Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Մայիս 23,2001 00:00

ՄԵՂՄԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՀԱՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վերջերս մասնակցել էր Մոսկվայի հելսինկյան խմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնֆերանսին, որտեղ քննարկվել էր նաեւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդիրը եւ համապատասխան բանաձեւ էր ընդունվել, ուր շեշտվել էր Աշոտ Բլեյանի գործը։ -Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ինչպե՞ս էին գնահատում Մոսկվայում հավաքված իրավապաշտպանները։ – Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետություններում մարդու իրավունքների վիճակի թեմայով այդ կոնֆերանսում անցկացվեց կլոր սեղանի շուրջ քննարկում։ Հայաստանում առկա վիճակը ներկայացրինք երկուսով՝ ես եւ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը։ Ես ներկայացրի դատական իշխանության վիճակը, որ այն անկախ չէ եւ կատարում է գործադիր իշխանության պատվերները։ Ու սրանից են բխում մնացած խնդիրները, որ չեն պատժվում խոշտանգումներ կատարողները, ընտրություններն անցնում են կեղծիքներով եւ այլն։ Ասվեց նաեւ վերջին շրջանում ընդդիմադիր որոշ կուսակցությունների հանրահավաքներ եւ ժողովներ անցկացնելու համար դիմումների մերժման մասին։ Որպես քաղաքական հետապնդման օրինակ՝ նշեցի Աշոտ Բլեյանին, որին համարում եմ քաղաքական բանտարկյալ։ – Հայտնի է, որ այս առումով իրավապաշտպան կազմակերպությունների մեջ տարակարծություններ կան։ Ի՞նչ բացատրություն ունի սա։ – Հայաստանի իրավապաշտպան շարժման (եթե կա այդպիսին) ցավն այն է, որ, ինչպես եւ քաղաքական գործիչները, լրագրողները, իրավապաշտպանները եւս ամեն հարց գնահատում են ոչ ըստ երեւույթի էության, այլ՝ ըստ, ասենք, տվյալ անձի հանդեպ իրենց վերաբերմունքի։ Եվ դրանով են պայմանավորված տարբեր հարցերի շուրջ տարատեսակ մոտեցումները։ Օրինակ, երբ հայտարարում էի, թե Արկադի Վարդանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նա քաղբանտարկյալ է, ինձ ասում էին. «Այդ ո՞ւմ ես պաշտպանում, ախր նա ի՞նչ քաղաքական գործիչ է»։ Այս մտածողությունը ոչ մի կերպ չի հաղթահարվում։ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի կարկառուն անդամներից մեկն էլ 1999-ին, երբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատավճիռ կայացվեց, այսպես պատճառաբանեց, թե ինչու իրենց հանձնաժողովը մերժեց քննարկել այդ հարցը. «Այո՛, դա խոսքի ազատության ոտնահարում է, բայց ես կարծում եմ, որ նա պետք է պատժվի»։ – Իսկ ի՞նչ չափանիշներ հիմք ընդունելով եք դուք Բլեյանին համարում քաղբանտարկյալ։ – Ընդհանրապես որեւէ երկրում, իհարկե, հատուկ Քաղաքական օրենսգիրք չկա։ Եվ միշտ էլ իրավապաշտպաններն ու հասարակությունն են որոշում՝ տվյալ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։ Այս առումով, իհարկե, սուբյեկտիվ մոտեցման խնդիրը միշտ կա։ Երբ 1999-ին սկսեցին Աշոտ Բլեյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել՝ ինձ առաջարկեցին անդամակցել նրա պաշտպանության հասարակական խորհրդին։ Ես հրաժարվեցի։ Չնայած հասկանում էի, որ նրա հետապնդման մեջ քաղաքական ենթատեքստ կա։ Այսինքն, եթե նա իր թեկնածությունը առաջադրած չլիներ նախագահական ընտրություններում եւ սուր քննադատության չենթարկեր Ռոբերտ Քոչարյանին, վերջինիս առաջադրման օրինականության խնդիրը վիճարկելով չդիմեր Սահմանադրական դատարան, այլ լիներ նրա համախոհներից մեկը, ինչպես «երկրապահացան» շատ շատերը, բնական է, որ նրա նկատմամբ (անկախ նրանից՝ կատարե՞լ էր հանցագործություն, թե՞ ոչ) քրեական հետապնդում չէր իրականացվի։ Ենթատեքստն իմանալով հանդերձ, մյուս կողմից էլ գիտեի, որ մեր ողջ կառավարությունը եւ բյուրոկրատական ապարատը թաղված է կոռուպցիայի մեջ։ Եվ չէի կարող վստահ ասել, որ Բլեյանը հանցագործություն չի կատարել։ Բայց հետագայում հետեւելով դատավարությանը՝ համոզվեցի, որ նրա նկատմամբ որեւէ մեղադրանք դատարանը չապացուցեց։ Եվ բնական է, որ դրանից հետո նրան համարեցի դասական քաղբանտարկյալ։ – Եվրախորհրդի փորձագետների առջեւ իշխանության ներկայացուցիչներն արդարացել էին, թե ընտրություններում Բլեյանի հավաքած ձայները չնչին էին, նրա կուսակցությունն էլ որեւէ կշիռ չունի, ուստի անհեթեթ կլիներ նրան քաղաքական ասպարեզից հեռացնելու համար ինչ-ինչ միջոցներ կիրառելը։ – Այս ամենից հարց է առաջանում՝ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը։ Նախ, ե՛ւ հասարակությունը, ե՛ւ նախկին ընդդիմադիր ուժերը պահանջում էին պատժել նախկին որեւէ իշխանավորի։ Բլեյանը ընտրվեց ե՛ւ այս պահանջը բավարարելու, ե՛ւ կար նաեւ գավառական վրեժխնդրության հարցը։ Բացի այդ, քանի որ 1992-ին Բաքու այցելությունից հետո Բլեյանի նկատմամբ բացասական վերաբերմունք կար, իշխանությունները, հավանաբար, կարծում էին, որ հասարակությունը չի ընդվզի։ Իմ կարծիքով, թիրախն այս նկատառումներով անվրեպ ընտրվեց։ Եվ, իսկապես, սկզբնական շրջանում նրանց հաշվարկներն ինչ-որ իմաստով ճիշտ էին։ Երբ սկսեցի կամաց-կամաց համոզվել, որ Աշոտ Բլեյանի նկատմամբ անարդարություն է գործադրվում, ինձ ասում էին, թե ո՞ւմ ես պաշտպանում։ Ես էլ պատասխանում էի, թե Քրեական օրենսգրքում հոդված նախատեսեք, որ Բաքու գնալ չի կարելի, եւ դրա համար դատեք եւ ոչ թե այն հանցանքների, որոնք չեն ապացուցվում։ Իմիջիայլոց, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում փոխվեց հասարակության վերաբերմունքն այս գործի հանդեպ։ – Ինչպե՞ս եք գնահատում Աշոտ Բլեյանի նկատմամբ վերաքննիչ դատարանի կայացրած դատավճիռը։ – Դատավճռի մի փոքր մեղմացումն առանձնապես որեւէ բան չփոխեց։ Այդ մեղմացումն էլ պայմանավորված է իմ թվարկած գործոններով։ Համենայնդեպս, իր դերը ինչ-որ չափով խաղաց իրավապաշտպանների եւ նաեւ միջազգային տարբեր կառույցների ճնշումը դատարանի վրա։ Ավելի ճիշտ՝ ոչ թե դատարանի, այլ գործադիր իշխանության վրա, որը հանձնարարեց մի փոքր մեղմել դատավճիռը։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել