Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հանրապետության արդյունաբերությունը գտնվում է ծանր ճգնաժամային

Օգոստոս 16,2001 00:00

Զարգացման խոչընդոտները Մեր հանրապետության արդյունաբերությունը գտնվում է ծանր ճգնաժամային իրավիճակում։ Արտադրության զարգացման համար բոլոր երկրներում առաջնային խնդիր է կրեդիտային ռեսուրսների ձեռքբերման մատչելիությունը, որոնք պետք է ապահովեն մարքեթինգի եւ արտադրության գործունեության խնդիրների լուծումը։ Մարքեթինգային աշխատանքները պահանջվում են արտադրության եւ իրացման ծավալների հիմնավորման համար։ Սակայն տեղական մարքեթինգային մասնագիտացված կազմակերպությունների ձեւավորումը գտնվում է դեռ սկզբնական փուլում, ինչին խոչընդոտում է նաեւ անցումային ժամանակաշրջանին բնորոշ տնտեսության ճգնաժամը, որի պարագայում չեն կարող ձեւավորել համապատասխան պատվերներ (հաշվի առնելով ձեռնարկությունների ֆինանսական միջոցների սակավությունը)։ Մյուս կողմից հանրապետությունում գործում են մի շարք արտասահմանյան ծրագրեր (USDA, UNDPI, Tassis, Eurasia…) եւ նրանց կողմից ստեղծված տեղական փոքր մարքեթինգային կազմակերպություններ։ Սակայն այդ ծրագրերը մեծամասամբ փորձում են աջակցել հասարակական կազմակերպությունների եւ պետական ինստիտուտների կայացմանը, գյուղատնտեսական եւ սննդի արդյունաբերությունների եւ բնության պահպանության լոկալ խնդիրների բարելավմանը։ Փորձը վկայում է, որ իրենք կամ չունեն համապատասխան ծրագրեր, կամ մասնագետներ՝ այլ ոլորտներին աջակցելու համար։ Նրանց գործունեությունը նպաստում է, բայց նպատակաուղղված չէ արտադրության հիմնարար խնդիրների բարելավմանը։ ՀՀ արդյունաբերության զարգացման ծրագրի հիմնավորվածության բարձրացմանը խոչընդոտում է առանձին ձեռնարկությունների մարքեթինգային հիմնավորված ծրագրերի բացակայությունը։ Այսպիսով՝ արտադրական ձեռնարկությունների մարքեթինգային ուսումնասիրությունները դեռ գտնվում են ոչ բավարար մակարդակի վրա, ինչը պայմանավորված է ֆինանսական միջոցների սակավությամբ, պետական աջակցության դեռ անբավարար չափերով, որը իր հերթին լուրջ խոչընդոտ է հանդիսանում կառավարության արդյունաբերության զարգացման ծրագրի մշակմանը։ Ներկայումս հանրապետությունում կրեդիտային ռեսուրսների ձեռքբերումը հիմնականում կատարվում է 15-23 տոկոս տարեկան դրույքաչափով։ Իհարկե, այդ դրույքաչափը որոշ չափով բարձր է արտադրության զարգացման համար, եթե հաշվի առնենք հիմնական միջոցների մաշվածության աստիճանը, մրցունակ տեխնոլոգիաների մշակումների անհրաժեշտությունը եւ այլ հանգամանքներ, բայց այդ դրույքաչափը դեռ ընդունելի է եկամտաբեր արտադրությունների զարգացման համար։ Հիմնական խոչընդոտ է հանդիսանում գրավի անպայման պայմանը՝ թանկարժեք իրեր, անշարժ գույք եւ հիմնական միջոցներ։ Ներկա տնտեսական ճգնաժամի պարագայում ոչ միայն փոքր արտադրությունների, այլեւ նախկինում խոշոր գործարանների հիմնական միջոցները եւ անշարժ գույքը ունեն ցածր լիկվիդայնության գործակից եւ չեն գնահատվում միջազգային գներին համապատասխան, որի պատճառով տրամադրվող կրեդիտային ռեսուրսների չափը չի կարող ապահովել արտադրական ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ, հանրապետությունում կրեդիտային ռեսուրսները չեն տրամադրվում ձեռնարկություններին՝ արտադրանքի իրացման պայմանագրերի առկայության դեպքում։ Այդպիսով, հանրապետության արտադրության ընդլայնումը գտնվում է ֆինանսական փակուղում եւ կրեդիտային ռեսուրսների ձեռքբերման հնարավորությունից կարող են օգտվել միայն շատ սահմանափակ անձինք։ Եվ արդյոք այդ հանգամանքի արդյունքում գրանցվում է հասարակության բեւեռացումը, տարբեր կրեդիտային ռեսուրսների տրամադրման գործակցի իջեցումը (այդ թվում եւ Լինսի հիմնադրամի), տեղական շուկայի գնողունակության իջեցումը, արտագաղթը եւ այլն։ Կառավարությունը, իմ կարծիքով, պետք է ձեւավորի համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ կտան զարգացնել արտադրության մասնակիցների եւ ձեռնարկությունների քանակը եւ, ինչու չէ, կառավարությունն ինքը պետք է հանդիսանա երաշխավոր՝ շահութաբեր արտադրական ծրագրերին կրեդիտային ռեսուրսների տրամադրման հարցում, բարելավելով արտադրական ընդհանուր դաշտը եւ վերացնելով ֆինանսական խոչընդոտները։ ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ «Նաիրիտ» ԲԲԸ փոխտնօրեն, ՀՀ ապրանք արտադրողների միության վարչության նախագահության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել