Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 16,2000 00:00

«ՉԳՈՌԱՆՔ, ՉՎԱՐԿԱԲԵԿԵՆՔ, ՉՀԱՅՀՈՅԵՆՔ» Նախապես արդեն տարակույս չունեինք, որ ԱԺ այս նստաշրջանի վերջին ճեպազրույցներից առանձին ներկայացնելու արժանի է լինելու ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ասելիքը։ Նախ, «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք հանձնաժողովի հաշվետվությունը բավարա՞ր փաստեր էր պարունակում հիմնավորելու ՀՅԴ խմբակցության անունից Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե հիմնական մեղավորը ՀՀՇ-ական վարչակարգն է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ «Խախտումների ծավալն այնքան մեծ է, որ շատ միամիտ կլինի կարծել, որ դա կատարել են 1-2 հոգի՝ իրենց պաշտոնական դիրքի չարաշահմամբ կամ պարզապես անփութությամբ,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը։- Այս ամենը հնարավոր չէ, որ տեղի ունենար պարզապես միայն 1-2-ի իմացությամբ եւ դրա մասին երկրի ղեկավարությունը տեղյակ չլիներ»։ Ընդհանրապես զեկույցի կազմման տրամաբանությունը պրն Լոքյանն այս էր համարում. «Որեւէ ուսումնասիրություն առաջին հերթին զերծ պետք է լինի քաղաքական որոշակի տոնայնությունից, եթե ոչ՝ այդ փաստաթուղթը, բնականաբար, ի սկզբանե կլինի ոչ ճիշտ»։ Մոտեցումը լիովին արդարացի է, բայց պրն Լոքյանի գործընկերների հայտարարություններից դատելով, նրանք արդեն վաղօրոք վստահ էին, թե ով է մեղավոր «խավարի եւ ցրտի տարիների» համար եւ հանձնաժողովի ուսումնասիրությունն էլ այժմ (անկախ արդյունքներից) հարմարեցնում են իրենց պատկերացումներին։ «Մեզ հետաքրքրող հիմնական մասը կապված է եղել էներգակիրների ներկրման, ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի արտադրման եւ սպառման հետ։ Բնական է, այս խնդիրների շրջանակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգանունը կամ ստորագրությունը չէր կարող լինել,- ասաց պրն Լոքյանը։- Բայց բնական է, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարն այդ ամենի համար որոշակի պատասխանատվություն պետք է ունենա»։ Եթե հիմք ընդունենք նույն ենթադրությունները, որ հնարավոր չէ խոշոր հանցագործություն կատարվի ու երկրի ղեկավարությունը դրանից անտեղյակ լինի՝ ուստի պիտի պատասխանատվություն կրի, ուրեմն Ռոբերտ Քոչարյանն էլ տեղյակ է եղել հոկտեմբերի 27-ի ոճրագործությա՞նը եւ դրա համար պիտի պատասխանատվությո՞ւն կրի։ Մեր այս զուգահեռի առնչությամբ Դավիթ Լոքյանը նկատեց, թե բացարձակ կապ չի տեսնում։ Մինչդեռ, ըստ իս, տրամաբանությունը նույնն է։ Ինչեւէ, դարձյալ պնդեցինք, թե հանձնաժողովի ուսումնասիրությունը հիմքեր տալի՞ս է քաղաքական այն գնահատականի համար, որ հնչեց որպես ՀՅԴ խմբակցության տեսակետ։ «Քաղաքական գնահատականը՝ քաղաքական գնահատական։ Հաշվետվությունը՝ հաշվետվություն։ Հաշվետվությունը քաղաքական գնահատման հետ չի կապվում»,- պատասխանեց պրն Լոքյանը։ Վահան Հովհաննիսյանը հաշվետվության առնչությամբ խմբակցության անունից հայտարարել էր, թե խնդրի քաղաքական մասը լուծված է։ Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ հանձնաժողովը քաղաքական խնդիր էր լուծում՝ մեր այս հարցին ի պատասխան պրն Լոքյանն ասաց, որ թե՛ վերահսկիչ պալատի, թե՛ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվություններով «որոշակի քաղաքական խնդիր դնելու քայլ կատարվեց»։ Նման գործընթացներ սկսելը նա արդյունավետ էր համարում, քանի որ «պետության մեջ ընդհանուր ձգվելու, տնտեսական գործառույթներում ընդհանուր կազմակերպվածության, չարաշահումների ավելի քիչ ախորժակ ունենալու վիճակ է ստեղծվում»։ Ի վերջո, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց այն, ինչ ցանկանում էինք ճշտել ի սկզբանե. «Խմբակցության անունից ելույթը չի քննարկվել Արմեն Ռուստամյանի կամ ինձ հետ»։ «Մենք ամեն դեպքում կողմնակից ենք, որ այս երկրում ամեն մեկն իր արածների համար պատասխան տա,- հավելեց պրն Ռուստամյանը։- Եվ նորից փնտրելով, թե հանձնաժողովի գործունեության արդյունքները քաղաքականացված են՝ նորից մեզ պետք է դնենք մի մոլորության մեջ, նորից ասենք՝ եկեք ոչինչ չբացահայտվի այս երկրում»։ Հարկ է դարձյալ շեշտադրել, որ չնայած հանձնաժողովի հաշվետվությունն իսկապես չոր փաստերի, բացահայտումների շարադրանք է՝ դրանց հստակ քաղաքական բովանդակություն հաղորդեց ոչ այլ ոք, քան այն խմբակցության ներկայացուցիչը, որի ղեկավարը գլխավորում էր հանձնաժողովի աշխատանքները։ Սակայն պրն Լոքյանը կարեւորում էր. «ԱԺ-ի ելույթնե՛րը չեն քննարկվելու կառավարությունում եւ դատախազությունում։ Նրանք ու նաեւ նախագահը հաշվետվության տեքստով պետք է աշխատեն»։ Հուսանք, որ հաշվետվության քաղաքականացումը ստվեր չի գցի կատարված հսկայական աշխատանքի վրա ու կընթանա զուտ փաստական նյութի վրա հիմնված խոսակցություն։ «Պետության մեջ մի կարեւոր մթնոլորտի ջատագովները լինենք՝ չգոռանք, չվարկաբեկենք, չհայհոյենք»,- արժե, որ բարեկրթության, չարություն չսերմանելու վերաբերյալ պրն Լոքյանի այս խորհուրդներին ականջալուր լինեն նրա կողքին կանգնածները նաեւ։ Ի դեպ, այս ճեպազրույցում բավական արծարծվեց այն հարցը, թե արդյոք պատասխանատվության կենթարկվեն բացահայտված չարաշահումների հեղինակները։ Դավիթ Լոքյանը հստակ նշեց. «Հանձնաժողովի ուսումնասիրություններով ոչ մեկին չի կարելի անվանել գող, հանցագործ (…)։ Մարդիկ ընդունում են, որ իրենք թույլ են տվել այս սխալը։ Իսկ դա գողություն է, թե ոչ՝ ապացուցում են իրավապահ մարմինները»։ Դավիթ Լոքյանը վստահ էր, որ եթե վարչապետը մի քանի օր լրջորեն զբաղվի այս հաշվետվությամբ՝ շուրջ 10 մլն դոլարի մուտքեր կապահովի պետբյուջեի համար, քանի որ 200 մլն-ից այդքանը կարելի է անմիջապես, առանց դատական գործընթացների վերադարձնել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել