Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ ԱԺ նախագահի եւ մի շարք պատգամավորների պարբերաբար բացակայությունները հանրապետությունից ոչ միայն ֆինանսական լուրջ վնաս են հասցնում առանց այն էլ երկրի աղքատիկ բյուջեին, ոչ միայն անպատվում են գործուղումների գաղափարն ինքնին, այլեւ՝ զարկ են տալիս բանահյուսական լուրջ ժանրի՝ հումորի ժանրի ծաղկմանն ու բեղմնավորմանը։ Վերջին անեկդոտն այս թեմայով հետեւյալն է. «Եթե ինքնաթիռի հռնդյուն է լսվում, ուրեմն մեր Արմենն է տեղաշարժվում»։ Իսկ, առանց կատակի, տարիներ շարունակ պատգամավորների գործուղումների կրճատման առաջարկներ են արվում եւ մնում անարձագանք, միայն 1999-2000 թթ. պետբյուջեի քննարկումների ընթացքում կոնկրետ առաջարկ արվեց (Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ) հնարավոր կրճատումների մասին։ Շուրջ 2 միլիարդ դրամ կարելի էր կրճատել ե՛ւ ՀՀ նախագահի աշխատակազմից, ե՛ւ ԿԲ-ից։ Սակայն հնարավոր եղավ կրճատել միայն 800 միլիոնը։ Այս կրճատումների մեջ մտնում են առաջին հերթին գործուղումների ծախսերը։ Եթե ոմանց համար սա պարզապես թեմա է, որի մասին «ամոթ է խոսել, քանի որ իհարկե ԱԺ նախագահը պետք է գործուղումների մեկնի», ապա ուրիշների համար պարզապես անհասկանալի է, թե ինչպե՞ս նույն բյուջեն կարող է հանգիստ խղճով 5-6 ամիս սոցիալական վճարումներ չկատարել։ Այն, ինչ անհասկանալի է պատգամավորաբար, ապա՝ մարդկայնորեն անհասկանալի է։ Պետությունն իր պարտականությունները քաղաքացիների հանդեպ աջուձախ չի կատարում, բայց երբ հենց այդ պատճառով քաղաքացին ի վիճակի չի լինում կատարել իր քաղաքացիական պարտավորությունները, պետությունն անմիջապես համապատասխան քայլերի է դիմում։ Քաղաքացիներն էլ իրենց հերթին օրենսդրական նախաձեռնությամբ թող հանդես գան, արդեն հրապարակ նետված պահանջի թեմայով՝ թող ամեն գործուղումից հետո հաշվետվություն ներկայացվի։ Եթե անիմաստ է եղել գործուղումը կամ այցը, ապա պետական փողերը վատնողը սեփական գրպանից կփոխհատուցի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել