պատրաստ է, որպեսզի վերջինիս իրավաբանական պատկանելիությունը լինի ՌԱԿ-ինը»։

Հակափաստարկներ

Այս բոլոր փաստաթղթերի պատճենները մենք ներկայացրինք ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանին, եւ նա հավաստեց, որ դրանք իրոք ինքն է ստորագրել։ Այսինքն, որեւէ կեղծիք չկա։

Իսկ օրենքներով ղեկավարվելու վերաբերյալ իր պնդումների եւ հակառակի մասին վկայող այս շնորհակալական նամակների հակասությունը պարզաբանելու՝ մեր խնդրանքին ի պատասխան ասաց. «Այստեղ բացարձակապես ոչ մի հակասություն չկա։ Մենք իրոք միշտ պահպանել ենք Հայաստանի Հանրապետության օրենքները։ Մեր այն ինստիտուտները, որոնք ստացել են ֆինանսական օժանդակություն դրսի կազմակերպություններից՝ նման իրավունք ունեցել են։ Մեր մի շարք ինստիտուտներ ունեն համապատասխան իրավական պատկանելություն, որը ենթադրում է, որ նրանք կարող են ֆինանսավորվել դրսից։ Ասենք, «Ազգի» (այս թերթն իրավաբանորեն կուսակցական չէ- Ա. Ի.) կարգավիճակը թույլ է տալիս համապատասխան ֆինանսական միջոցների գոյացումը, այդ թվում՝ նաեւ դրսից»։

Սակայն մեր մեջբերած բոլոր փաստաթղթերում գումարների համար շնորհակալություն հայտնողը հենց ՀՌԱԿ-ի վարչությունն էր, վկայակոչվում էին կուսակցական «պետքերը» եւ ոչ թե, ասենք, նույն «Ազգի»։ «Միանգամայն ճիշտ է,- այս հիշեցմանն ի պատասխան ասաց պրն Միրզախանյանը։- Բայց ներողություն, իսկապես «Ազգը», ինչպես եւ «Առավոտը», 500 դոլարով պահել չէր լինի ոչ հիմա, ոչ էլ 1991-93-ին։ Բայց 500 դոլարն ուղղակիորեն չէր մտնում ՀՌԱԿ-ի գանձարանը կամ հաշվապահություն։ Այլ այնպիսի արտահայտություն էր գտնում, որը չէր հակասում գործող օրենքներին։ Այո, մենք փոխադրամիջոցներ ենք ձեռք բերել եւ դրանց ձեւակերպումը, հավաստիացնում եմ՝ չէր հակասում գործող օրենքին։ Այսինքն, մենք գտնում էինք ձեւը»։ Հակաօրինական գործողությունների շուրջ կասկածները վերացնելու լավագույն միջոցը կլիներ հենց այդ «արտահայտությունները եւ ձեւերը» մանրամասնելը։ Սակայն դրա փոխարեն պրն Միրզախանյանը նախընտրեց իր ուրախությունն արտահայտել այս «պատմական էքսկուրսի» համար, քանի որ այդ փաստաթղթերն իրոք 7-8 տարվա վաղեմության ժամկետ ունեն։ Ի դեպ, պրն Միրզախանյանը պնդում էր, թե դրանք 1996-ին հրապարակվել են մամուլում, կարդացվել ՀՌԱԿ-ից տարանջատված մի խմբի ասուլիսում. «Դե պատկերացրեք, եթե 1996-ին այս ամենի մեջ ոչ մի զանցանք եւ գործող օրենքի հետ որեւէ հակասություն չտեսան՝ առավել եւս այսօր, տարիներ անց չեն տեսնի»։

Առավել ընդհանրացնելով, Ռուբեն Միրզախանյանը նշեց, թե ե՛ւ ավանդական, ե՛ւ այլ կուսակցությունների ֆինանսական դրությունը բարվոք չէիր անվանի. «Քաղաքականության մեջ ներդրումները բավական փոքր են։ Սակայն գոյություն ունեցող օրենսդրությունը, որն արգելում է դրսից ֆինանսավորումը՝ թույլ է եւ ստեղծում է ձեւեր ու միջոցներ, որ դե ֆակտո այդ օգնությունը կատարվի, իսկ դե յուրե՝ չարձանագրվի»։

Վերջում փորձեցինք պարզել մեր ենթադրությունը, թե ՌԱԿ-ը «Գոլոս Արմենիի» համար 20 հազար դոլարը խնայել էր եւ այդ պատճառով այն այժմ ՀՌԱԿ-ի պաշտոնաթերթը չէ։ «Փայլուն եզրակացության եկաք,- հեգնեց Ռուբեն Միրզախանյանը։- Շատ օրիգինալ կլիներ, եթե հաջողությամբ պսակվեին մեր բոլոր ցանկությունները եւ գումարների տրամադրման վերաբերյալ խնդրանքները, որոնք, ի դեպ, ուղղվել են ոչ միայն դուրս, այլ նաեւ այստեղի շատ նյութապես ունակ մարդկանց»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829