Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի հերթական եռօրյայի երկրորդ օրը կհիշվի չկայացած ձեռնամարտով։

Մարտ 07,2001 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ՁԵՌՆԱՄԱՐՏ Ազգային ժողովի հերթական եռօրյայի երկրորդ օրը կհիշվի չկայացած ձեռնամարտով։ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը (ՀԺԿ անդամ, բայց անկախ) եւ Համլետ Հարությունյանը («Իրավունք եւ միաբանություն») կռվեցին նախագահ Քոչարյանի պատճառով։ Հիշեցնեմ, որ Մ. Գասպարյանը խոստացել էր մարտի 6-ին հայտարարությամբ հանդես գալ եւ պահանջել նախագահ Քոչարյանի հրաժարականը։ Մինչեւ օրվա վերջ ամենքը սպասում էին պատգամավորի հայտարարությանը։ Հերթագրվածների շարքում Գասպարյան Մանուկը 16-րդն էր։ Եթե 15 րոպե չավելացվեր, պատգամավորը պարզապես չէր հասցնի պահանջել նախագահի հրաժարականը։ Վերջին երեք րոպեում Մանուկ Գասպարյանը հասցրեց ասել. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի, ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ հանրապետության տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է»։ Նկատի ունենալով այս ամենը, Մանուկ Գասպարյանը նախագահից իր ասելով պահանջել էր. «ապահովել երկրի անվտանգությունը, վերացնել կաշառակերությունը, հարկային դաշտ բերել կլանային խմբավորումներին, դառնալ երաշխավոր գործող օրենքների»։ Եվ քանի որ, ըստ Մ. Գասպարյանի, նախագահ Քոչարյանը չի արել այս բաները, իսկ «ժողովուրդը կրակը չի ընկել նախկին եւ ներկա իշխանությունների ձեռքը, մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեք։ Ռ. Քոչարյան, վեր կանգնեք սեփական ակնկալիքներից, գտեք ձեր մեջ վճռականություն եւ տվեք հրաժարական, թույլ տվեք մեր ազգը կատարի ճիշտ ընտրություն եւ դուրս գա տասնամյա մղձավանջից»։ Մանուկ Գասպարյանը, կարծես, «փուշը մի քիչ թողած էր», նա նույն թափով չէր խոսում, ինչպես ասենք ՀԺԿ Արաբկիրի տարածքային կոնֆերանսում։ Փոխարենը պատգամավոր Համլետ Հարությունյանը շատ ավելի բորբոքված էր պաշտպանում նախագահին։ Նա եւս հերթագրվել էր հայտարարություն անելու, բայց իր ասելով՝ բոլորովին այլ հայտարարության։ Պարզապես, Մ. Գասպարյանի հայտարարությանը չկարողացավ չպատասխանել։ Նկատի ունենանք, որ վերոհիշյալ գործիչները լրատվամիջոցներում եւս կռիվ էին տվել։ Համլետ Հարությունյանը կարծում էր, որ «գործընկերը կսթափվի»։ Բայց քանի որ դա, ըստ պրն Հարությունյանի, տեղի չի ունեցել, ուրեմն ինքն է ստիպված սթափեցնում։ Պարոն Հարությունյանը շեշտեց, որ լարված իրավիճակում, երբ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համազգային հանրահավաքներ են կազմակերպում «Չկա Ադրբեջան առանց Ղարաբաղի» կարգախոսով, որոշ ուժեր էլ Հայաստանում են իրենց կամքից անկախ քաղաքական պատվեր կատարում. «Այսօր, երբ Ղարաբաղի գլխին ռազմական վտանգ է կախվել՝ զերծ մնանք մեր քաղաքական ամբիցիաներից, չկատարենք այս կամ այն խմբավորման քաղաքական պատվերը, ինչքան էլ դա թանկ վճարվի»։ Համլետ Հարությունյանի պնդմամբ այսօր պահը չէ «որեւէ հայտարարության համար»։ Պատգամավորի պնդմամբ. «Դուք չէ, որ պետք է կռվեք, ձեր տղաները չէ, որ պետք է կռվեն։ Այդ կռվողները կան, որոնք, դժբախտաբար քաղաքական դաշտում շատ քիչ են, զոհվելու պատրաստ շատերը կան, մի՛ խանգարեք նրանց»։ Պրն Հարությունյանը խոսքն ավարտեց Վազգեն Սարգսյանին ցիտելով. «Գոնե մեկ անգամ թողեք, որ այս ազգը իր կռիվը մինչեւ վերջ կռվի»։ Մ. Գասպարյանի եւ Հ. Հարությունյանի լեզվակռիվը շարունակվեց արդեն ամբիոնից հեռու։ Կռվին՝ Հ. Հարությունյանի օգտին, խառնվեց նաեւ պատգամավոր Կիմ Բալայանը։ Գործը ծեծկռտուքի չհասավ։ Պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կողմերին հանգստացնողի դերն էր ստանձնել։ Մանուկ Գասպարյանն այս անգամ ոչինչ չասաց ղարաբաղցիների մասին, պարզապես հիշեցրեց նախագահին Սահմանադրությամբ վերապահված պարտականությունները։ Իսկ Համլետ Հարությունյանին ակնհայտորեն Ղարաբաղի հարցն էր հուզում եւ ինքն էլ, իր հերթին, նախագահի մասին ոչինչ չասաց։ Այսպես, տարբեր թեմաների շուրջ, բայց նույն բանի մասին միայն մերոնք կարող են վիճել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել