Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն

Փետրվար 20,2001 00:00

Դերասանն ատամնաբույժ է «Լավագույն դերասանը ստոմատոլոգների մեջ, լավագույն ստոմատոլոգը՝ դերասանների» Այսպես են արտահայտվում մտերիմները Բագրատ Լալայանի մասին։ Ավարտելով Երեւանի թատերական եւ բժշկական ինստիտուտները, մեկնում է Անգլիա, վերապատրաստվում Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում եւ տեղի վիրաբուժական հոսպիտալում։ «Որքան մեծ հայերի գիտենք, անցյալ ու ներկա մեծերի, որոնք բարձրացել են, ձեռք բերել փառք ու անուն, դարձել ամբողջ աշխարհինը, աշխարհն էլ դարձրել իրենցը։ Ես երջանիկ եմ, որ հայ եմ ծնվել, հայավարի եմ ապրել ու ապրում։ Սա երդում է, խոստովանանք»։ Դերասանը խաղացել է Անգլիայի «Քովենթ Գարդեն» թատրոնում՝ մոտ 12 դեր, բեմադրել երեք ներկայացում։ Նշենք Բրեխտի «Գաղտնի պատմությունները»։ Ինչպես ներկայացման ռեժիսոր Բագրատ Լալայանն է ասում. «Այստեղ հանդիսատեսը ականատեսն էր մեծ ոճրագործության՝ հրեաների ցեղասպանությանը։ Բայց պետք էր տեսնել՝ ներկա հայերն ու անգլիացիները բեմադրության ավարտից հետո ինչպես էին քննարկում, դատապարտում այդ մեծ ոճիրը, եւ ես առիթից օգտվելով զուգահեռներ էի անցկացնում, պատմում հայերի ցեղասպանության մասին։ Հպարտ էի, որովհետեւ իմ մտացածը եւ իմ սպասելիքը իրականություն էր դարձել, այն է՝ դեռ մի քանի տարի առաջ ես էլ իմ ուժերով եւ, օգտվելով առիթից, օտարերկրացուն պատմել էի այն, ինչ տարիներ շարունակ լռության էր մատնվել կամ… Այսօր արդեն աշխարհն է ճանաչում, ընդունում ու դատապարտում այդ մեծ հանցանքը»։ Ըստ մեր տվյալների՝ Բագրատ Լալայանը առաջին հայն էր, որ սովորեց ու կատարելագործվեց Անգլիայում՝ որպես դերասան, ավելին, Եվրոպայի՝ նման ոչ մի ակադեմիայում Հայաստանից ոչ ոք դեռ չի ուսանել, կատարելագործվել։ Երիտասարդ դերասանը Անգլիայում կազմակերպեց առաջին ռուսական թատերական դպրոցը։ Այս առիթով նա հիշում է՝ «Անգլիայում մեծ հետաքրքրություն կար ռուսական թատերական արվեստի հանդեպ, մեծ համակրանք Ստանիսլավսկու, Վախթանգովի նկատմամբ։ Այսօր արդեն դպրոցն ունի շենք եւ ավելի քան հազար ուսանող։ Դպրոցի կազմավորման հարցում ինձ մեծ աջակցություն ցուցաբերեց այնտեղ բնակվող ազգությամբ ռուս ռեժիսոր Վիկտոր Սոբչակը»։ Դերասան Բագրատ Լալայանը խաղացել է «Համազգայինի», «Մետրո» եւ Դրամատիկական թատրոններում։ «Ես ինձ տեսնում եմ միայն դրամատիկական թատրոնում։ Այստեղ զբաղված եմ 6-7 ներկայացումներում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Անվերջ վերադարձ», «Հուլիոս Կեսար»։ Վերջերս բեմադրեցի «Բարեւ, սրիկա» պիեսը (գեղ. ղեկ.՝ Ա. Խանդիկյան) եւ ասել եմ ու կասեմ, որ դերասանը պետք է խաղա իր հայրենիքում, մայրենի լեզվով։ Դրսում չեմ դիմանում, չեմ կարողանում մնալ»։ Ասենք, որ Բագրատ Լալայանը դասավանդում է Երեւանի թատերական ու կինոարվեստի պետական ինստիտուտում, Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է ու զբաղվում է գործնական եւ գիտական աշխատանքներով։ Իր երկու մասնագիտությունների մասին նա այսպես է արտահայտվում՝ «Եվրոպայում դերասանը կարող է այսօր մեծ ճանաչում ունենալ, իսկ հետո 2-3, նույնիսկ ավելի տարիներ չխաղալ, այսինքն՝ նույնիսկ աստղին կարող են չհրավիրել։ Իսկ ապրել պե՞տք է… Նույնիսկ հանրահայտ դերասանները աշխատում են բարերում, ռեստորաններում։ Ի վերջո, մանավանդ մեզ մոտ դերասանի աշխատավարձով չես ապրի։ Ի դեպ, ունեմ հեռուստատեսային նախագիծ։ Մեզ մոտ ճանաչված ու սիրված դերասանները հաղորդումներ չեն վարում, ինչո՞ւ… Խնդրեմ, բոլոր tv-ներում բացվում են եւ կան համարյա նույնատիպ հաղորդաշարեր, մի փոքր տարբեր շտրիխներով։ Դերասանությունը եւ կլոունադան տարբեր բաներ են։ Մեր եթերում իշխում է վերջինս։ Իհարկե, լավ հաղորդաշարեր էլ կան, օրինակ, Ռաֆայել Քոթանջյանի «Ձեղնահարկը», դե նա տաղանդավոր դերասան է…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել