Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գրական լուսաստվեր

Ապրիլ 13,2001 00:00

Գրական լուսաստվեր Գրամոլությունը, նորմալ գրական գործընթացին զուգահեռ, ապահովում է տպագրիչների եւ հրատարակչական աշխատողների կենսամակարդակը, մի բան, որ հարկ է գնահատել որպես հանրօգուտ երեւույթ։ Ինչքան էլ զարմանալի կարող է թվալ, գրականությունն, իր գոյանալու էտապում, միշտ էլ վերելք է ապրում, քանի որ հասարակության անդամներին ավելի է հետաքրքրում, քան դասականները, որոնք դպրոցական նստարանից սկսած ձանձրացրել են ընթերցողներին։ Այդ հետո է, որ ժամանակի հեռավորության վրա տվյալ ժամանակաշրջանի գրականությունը գնահատվում է որպես վերելք կամ ընդհակառակը։ Ժամանակակից ընթերցողն ակնկալություն ունի, որ գրվածքը կվերաբերի եւ իրեն, ու այդ եսակենտրոնացումը զգալի դեր է խաղում նրա հետաքրքրասիրության համար։ Նկարչության հետ համեմատած՝ գրականությունն իր ակունքների մեջ որպես պարբերական մամուլ նվազ ծախսարար է, թեեւ ուրիշի կողմից մարսվելու համար ավելի ժամանակ է խլում։ Երաժշտության հետ համեմատած գրականությունը պահանջ չի զգում գործիքավորողների, ուստի եւ ավելի ինքնաբավ է եւ անկախ։ Թատրոնի հետ համեմատած՝ գրականությունը անհատապաշտական է, իսկ պարային արվեստից ջոկվում է իր անտարբերությամբ դեպի հանդիսատեսը։ Մեր մոտակա պատմական անցյալն ապացուցեց, որ գրական հեղինակության տեր կարող է դառնալ յուրաքանչյուրը, եթե ձեռնտու է ներկա իրավակարգին։ Նույնը մասնակիորեն վերաբերում է նաեւ ավելի հեռավոր անցյալի գրողների՝ վերածննդի արժանացնելու հանգամանքին։ Գրողի կախումը քաղաքական իշխանությունից իր ակունքներն ունի դեռեւս ամենախոր պատմական հեռուների մեջ եւ շատ քչերն են, որոնց հաջողվել է ձերբազատվել այդ նվաստացուցիչ կարգավիճակից։ Նույնը զգալի է եւ այսօր՝ լինի դա պետական, թե մասնավոր վերաբերմունքների լույսի տակ։ Գրական արժեքն ամենեւին էլ բացարձակ չէ, եւ շատ դասականներ, դպրոցական ծրագրերով, համարյա արհեստականորեն են պարտադրվում ընթերցվելու եւ ուսումնասիրվելու աճող սերնդին։ Ինչպիսի՞ն պիտի լիներ դասականների վիճակը, եթե բարձիթողի արվեր մանկավարժական հարկադրանքի կողմից։ Հետաքրքիր է, որ համաշխարհային մասշտաբով գրական պահանջարկի անկումը համարյա չի ազդում դրական արտադրանքի վերելքի վրա։ Գրել շարունակում են եւ պրոֆեսիոնալները, եւ դիլետանտները՝ բոլոր մակարդակներով եւ անկախ գրականագիտության գնահատանքներից ու միջամտություններից։ Այդ կենսունակությունն անկասկած պիտի հարատեւի, քանի դեռ գոյություն ունի անհատի հիշվելու թուլությունը։ Իրենց նախորդներին հակադրվելու ձեւով գրական նորաձեւությունների թափած ճիգերն ապարդյուն չեն մնում, թեկուզ կարճատեւ ժամանակամիջոցի համար ու մեծամասամբ արժանանում են մասնագիտական հետաքրքրություններին։ Այնուամենայնիվ, անհատապաշտությունը շարունակ զորավիգ է լինում որոնումներին՝ անգամ էզոտերիկ մնալու գնով։ Գրականության նկատմամբ մահախոսականի դիրքորոշում ունենում են հատկապես նրանք, ովքեր այս կամ այն պատճառով դադարում են գրելուց։ Գրականությունը, նկարչությունից ու երգից հետո, մարդկության մանկական հիվանդությունն է եւ բուժվելու կարիքը չունի, առավել եւս, որ թարգմանվելով վարակիչ է դառնում։ Ով՝ ով, բայց գրականագետները շահագրգռված են, որ այն գոյատեւի։ Ժամանակավոր թե մնայուն՝ իր բոլոր անպատեհություններով հանդերձ, առավել կամ պակաս իր մասսայականության հանգամանքով եղել եւ մնում է քաղաքակրթության անբաժան մասնիկներից մեկը, եւ նրա հիպնոսացնող ներգործությունը միջամուխ է լինում ինչպես հավաքականության, այնպես էլ անհատների ճակատագրի ընթացքին։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել