Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ՝ ՀԱՏՈՒԿ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2001 00:00

ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ՝ ՀԱՏՈՒԿ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներն այսօր հաճախ դուրս են մնում հատուկ, իսկ որոշ դեպքերում նաեւ ընդհանուր կրթության համակարգից։ Հատուկ դպրոցներն էլ թերբեռնված են կամ համալրվում են իրենց տիպին չհամապատասխանող աշակերտական համակազմով։ Այս եւ այլ պրոբլեմների մասին երեկ խոսվեց ՀՀ ԿԳՆ-ի, Լոռու մարզպետարանի եւ Շվեդիայի միջազգային գործակալության կազմակերպած «Հատուկ կարիքներով երեխաներ. կրթության եւ խնամքի այլընտրանքային ծրագրեր» միջազգային գիտաժողովի ժամանակ։ Գիշերօթիկ հաստատությունների համակարգը Հայաստանում ձեւավորվել է դեռեւս խորհրդային տարիներին եւ առայսօր այն գործում է հիմնականում նախկին կառուցվածքով։ Գիտաժողովի մասնակիցների խոսքերով, եթե Հայաստանում այս համակարգը եւս մի քանի տարի գործի նույն տեմպերով, լիովին կփլուզվի։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման, դաստիարակության, բնականոն զարգացման եւ սոցիալական ինտեգրացման խնդիրների լուծումը դարձել է առաջնահերթ։ Համակարգի բարեփոխման ծրագրի իրականացումը սկսվել է Լոռու մարզի գիշերօթիկ դպրոցներից եւ փորձնական հոգեբանական կենտրոններից։ Լոռվա մարզպետի տեղակալ Աշոտ Քոչարյանի խոսքերով. «Միայն ծրագրի ավարտից հետո ԿԳՆ-ն եւ կառավարությունը կկողմնորոշվեն, թե արժե՞ արդյոք ծրագիրը մյուս մարզերում եւս իրականացնել»։ Չնայած ծրագիրը դեռ չի ավարտվել, սակայն պրն Քոչարյանի գնահատմամբ՝ «այն լրիվ կիրառելի կլինի այն դեպքում, երբ լինի նաեւ պետական հոգածություն»։ Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող գիշերօթիկ հաստատությունները պայմանականորեն դասակարգվում են չորս խմբի. հատուկ, առողջարանային, որբ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների եւ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ։ Առավել ընդարձակ է այն հատուկ դպրոցների համակարգը, որոնք նախատեսված են մտավոր կամ ֆիզիկական արատներով, ինչպես նաեւ վարքի շեղումներով երեխաների համար։ Ըստ գործող կարգի, 9 տիպի հատուկ դպրոցներում պետք է իրականացվի 15 տիպի հատուկ կրթություն։ Սակայն ԿԳՆ փոխնախարար Աիդա Թոփուզյանի խոսքերով. «Ո՛չ մեթոդական եւ ո՛չ էլ կադրային առումներով այսօր հանրապետությունում չկա համապատասխան ներուժ»։ Գրեթե չկան հատուկ կրթության հիմնական ուղղություններով մեթոդական մշակումներ, չեն պատրաստվում համապատասխան մասնագետներ, չեն տպագրվում դասագրքեր եւ մեթոդական ուղեցույցներ։ Նշված պրոբլեմները առկա են նաեւ առողջարանային դպրոցներում։ Գտնվելով կրթության եւ առողջապահության համակարգերի հարակից ոլորտում՝ այս հաստատությունները դուրս են մնացել առողջապահության համակարգի արդեն իսկ սկսված բարեփոխումների ծրագրերից։ Գիշերօթիկ հաստատությունների համակարգի բարեփոխման ծրագիրը կիրականացվի երեք փուլով։ Նախ կկանոնակարգվեն բոլոր գիշերօթիկների աշխատանքները, կմշակվեն եւ կհաստատվեն բոլոր մի շարք ժամանակավոր նորմատիվային ակտեր։ Աշակերտական համակազմի վերախմբավորումների միջոցով կհստակեցվի գիշերօթիկ հաստատությունների համակարգը։ Որոշ հաստատություններ կմիավորվեն, իսկ մյուսները կվերակազմավորվեն հանրակրթական, այդ թվում՝ երկարօրյա դպրոցների։ Երկրորդ փուլի աշխատանքները ուղղված կլինեն երեխաներին գիշերօթիկներից տուն վերադարձնելուն։ Կտարվեն նաեւ հատուկ կրթական կենտրոնների ուժեղացման եւ կրթության համակարգի ապակենտրոնացման աշխատանքներ։ Փորձնական ծրագրի ընթացքում առավել դրական գնահատված մոդելները կներդրվեն հանրապետության ամբողջ տարածքում։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել