Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիում գործող միակ հայկական թիվ 31 դպրոցը հիմնադրվել է 1995թ. Հովհաննես Չեպնյանի («Սեւան» ընկերությ

Ապրիլ 26,2001 00:00

Հայկական ֆակուլտետ կբացվի Սոչիի ինստիտուտում Սոչիում գործող միակ հայկական թիվ 31 դպրոցը հիմնադրվել է 1995թ. Հովհաննես Չեպնյանի («Սեւան» ընկերության նախագահ) եւ դպրոցի տնօրեն Թորիկ Քոչքոնյանի ջանքերով։ Այժմ դպրոցում սովորում է շուրջ 540 հայ աշակերտ։ Դպրոցի ուսուցիչների տվյալներով՝ առաջին տարում եղել է ընդամենը մեկ դասարան, որտեղ սովորել է 10 աշակերտ, երկրորդ տարում դասարանների թիվն ավելացել է մեկով (14 աշակերտով), հաջորդ տարի դարձյալ մեկ դասարան է ավելացել եւ այդպես շարունակ։ Նախքան հայկական դպրոց ունենալը, հայ երեխաները սովորել են Սոչիի ռուսական դպրոցներից մեկում։ «Այնուհետեւ, երբ աշակերտները շատացան, մտածեցինք նոր դպրոց ունենալու մասին»,- ասաց դպրոցի ուսուցչուհի Աղավնի Գոքորյանը։- Տասը աշակերտը մի քանի տարիների ընթացքում հասավ 540-ի։ Մի կողմից ցավալի է, որ Հայաստանից են գալիս, բայց նաեւ ուրախալի է, որ Ռուսաստանում գոյություն ունի հայկական դպրոց, որը ինչ-որ չափով կարողանում է օգնել իր ազգին»։ Ըստ Ա. Գոքորյանի, դպրոցում կա 23 դասարան՝ առաջինից տասնմեկերորդ։ Դասավանդում են հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն եւ այլ առարկաներ։ Արդեն երեք տարի է՝ Սոչիի հայկական դպրոցի աշխատակազմը գալիս է Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին։ Այս տարի եւս 25 հոգիանոց խումբը ապրիլի 19-ին արդեն Հայաստանում էր։ Նրանց հետ միասին Հայաստան են ժամանել երկու ներկայացուցիչ՝ Սոչիի կրթության վարչությունից, որոնք պետք է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ քննարկեն Սոչիում հայկական գիմնազիա հիմնելու հարցը։ Սոչիից եկած ուսուցիչները նաեւ պետք է հանդիպեն Հայաստանի ուսուցիչների հետ։ Հավանական է, որ այս տարի Սոչիի Գերցենի անվան պետական ինստիտոտում բացվի հայկական վճարովի ֆակուլտետ (բանասիրական), եթե, իհարկե, հավաքվի 25 հոգուց բաղկացած խումբ։ Այդ դեպքում, դասախոսների հիմնական մասը գալու է Երեւանից։ «Հայաստան գալը մեծ նշանակություն ունի երեխաների համար, որովհետեւ հեռու գտնվելով, նրանք շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին։ Ինչքան էլ մենք ձգտենք նրանց որեւէ բան հասցնել, միշտ ինչ-որ բան թերի է մնում։ Դրա համար երեխաներին այստեղ բերելը շատ օգտակար է»,- ասաց Ա. Գոքորյանը։ Ուսուցիչների հավաստմամբ, Սոչիում պահպանվել են ազգային ավանդույթներն ու սովորույթները։ Հայության հավաքատեղին հայկական եկեղեցին է, որը կառուցվել է երկու տարի առաջ։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել