Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 31,2000 00:00

ՄԵԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՎԱՍԱՐ Է 10 ԴԱՏԱՎՈՐԻ «Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանները վերածվել են բողոք բերած մարդկանց, որոնք, ուզում են՝ բողոք են բերում, ուզում են՝ չեն բերում»,- երեկ լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ ասաց վճռաբեկ դատարանի տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը։ Անդրադառնալով քաղաքացիական օրենսգրքի սպասվող փոփոխություններին՝ նա գտնում էր, որ քաղաքացիները պետք է անցնեն դատական երեք ատյաններով հավասարապես, առանց «միջնորդավորված կապի»։ Պալատի նախագահը տեղեկացրեց, որ մեկ քաղաքացիական գործով զբաղվում է 10 դատավոր (առաջին ատյանի՝ 1, վերաքննիչի՝ 3 եւ վճռաբեկի՝ 6)։ «Արդարադատությունը չպետք է կախված լինի հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների թվից ու կամքից»,- նկատեց նա։ «Առավոտի» այն հարցին, թե կա՞ վիճակագրություն՝ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների մասին, որ զրկվել են արտոնագրից, եւ ի՞նչ է տեղի ունեցել նրանց վճռաբեկ բողոքը մերժվելուց հետո, պրն Մկրտումյանը պատասխանեց, որ «ոչ մի մասնավոր վճիռ չի կայացվել փաստաբանների վրա», քանի որ նրանց բերած բողոքներում «ակնհայտ անհիմն»-ություն չի եղել։ Անշուշտ, օրենսդրական ներկա փայլուն միտքը դեռ չի սահմանել այն բոլոր հիմքերը, որոնք կվերծանեն, թե ինչ ասել է «ակնհայտ անհիմն» հասկացությունը։ Տեղեկացանք, որ 8 մերժում է եղել այս տարի, բեկանվել է քաղաքացիական 49 գործ, որից մեկն է, ի դեպ, մնացել նախկին գերագույն դատարանից եւ 4-ն էլ՝ ժողդատարաններից։ Հանդիպման ժամանակ խոսք գնաց նաեւ ԱԺ-ում ներկայացված եւ առաջին ընթերցմամբ հաստատված «Դատարանակազմության մասին» օրենքի վերաբերյալ։ Հավանաբար հստակեցվի առաջին ատյան-վերաքննիչ-վճռաբեկ-առաջին ատյան «կարուսելի» շրջապտույտը եւ վերջնական համարվի դատարաններից որեւէ մեկի վճիռը։ Ռ. Մ. ՉԵԿԻՍՏՆԵՐԸ ԲՌՆԵՑԻՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻՆ Ս. թ. մայիսի 30-ին, ՀՀ ԱԱՆ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեփականության իրավունքի վկայական ստանալու գործընթացը չձգձգելու եւ խոչընդոտներ չստեղծելու պատրվակով, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են Երեւան քաղաքի Էրեբունի եւ Շենգավիթ համայնքների անշարժ գույքի կադաստրի վարչության աշխատակիցներ Արկադի Թադեւոսյանը եւ Աշոտ Շահրերյանը։ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է Վ. ԶԱՏԻԿՅԱՆԻ ՈՐԴԻՆ Մայիսի 28-ի գիշերը, ժամը 03։00-ին Կենտրոնի ՆԳ-ում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ որովայնի եւ թիկունքի մասում սուր կտրող գործիքով վնասվածքներ ստացած Անդրանիկ Վահանի Զատիկյանը տեղավոխվել է հիվանդանոց։ Ըստ բժշկի տված տեղեկանքի՝ Ա. Զատիկյանն ի վիճակի չէ որեւէ տեղեկություն հաղորդել դեպքի մասին։ Տեղեկացնենք, որ առայժմ ձերբակալվածներ չկան։ Իսկ Ա. Զատիկյանը ԱԺ պատգամավոր Վահան Զատիկյանի որդին է։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել