Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակաստվեր» հասարակական կազմակերպության երեկվա հյուրն էր ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, Բնագիտութ

Փետրվար 24,2001 00:00

Ո՞Վ ԿՃԱՆԱՉԻ ՁԿՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «Հակաստվեր» հասարակական կազմակերպության երեկվա հյուրն էր ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, Բնագիտության եւ կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը։ Թեման կոռուպցիան էր, հովանավորչությունը եւ արդարադատություն իրականացնող մարմինների… անգործությունը։ Պրն Ավագյանը տեղեկացրեց, որ դեռ անցյալ տարի «ՀՀ» պաշտոնաթերթում ինքը տպագրել է մի հոդված, որում խոսվել է մասնավորապես Գեղարքունիքի մարզում կարճված քրգործի մասին։ Ըստ մեր հյուրի, Սեւանում ոչնչացվել է 599 հազար հատ ձուկ, իսկ Գեղարքունիքի մարզի դատախազ Սուրեն Պարսամյանն էլ, մեղմ ասած, անհրաժեշտ հետեւություններ չի արել։ Եվ ոչ միայն նա։ Ըստ Ռ. Ավագյանի, արդարադատության խորհրդում հստակ բացատրություն է պահանջվել նաեւ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանից (արդեն՝ նախկին), որը «ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա այդ մասին չի ասել ոչինչ»։ Արդարադատության խորհրդի անդամի պնդմամբ, այս գործի թելերը ձգվել են ՀՀ գլխավոր դատախազ Բ. Նազարյան, նրա աներձագ՝ ՀԿԳ քննիչ Վ. Խալափյան, եւ հասել Ազգային ժողով, ուր կա Լոբի մականունով մեկը։ Մեր ձեռքի տակ գտնվող «ԱԺ մականունների բացատրական բառարանում» որքան էլ փորձեցինք գտնել Լոբիին, մեզ այն չհաջողվեց, իսկ ԱԽ-ի անդամ Ռ. Ավագյանն այլ խայտառակ փաստ էր արձանագրում. «Քրեական գործի նյութերից երեւում է, որ Լոբի մականունով այդ մեկի նկատմամբ, որը Սեւանա լճից որսած ձկից ստացած մոտ 6000 կգ խավիարն անց է կացրել Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ իրացրել, այդ մասով գործը… կարճվել է»։ Հռետորն ավելի հեռուն գնաց, ասելով, որ «Հրազդանի ՊՇԷԿ-ից ավելի քիչ է հափշտակվել, քան Սեւանից»։ «1 հատ ապօրինի որսած ձուկը 2000 դրամ է»,- ասաց նա եւ վնասի վերջնահաշիվը խորհուրդ տվեց հաշվել՝ ունենալով վերոնշյալ տեղեկությունը։ ԱԽ անդամը նշեց նաեւ, որ վերջին 50 տարվա ընթացքում այսպիսի քանակությամբ ապօրինի ձկան որս չի կատարվել: Ի դեպ, նա հայտնեց, որ, եթե ՀՀ պատկան մարմինները ոչինչ չձեռնարկեն այս ուղղությամբ, ապա դիմելու է Ֆրանսիայի արդարադատության խորհրդին՝ «ձկների ցեղասպանությունը ճանաչելու» խնդրանքով։ «Առավոտի» այն հարցին, թե ինչպես է, որ պաշտոնաթերթում ոչ պատահական անձի՝ ԱԽ անդամի կողմից բարձրացված այդ հարցը մնաց անպատասխան, եւ կա երաշխիք, թե նույնը չի կրկնվի մեր լրատվամիջոցում բարձրացնելով, նա ցավ հայտնեց միայն, որ հոդվածը «Առավոտում» չի տպագրել։ Մեր հաջորդ հարցը վերաբերում էր դատախազների ծառայողական առաջխաղացման եւ պիտանիության ցուցակների «քնեցմանը» ԱԽ-ում։ Նա պատասխանեց, որ այս փետրվարի 14-ին հնարավոր դատախազների ցուցակները ներկայացվել էին արդարադատության խորհուրդ։ Եվ, սակայն, իրեն զարմացրել է այն, որ ցուցակները ներկայացվել են այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը հանրապետությունում չէր, իսկ գլխավոր դատախազն էլ տվել էր հրաժարականի դիմում (ի դեպ, առաջխաղացման ցուցակում ներկայացվել էին նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազը, նրա տեղակալն ու օգնականը)։ Ցուցակների նկատմամբ հարգարժան իրավագետի վերաբերմունքն այս էր. «Հովանավորչությամբ կոռումպացված ցուցակներ են»։ Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությանը, արտադատարանական գործընթացներին, պրն Ավագյանն անհասկանալի համարեց նախաքննության ընթացքում զինդատախազ Գ. Ջհանգիրյանի կողմից արված «մանիպուլիացիաները», եւ ապա նկատեց, որ դատարանի վրա կան ճնշումներ (նկատի ուներ հանրահավաքները, երթերը…)։ «Իմ վրա ճնշումները՝ ճնշող տպավորություն են թողնում»,- ասաց նա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել