Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես ֆուտբոլային մրցաշրջանը ժամանեց նաեւ Հայաստան։ Երկունքն այս անգամ դժվար էր ու ծանր։

Ապրիլ 17,2001 00:00

ԱՅՍ ՕՐՎԱՆ ԵՐԿԱՐ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ Վերջապես ֆուտբոլային մրցաշրջանը ժամանեց նաեւ Հայաստան։ Երկունքն այս անգամ դժվար էր ու ծանր։ Բայց, բարեբախտաբար, ամեն բան հաջող անցավ։ Համենայնդեպս, ուզում ենք հավատալ, որ այդպես կլինի։ Անցած շաբաթ անցկացվեց Հայաստանի գավաթի խաղարկության առաջին՝ 1/8 եզրափակիչ փուլը։ Երկու հանդիպումների արդյունքով պայքարը շարունակում են «Ղարաբաղը», «Արարատը», «Շիրակը», «Կիլիկիան», «Արաքսը», Փյունիկը», «Զվարթնոցը» եւ «Միկան», թիմեր, որոնք քաջ հայտնի են հայ ֆուտբոլասերներին եւ ծառայություններ ունեն անկախության տարիներին հայկական ֆուտբոլի պահպանման եւ զարգացման գործում։ Այսօր մեկնարկում է նաեւ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը։ Երրորդ հազարամյակի հանրապետության առաջին չեմպիոնի կոչման համար պայքարում են 13 թիմեր։ Դրանց մեծ մասն այս տարի աննախադեպ ուժեղ կազմ ունի եւ դա չի կարող չուրախացնել։ Ակնկալվում է, որ հոբելյանական այս մրցաշարը կանցնի չափազանց անզիջում պայքարում։ Եվ եթե թե՛ առաջնության կազմակերպիչները, թե՛ մրցավարական անձնակազմը, թե՛ ֆուտբոլիստները եւ թե՛ մարզիչներն ու ակումբների ղեկավարները իրենց ողջ կարողությունները, ուժն ու եռանդը ծառայեցնեն արդար պայքարին, ապա դրանից կշահեն նախ եւ առաջ նորին մեծություն ֆուտբոլը, բազմահազար ֆուտբոլասերները, որոնք ծով համբերությամբ սպասեցին այս օրվան ու անպայման նաեւ բոլոր գլխավոր գործող անձինք։ Ապրիլի 12-13-ին կայացան «Անկախության գավաթի» խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնցում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Փյունիկ»-«Դինամո»՝ 4։2, «Կիլիկիա»-«Լոռի»՝ 0։0, «Արաքս»-«Բանանց»՝ 2։1, «Արարատ»-ՖԻՄԱ՝ 6։0, «Միկա»- ՀՖԴ՝ 5։0, «Զվարթնոց»-«Կոտայք»՝ 3։1, «Ղարաբաղ»-«Լեռնագործ»՝ 3։2, «Շիրակ»-«Փյունիկ-2»՝ 4։0։ Քառորդ եզրափակիչում, ըստ վիճակահանության, զույգեր կազմել են. ապրիլի 22-ին՝ «Ղարաբաղ»-«Արարատ», «Շիրակ»-«Կիլիկիա», ապրիլի 23-ին՝ «Արաքս»-«Փյունիկ», «Զվարթնոց»- «Միկա»։ Խաղերը կկայանան առաջինը նշած թիմերի դաշտերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել