Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Հուլիս 13,2001 00:00

Լսելով մեկ կողմին Երեկ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի գլխավոր հերոսը դարձյալ Գագիկ Ջհանգիրյանն էր եւ նրա ղեկավարած մարմնի գործելակերպը՝ խոշտանգումների միջոցով կորզվող ցուցմունքները։ Բայց այս անգամ խոսքը զինվորների նկատմամբ կիրառված բռնությունների մասին էր։ Հանձնաժողովի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը մեջբերումներ կատարեց Միշա Հարությունյանի եւ այլ 5 զինծառայողների վերաբերյալ դիմումից։ Ռազմական ոստիկանության մեկուսարանում Միշա Հարությունյանից փորձել էին ցուցմունքներ կորզել՝ «պլասկագուբցիի» միջոցով ճզմելով մատները։ Իմանալով զինվորներից մեկի ոտքի վրա առկա վերքի մասին՝ խփել էին հենց այդ վերքին։ Հայկ Ալումյանը վկայեց, որ այս բոլոր խոշտանգումների փաստերը հաստատված են դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։ «Իսկ զինծառայողներից մեկն, իմ տպավորությամբ, հոգեկան խանգարում է ստացել»։ Փաստաբանը պնդում էր, որ խոշտանգողների անունները բազմիցս հնչել են, բայց զինդատախազությունը որեւէ միջոց չի ձեռնարկում։ Առանձին անդրադարձ եղավ Ռազմական ոստիկանության մեկուսարանում տիրող բարքերին, կամ, ինչպես այն անվանվում է՝ «ընդունիչ-բաշխիչին»։ Հայկ Ալումյանը նշեց, որ այդ մեկուսարանում մարդկանց պահում են ապօրինի, առանց դատարանի որոշման։ Հանձնաժողովի անդամ, փաստաբան Ռուբեն Ռշտունին հայտնեց, որ այդ «ապօրինի քննչական մեկուսարանում» վկաներին էլ են ազատազրկում։ Ռուբեն Ռշտունին եւս մի հայտարարություն հավելեց՝ Գրիշա Գրիշյանից զինդատախազությունում վնասի հատուցման համար որոշված 70 հազար դոլարի փոխարեն 194 հազար դոլար ստանալու վերաբերյալ, որը նա որակեց որպես շորթում եւ պաշտոնեական դիրքի չարաշահում։ Ի դեպ, նաեւ նշեց, թե այդ ամբողջ գումարն աստիճանաբար ետ է վերադարձվել, երբ բողոքարկվել է վճիռը։ Հիշեցրին նաեւ մի հոգու ծեծի արդյունքում խոսելու ունակությունը կորցրած զինվոր Սուրեն Գրիգորյանին տուժող չճանաչելու եւ անգամ որպես մեղադրյալ ներգրավելու զինդատախազության փորձերի մասին։ Այս բոլոր փաստերն ունկնդրելուց հետո Հայկ Ալումյանը հանձնաժողովին առաջարկեց հաջորդ նիստին հրավիրել Ջհանգիրյանին եւ լսել նրա պարզաբանումները նույն փաստերի վերաբերյալ. «Որ մեր հետեւությունները միակողմանի չլինեն»։ Բայց բուռն հակազդեցության արժանանալով՝ ինքն էլ հանեց իր առաջարկը։ Առավել ակտիվ էր պրն Ռշտունին. «Մենք լսել ենք Գագիկ Ջհանգիրյանին հոկտեմբերի 27-ից հետո, նրա ասուլիսները՝ ամեն տեղ աշխատում է չոր դուրս գալ։ Բայց դա արդեն անցած փուլ է»։ «Հոկտեմբերի 27»-ն ընդհանրապես շատ էին հիշում, ասենք, որ զինդատախազությունը պիտի հատուցի 5 անմեղ անձանց ազատազրկման համար եւ այլն։ Փաստաբանը հստակ ձեւակերպեց խնդիրը՝ զինդատախազությանը պետք է դնել իր տեղը, այլապես այն «այսօր չարիք է դարձել մեր ժողովրդի գլխին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել