Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 05,2000 00:00

«Գեշ անեկդոտ» ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունում կռիվ է ընկել. միգրացիայի եւ փախստականների վարչության իրավաբան Պետրոս Աղաբաբյանը մեղադրվում է գողության մեջ։ Բանն այն է, որ վերջինս հուլիսի 9-ից 30-ը Գերմանիայի փախստականների ճանաչման ֆեդերալ գրասենյակի կողմից հրավիրվել էր Գերմանիա՝ մասնակցելու փախստականների կարգավիճակի որոշման ընթացակարգին նվիրված սեմինարին։ Գերմանիայում, խանութներից մեկում, սակայն, պարոն Աղաբաբյանին կասկածելով գողության մեջ, գերմանացի ոստիկանները նրան ձերբակալում են, տուգանում 300 մարկ, ապա՝ դեպորտացիայի ենթարկում։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն անմիջապես տեղեկացվում է այս տհաճ միջադեպի մասին։ Այդ մասին հատուկ բովանդակության գրություններ են ուղարկվում նաեւ ՄԱԿ-ի գրասենյակ եւ միգրացիայի ու փախստականների վարչություն (պետ՝ Գագիկ Եգանյան)։ «Առավոտը» դիպվածը հենց առաջին ձեռքից ճշտելու ակնկալությամբ երեկ զրուցեց վարչության պետի տեղակալ Հակոբյանի հետ, քանի որ պետն ինքը արձակուրդում է։ Հակոբյանը չթաքցրեց, որ «էդպիսի բան եղել է, բայց հետո պարզվել է, որ թյուրիմացություն է։ Դատական նիստ չի եղել, կասկածներն անհիմն են»։ Երբ փորձեցի գողության իսկությունը ճշտել հենց այս պատմության հերոսից՝ Պետրոս Աղաբաբյանից, վերջինս համաձայնեց «ինֆորմացիա տալ» միայն Հակոբյանի հետ խորհրդակցելուց հետո։ Ապա թե՝ «Տհաճ միջադեպ է եղել, ինձ ձերբակալել են, ապա ճշտել, որ օրինական եմ գտնվում այդ երկրում եւ իմ ավիատոմսով վերադարձել եմ Հայաստան»։ Մեր հարցերին՝ ինչո՞ւ են իրեն, այնուամենայնիվ, ձերբակալել, որտե՞ղ, ի՞նչ մեղադրանքով, Պետրոս Աղաբաբյանը միայն կրկնում էր՝ «Տհաճ միջադեպ էր, մի քանի ժամով ձերբակալել են, բաց են թողել»։ Ավելին ո՛չ Հակոբյանը, ո՛չ Աղաբաբյանը չեն ասում։ Ըստ հավաստի աղբյուրների՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը պաշտոնական գրություն է ուղարկել վարչություն, որը պետի տեղակալ Հակոբյանը խնամքով թաքցնում է, եւ որը, սակայն, աշխատակիցներն ընթերցել են եւ վրդովվել։ Գրության բովանդակությունը բավական չոր տոնով հավաստիացնում էր, որ այսինչ-այսինչյանը գողություն է կատարել եւ վտարվել Գերմանիայից։ Պետրոս Աղաբաբյանը, չգիտես ինչու, այս ամենից չի ազդվել եւ չի պատրաստվում պաշտպանել իր՝ ՀՀ քաղաքացու իրավունքները, որին օտարազգիները մեղադրում են իրենց երկրում գողություն անելու համար։ Ըստ պրն Աղաբաբյանի՝ պարզապես իր նյարդերը թույլ են պայքարելու համար։ Սակայն կողմնակի մեկի համար սա բավական թույլ եւ կասկածի տեղիք տվող հիմնավորում է։ Գերմանիայի դեսպանատունը պնդում է գողության փաստը։ Այնտեղից խոստացել են երեքշաբթի օրը մեզ հանձնել գրության բովանդակությունը։ Այն մեր թերթում տպագրելուց հետո, հուսով ենք, պրն Աղաբաբյանի արժանապատվությունը պրոգրես կարձանագրի։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել