Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով «մաղարիչ»

Մայիս 05,2001 00:00

Օրենքով «մաղարիչ» Պետբյուջեի աղբյուրները չեն հերիքում բնակչության անվճար բուժսպասարկումն ապահովելու համար։ «Մեր պահանջարկը 80 մլրդ դրամ է։ Մենք ներկայացնում ենք 78 միլիարդի պահանջ, դրանից հաստատում են 18 միլիարդը, իսկ այս տարի՝ 14,8-ը»,- այսպես են հիմնավորում ՀՀ առողջապահության պատասխանատուները ս/թ ապրիլի 1-ից ծննդօգնության ծառայության մեջ բնակչության կողմից պարտադիր համավճարների ներմուծումը համակարգ։ Այս մասին ընդունված օրենքը հասարակության մեջ բարձրացրեց աժիոտաժ, թե յուրաքանչյուր հղիացած կին պետք է պետությանը մուծումներ կատարի եւ ըստ այդմ եզրակացություններ արվեցին, թե մեր պետությունը չի խրախուսում ծնելիությունը, թե նման բան Չինաստանին կսազեր եւ այլն։ Սուր զգացողությունների սիրահարները կարող են հիասթափվել, բայց համավճարները գործելու են տարբերակված հիմունքներով եւ միայն ծննդատներում։ Ընդ որում՝ գյուղական ծննդատներում՝ 10 հազար դրամ, մայրաքաղաքի՝ 15 հազար։ Այս տարբերակումը ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը բացատրում է գյուղական եւ մայրաքաղաքի ծննդատների տեխնիկական հագեցվածության եւ, ըստ այդմ. ծննդօգնության արժեքի տարբերությամբ։ Ընդ որում, պատասխանատուները հավաստիացնում են, որ սոցիալապես անապահով խավերը, միեւնույն է, բուժօգնություն, այդ թվում նաեւ՝ ծննդատանը, ստանում են անվճար։ Բացառապես անվճար բուժօգնություն տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից պոլիկլինիկայում ստանալ կարող են մինչեւ 15 տարեկան, իսկ նաեւ տանը, ընդ որում՝ նեղ մասնագիտական կոնսուլտացիա, լաբորատոր հետազոտություններ՝ մինչեւ 7 տարեկան երեխաները։ Մինչեւ երեք տարեկանները՝ անկախ սոցիալական վիճակից, ստանում են անվճար հիվանդանոցային բուժօգնություն։ Հանրությանը տեղեկացնենք, որ, անկախ տարիքից, երեխաներն անվճար են սպասարկվում նաեւ որոշ հիվանդությունների դեպքում՝ հոգեկան, չարորակ նորագոյացություններ, ինֆեկցիաներ (այդ թվում՝ տուբերկուլյոզ)։ Անվճար է նաեւ հղիների նախածննդյան ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկումը, հիվանդանոցում՝ հղիության ախտաբանությունը, անհետաձգելի իրավիճակները։ Այն փաստարկները, թե ժողովրդագրական նման ցուցանիշների դեպքում այդ համավճարները կարող են բացասաբար ազդել ծնելիության աճի վրա, տիկին Սարիբեկյանի կարծիքով՝ համոզիչ չեն։ Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածները եւ եւս 350 հազար անապահովներ, այսպես թե այնպես, անվճար են «ծննդաբերում»։ Իսկ ով ի վիճակի է վճարել՝ այդ 15 հազարը չէ, որ նրան հետ կպահի երեխա ունենալուց։ Մանավանդ որ, հատկապես ծննդատներում, «շնորհակալություն հայտնելը» ավանդույթ է։ Մնում է, որ ծննդատներում, գլխավոր եւ առհասարակ բժիշկները, բավարարվեն այդ գումարով, մանավանդ որ այդ գումարները չեն հարկվելու, մնալու են տեղերում՝ իրենց կարիքները հոգալու համար։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել