«Դա իր օրակարգը չի, իր առաջարկը չի։ Եթե հիշում եք, վերջին հարց ու պատասխանի ժամանակ Միրզոյանը՝ առանց համաձայնեցնելու, այդ առաջարկով փորձեց երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ։ Այս դեպքում ես պետք է առանձնացնեմ հատկապես մեր դիրքորոշումը, որովհետև պատասխանատու եմ միայն մեր խմբակցության անունից դիրքորոշումը հայտնելու համար, որովհետև այստեղ ընդհանուր ընդդիմության մասին էր առաջարկը։ Համենայն դեպս, ես իմ հարց ու պատասխանի ժամանակ էլ հստակ արձանագրեցի, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը նոր ձևավորված օրակարգ չէ։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը գնացել է ժողովրդին ասել է՝ ինձ ընտրեք, մենք կփոխենք Սահմանադրությունը։ Մենք էլ գնացել ենք, ասել ենք՝ եթե մեզ ընտրեք, մենք թույլ չենք տալու, որպեսզի փոխվի Սահմանադրությունը։ Հետևաբար այս փուլում ընդդիմադիր ուժը՝ այս դեպքում «Հայաստան» ֆրակցիան, չի կարող իր մանդատը վերազանցող կամ իմ մանդատի մեջ չմտնող որևէ գործընթացի մեջ մտնել։ Հետևաբար այդ առաջարկն անընդունելի է լինելու մեզ համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Ռուբեն Ռուբինյանի առաջարկին, ըստ որի՝ երկու խմբակցությունները պետք է Ազգային ժողովում հավանություն տան Սահմանադրության նոր տեքստին և թույլ տան, որպեսզի այն գնա հանրաքվեի, և արդեն ժողովուրդը որոշի՝ ուզում է այդ Սահմանադրությունը, թե ոչ։
«Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը։ Ես կարծում եմ՝ սա աներկբա պնդում է, որ մենք հերթական անգամ պետք է անենք։ Դա ոչ թե մեր կապրիզն է, ոչ թե դա մեր ցանկացածի տիրույթում է, այլ յուրաքանչյուր քաղաքական ուժ հայտնվում է խորհրդարանում որոշակի գործողություններ անելու մանդատով։ Մեր ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որպեսզի թույլ չտանք, որպեսզի ընդունվի ալիևյան Սահմանադրությունը։ Հետևաբար ակնկալել մեզանից, որ մենք կողմ կքվեարկենք, որպեսզի դա դրվի հանրաքվեի, ուղղակի անհնար է»,- ասաց նա։
Պատասխանելով իշխանության ճամբարից հնչող քննադատությանը՝ «Ծանոթ չեք տեքստին, բայց արդեն ասում եք, որ չեք քվեարկելու», պատասխանեց. «Շատ լավ կարևոր բան է, որովհետև իրենք փորձում են անընդհատ շահարկել՝ բա առանց տեքստը տեսնելու՝ ինչ եք քննարկում, բա առանց տեքստը հրապարակելու՝ ի՞նչ առաջարկներ են ներկայացնում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե ճնշումներ բանեցնեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, ինչպե՞ս կվարվեն, Աննա Գրիգորյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ յուրաքանչյուր պատգամավոր և քաղաքական ուժ առաջնորդվում է Սահմանադրությամբ ամրագրված դրույթներով։ Այսինքն՝ մեր խղճի և համոզմունքի ներքո ենք մենք քվեարկելու։ Ես պատահական չեմ ասում սա, քաղաքագիտական հստակ նորմ է, որ պետք է բոլորի համար ընկալելի լինի. այն մարդիկ, ովքեր մեզ ձայն են տվել, Նիկոլ Փաշինյանը իրենց չի կարողացել համոզի։ Այդ մարդիկ մեզ ձայն չեն տվել, որպեսզի մենք կողմ քվեարկենք այդ նախագծին։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ խմբակցությունը, իր ամբողջ քաղաքական թիմը և մարդկանց հավաքի և փորձի իբր ճնշում գործադրել, դա միևնույն է՝ մեր դիրքորոշման վրա չի կարող ազդեցություն ունենալ, որովհետև մեր մանդատը դա չի ենթադրում։ Հետո գիտե՞ք, իրեն թվում է, թե ինքը դեռ հեղափոխական դուխով, կեպկայով Նիկոլն է։ Իրավիճակ է փոխվել, 2018-19 թվականները չպետք է համեմատել 2026-27 թվականի հետ։ Մենք 26 թվականին լրիվ այլ իրողությունների մեջ ենք ապրում, և ընդդիմությունը, այդ թվում, պետք է պատրաստ լինի համարժեք ճնշման մեխանիզմներ մշակելու»։
Ընդդիմությանն արվելիք Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասով էլ Աննա Գրիգորյանն ասաց՝ համոզված են, որ միայն Սահմանադրության փոփոխությունը՝ ալիևյան Սահմանադրության ընդունումը, չի լինելու վերջին կետը նոր պահանջների համար. «Այսինքն՝ դա չի, որ դա էլ անենք՝ վերջ, վերջնական խաղաղությունը հաստատված է լինելու։ Այդպես չի։ Մենք խորապես համոզված ենք դրանում, որովհետև անցնող տարիների իրադարձությունները դա են ցույց տվել։ Իմիջիայլոց, իրենք ունեին այդ համոզմունքը, երբ որ 23 թվականին, Պրահյան գործընթացում Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, այդ ժամանակահատվածում իրենց թվում էր, թե եթե ճանաչում են Արցախը, հանձնում են՝ վերջացավ, իրենք որևէ խնդիր չեն ունենալու։ Բայց այդպես շարունակաբար հետագա պահանջները տեսանք, և Սահմանադրությունն էլ վերջին կետը չի, վստահաբար։ Այսինքն՝ այստեղ խոսել նրա մասին, որ նույնիսկ եթե ինքը որևէ թուղթ բերի երաշխիքի տեսքով, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ստորագրվելու է պայմանագիր, դա չի կարող ազնիվ, արդար, այսպես, երաշխիք պարունակել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյան և Ալիև տանդեմը բազմաթիվ ծրագրեր այսպես միասին կազմակերպել ընդդեմ հայ ժողովրդի և պետական շահերի»։
Աննա Գրիգորյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն փակուղում են հայտնվել՝ Սահմանադրության փոփոխության մասով Ալիևին տված խոստման համատեքստում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































